Լրահոս

06.10.2011 16:20


Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները կարճատև առանձնազրույց են ունեցել

Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարճատև առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ և վերջինիս ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերին: Այս մասին հայտնեցին ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից :

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող երկրների և Աֆղանստանում Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության ներքո ստորաբաժանումներ տրամադրած երկրների ձևաչափերով պաշտպանության նախարարների հանդիպումներին:

Առաջին հանդիպման ընթացքում քննարկվել է անվտանգության իրավիճակը Աֆղանստանում և 2014թվականից անդին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ոչ-մարտական բնույթի ներկայության պահպանման ռազմավարական պլանի նախագիծը: Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության կազմում զորքեր ունեցող 17 երկրների պաշտպանության նախարարները ընդունել են համատեղ հայտարարություն:

ՆԱՏՕ-ի կենտրոնակայան կատարած այցի շրջանակներում երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ: Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագրին, Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին և այդ ուղղությամբ Դաշինքի աջակցությանը վերաբերող հարցեր: Հայաստանի պաշտպանության նախարարը կարևորել է տարածաշրջանում Դաշինքի հավասարակշռված քաղաքականությունը, մասնավորապես հակամարտությունների կարգավորման զգայուն գործընթացում:

Նույն օրը Սեյրան Օհանյանը հանդիպել է Գործողությունների դաշնակցային հրամանատար, Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի հետ: Քննարկվել են ՆԱՏՕ-Հայաստան և ԱՄՆ-Հայաստան ռազմական համագործակցության ընթացքն ու հեռանկարները: Ծովակալ Ստավրիդիսը ողջունել է Հայաստանի ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին Կոսովոյում և Աֆղանստանում և բարձր գնահատել նրանց մարտական պատրաստությունն ու մասնագիտական հմտությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել աջակցելու փոխգործունակ կարողությունների հետագա զարգացմանը: Կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Այս խորագրի վերջին նյութերը