Տնտեսական

07.10.2011 14:56


Գնաճի աննախադեպ թափը սոցիալական լարվածություն է առաջացնում Գյումրիում

Գնաճի աննախադեպ թափը սոցիալական լարվածություն է առաջացնում Գյումրիում

Սեպտեմբերին արձանագրված հերթական գնաճը կրկին սոցիալական դժգոհությունների առիթ է տալիս Գյումրիում: Ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում գնտվող երկրորդ քաղաքի բնակիչները, բուռն գնաճի և աշխատավարձերի ոչ համաչափ բարձրացման պայմաններում, հայտնվում են անելանելի դրության մեջ: Տնտեսագետ Արմեն Քթոյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակի պատճառներից մեկը չհաղթահարված տնտեսական ճգնաժամն է.

–Բնակչության կենսամակարդակի նվազում մենք բոլորս կարող ենք տեսնել, և կարելի է ասել, որ միայն Հայաստանում այդպես չէ: 2008թ. տնտեսական ճգնաժամը դեռ հաղթահարված չէ: Հայաստանը չուներ այն տնտեսական պոտենցիալը, որը հնարավորություն կտար հաղթահարել ճգնաժամը:

Վերջինիս կարծիքով՝ կառավարությանը չի հաջողվել զսպել գնաճը և այն պահել նորմայի սահմաններում: Տնտեսագետը նշում է, որ  այս տարվա պետբյուջեով նախատեսված գնաճը չպետք է գերազանցեր 5,5 տոկոսը, սակայն այս նորմատիվը չի հաջողվել պահպանել։ Միայն օգոստոսին է հնարավոր եղել ապահովել այդ ցուցանիշը, որը, սակայն, պայմանավորված էր սեզոնայնությամբ: Ամառը գյուղանտեսական ապրանքների գները նվազում են: Սակայն սեպտեմբերին այդ գործոնի ազդեցությունը նվազում է, և գնաճը գերազանցում է պետբյուջեով նախատեսված սահմանը:

Իսկ սոցիոլոգ Լուսինե Ղուկասյանը կարծում է, որ դժվարին սոցիալ-տնտեսական պայմաններում առաջնահերթ պետք է կատարելագործվեն սոցիալական պաշտպանության ինստիտուտները, ինչը, սակայն, չի արվում.

–Պասիվ սոցիալական քաղաքականություն է իրականացվում, և սոցիալական ինստիտուտների գործունեությունը չի բավարարում, և չկա լիարժեք պաշտպանական համակարգ, որը կկարողանա այս կամ այն չափով մեղմել սոցիալական լարվածությունը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը