Լրահոս

07.11.2011 09:43


Ադրբեջանական բանակը «խեղդամահ» է լինում

Երբ մենք խոսում ենք ադրբեջանական բանակի անմխիթար վիճակի մասին՝ երևան հանելով այդ պետության զինված ուժերի բոլոր թերությունները, այդ թվում՝ կոռումպացված գեներալիտետի ամլությունը, շատերին թվում է, թե սա միտված է քարոզչական դաշտում հարձակումներ կատարելուն, կամ էլ հայ հասարակությանը համոզելուն, թե տեսեք-տեսեք այլ երկրներում բանակները ինչպիսի վատ վիճակում եմ գտնվում: Մինչդեռ Ադրբեջանի բանակը իսկապես ծանր կացության մեջ է, հակառակ դեպքում հայ լրագրողների և փորձագետների համար անհնարին կլիներ մատնացույց անել դրա թույլ կողմերը:

«Ադրբեջանական բանակում զինվորների բռնաբարությունը մասսայական բնույթ է կրում»

 

Հարևան երկրի բանակում այս տարի գրանցվել են բռնաբարությունների և դեդովշինայի բազմաթիվ դեպքեր: Սպաների կողմից բռնաբարության զոհ են դարձել ինչպես շարքային զինվորներ, այնպես էլ հասարակ քաղաքացիներ: Օրինակ՝ այս տարվա մարտ ամսին զինված ուժերի զորմասերից մեկում ավագ լեյտենանտ Անար Ազիզովը երկար ժամանակ բռնաբարել է նորակոչիկներից մեկին, ով այդ մասին պատմել է իր ծառայակից ընկերներին: Խոսակցության ընթացքում պարզվել է, որ ավագ լեյտենանտը բռնաբարել է ևս 6 զինծառայողների, գրում է criminalazerbaijan.com-ը՝ եզրահանգելով, որ «ադրբեջանական բանակում զինվորների բռնաբարությունը մասսայական բնույթ է կրում»: Հոկտեմբեր ամսին էլ ադրբեջանական բանակի 4 սպաներ մի կնոջը խաբեությամբ տարել էին զորանոց, բռնաբարել ու ծեծել: Սակայն տուժողը կարողացել էր փախչել ու ամեն ինչ պատմել ոստիկանության աշխատակիցներին:

Երկրի բանակի ղեկավարությանը բնորոշ է նաև զինվորներին որպես բանվորական ուժ օգտագործելը: Այս առնչությամբ «Ենի Մուսավաթ» թերթը վերջերս գրել էր. «Իրականում նման երևույթները ադրբեջանական բանակում մեծ տարածում ունեն: Բարձրաստիճան սպաները ստիպում են զինվորներին կատարել խոզ պահողների աշխատանք, խնամել ոչխարներին և կառուցել ցանկապատեր սեփական ագարակներում և շքեղ առանձնատներում: Այս երևույթը հատկապես տարածված է Նախիջևանում»: Թերթ նաև հավելել է, որ ԶՈՒ-ում բազմաթիվ դեպքեր կան, երբ զինվոներին որպես աշխատուժ արտահանել են Իրան: Այս բոլոր դեպքերի վերաբերյալ երկրի պաշտպանության նախարարությունը կա՛մ մեկնաբանություններ բացարձակապես չի արել, կա՛մ էլ հաղորդել է, որ «այդ տեղեկությունները տարածում են հայերը»:

Կոռումպացված բանակ

Չնայած այն հանգամանքին, որ երկրի ռազմական բյուջեն տարեց տարի աճում է, Ադրբեջանի զինված ուժերի, մասնավորապես՝ սպայական անձնակազմի պայմանները օր օրի ավելի են վատթարանում:   «Զինծառայոցների սոցիալական ապահովության հարցը գտնվում է ամենացածր մակարդակում»,- իրենց ուսումնասիրությունների արդյունքում նման եզրահանգման են եկել լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի փորձագետները: Այդ պատճառով էլ Ադրբեջանի զինած ուժերում աճել է կաշառակերությունը: Ադրբեջանի զորամասերում սպաները գումար են հավաքում ինչպես արձակուրդ տրամադրելու, այնպես էլ զինվորներին մի ծառայությունից մյուսը տեղափոխելու համար: Այսպես` Tia.az լրատվական պարբերականին էին դիմել մի խումբ մարդիկ` դժգոհելով բանակում տիրող համատարած կաշառակերությունից: Ըստ լրատվամիջոցի` զինվորներին մեկ շաբաթյա արձակուրդ ձևակերպելու համար պահանջում են 50-100 մանաթ (60-120 դոլլար), եթե տվյալ զինվորն այդ ժամանակահատվածը օգտագործելու է հարսանիքի, ծննդյան տոնի և այլ հանդիսավոր արարողություններին մասնակցելու համար, ապա կաշառքը կարող է հասնել մոտ 150 մանաթի: 2007 թվականից էլ Ադրբեջանի բանակում տիրում է զինվորներին մի ծառայությունից մյուսը տեղափոխելու «սակագնային պլանը»: Տվյալ պարագայում գանձվող գումարի չափը կախված է զինվորի պարտականություններից և պատասխանատվությունից: Ասենք բժշկական կետ տեղափոխվելու համար ադրբեջանական բանակի զինվորից պահանջվում է 2000-3000 մանաթ, շտաբ՝ 1500-2000 մանաթ, ստեղծագործական բաժին՝ 1500 մանաթ, մթերքների պահեստ՝ 1200-1500 մանաթ և այլն:

Մեր հարևան երկրի ամենակոռումպացված զինվորականը հենց պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն է: Դեռևս հուլիս ամսին Ադրբեջանի ռազմական ակադեմիայի ուսանողները նամակը էին հղել լրատվամիջոցներին` խիստ քննադատության ենթարկելով ուսումնական հաստատության ղեկավարությանն ու ամբողջ պաշտպանության նախարարությանը: Նամակում ուսանողները բողոքում էին անտանելի կաշառակերությունից և հարցնում, թե ինչպես է մոտ 2000 դոլար աշխատավարձ ունեցող Պնախարար Սաֆարը Աբիևը միլիոնավոր դոլարների հասնող շքեղ առանձնատուն գնում: Այս խնդրի լուծման վերահսկողությունն իր վրա էր վերցրել անձամբ երկրի նախագահ Իլհամ Ալիևը: Սակայն առ այսօր Աբիևը որևէ տույժի չի արժանացել, ավելին՝ Պնախարարը ԶՈՒ-ում սեփական դիրքերն ամրապնդելու նպատակով սկսել է միտումնավոր կերպով բանակի բարձրաստիճան պաշտոնյաներին նշանակել իր հարազատներին: Ավելի քան տասը տարի է, ինչ Աբիևն իշխում է Ադրբեջանի բանակում: Օրերս «Պոլիգոն» ադրբեջանական գործակալությունը գրել էր, որ այդ ընթացքում Աբիևը և գեներալները հասցրել են «խեղդամահ» անել սեփական բանակը:

Տարին դեռ չփակված` զոհերի թիվը կազմել է 89 հոգի

Վերոհիշյալ բոլոր խնդիրների հետ մեկտեղ ադրբեջանական բանակում հանցավորության աստիճանը հասել է կրիտիկական սահմանների: ԶՈՒ-ում տեղի ունեցած հանցագործությունների մեծ մասը մնում են չբացահայտված: Սպանությունները որակվում են որպես պատահաբար մահեր, ինքնասպանություններ, մահ հիվանդության պատճառով և այլն: Միայն հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի բանակում գրանցվել է 5 մահվան դեպք: Այդ դեպքերից մեկը, ըստ պաշտոնական հաղորդագրության, տեղի է ունեցել մեքենայի անիվի պայթյունի հետևանքով: «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի Սումգայիթի շրջանում տեղակայված զորամասում զինծառայող Ջավիդ Ալիևը մահացել է զինվորական մեքենայի անիվը փչելու պահին՝ նույն անիվի պայթունի հետևանքով: Այս հաղորդագրությունը միայն զավեշտ է առաջացնում կարդացողի մտքում, մինչդեռ ադրբեջանական լրահոսում նման որակումներ բազմաթիվ են: Մյուս 3 զինծառայողները զոհվել են հիվանդության պատճառով, իսկ մեկը՝ հոսանքահարումից: Ադրբեջանական լրատվամիջոցները, ինչպես նաև պաշտպանության նախարարությունը սահմանափակվում են նմանաբնույթ հակիրճ և երկակի ընկալվող հայտարարություններով: Որպես օրենք հիշյալ դեպքերի մասին այլևս չի խոսվում:

Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնն այդ երկրի ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքների հիման վրա կատարած ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ 2011 թվականի հունվարի մեկից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում երկրի անվտանգության և պաշտպանության հատվածի կորուստները կազմել են 89 հոգի: Ըստ այդ ուսումնասիրության՝ հիշյալ ժամանակահատվածում 90 հոգի վիրավորվել կամ վնասվածք է ստացել, հաղորդել է Milaz.info-ն: Կենտրոնի փորձագետների հաշվետվություններում նշվում է, որ 2004 թվականից ի վեր ադրբեջանական բանակի կորուստների վերաբերյալ այդ ցուցանիշն ամենաբարձրն է: Մարտական կորուստները այստեղ չնչին թիվ են կազմում (11 հոգի), ուստի կենտրոնը մտահոգություն է հայտնել, առ այն, որ Ադրբեջանում ռազմական բյուջեի հետ մեկտեղ աճում է նաև զոհերի թիվը: Սա ենթադրում է, որ այդ գումարը սխալ է ծախսվում և ընդհանրապես երկրի զինված ուժերը համակարգային փոփոխության կարիք ունեն: «Դոկտրինա»-ի մեկ այլ հաշվետվության համաձայն՝ 1994-2010 թվականներին երկրի զինված ուժերում գրանցվել է 3500 զոհ: Այս տվյալները կարելի է համարել «նկարված», քանի որ իրականում զոհերի թիվը շատ ավելի է ներկայացվածից. 2010 թվականի ամռանը «Human Rights Watch» կազմակերպության տվյալներով՝ վերջին 15 տարում, այսինքն` հրադադարից հետո, մահացած ադրբեջանցի զինվորների թիվը գերազանցում էր 5000-ը: Այսինքն՝ ադրբեջանական կենտրոնը զգալի չափով նվազեցնում է մահացությունների իրական թիվը:

Բացի այդ, Ադրբեջանի պարագայում բացակայում է հասարակական հսկողության գործոնը, որն իր հերթին նպաստում է երկրի ԶՈՒ-ում ոչ կանոնադրական բարքերի տարածմանը: Այստեղ սպանված զինվորների ծնողները չեն կարող դուրս գալ բողոքի ակցիայի, քանի որ նշանակված վայր չհասած՝ նրանց կձերբակալեն, ինչը չես ասի Հայաստանի մասին: Այս ֆոնի վրա զարմանալի է ու նույնիսկ զավեշտ են առաջացնում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի նախագահի այն հայտարարությունները, թե իրենց բանակը ամենամարտունակն է տարածաշրջանում և հավանական պատերազմում իրենք հաղթանակ կտանեն:

Գևորգ Թոսունյան

Այս խորագրի վերջին նյութերը