Հարցազրույց

06.10.2011 15:09


Հովհաննես Սահակյան

Հովհաննես Սահակյան

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն ՏերՊետրոսյանն իր երեկվա ելույթում հայտարարեց, որ այսպիսի թալան սեփական ժողովրդի նկատմամբ, որն իրականացնում են այսօրվա իշխանությունները, ո՛չ մոնղոլները, ո՛չ թուրքերը, ո՛չ ոք չի արել, և այսօրվա իշխանություններին անվանեց տականքներ, ավազակներ ու սրիկաներ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

–Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ ՀԱԿ–ում այս յոթօրյա հանրահավաքում օրակարգ լցնելու խնդիր ունեն և խոսում են ամեն ինչից։ Իսկ երբ հասկանում են, որ ժողովուրդն իրենց կոչերին համարժեք պատասխան չի տալիս՝ վանկարկումներով, ոգևորությամբ, էներգիայով, և հանրահավաքի մասնակիցների հետ կոնտակտը չի ստացվում, սկսում են խուճապահար տարբեր թեմաներ փնտրել և սկսել՝ ինչից կարող են։ Երբ դասախոսը լսարանում խոսում է և հասկանում, որ լսարանն իր հետ կոնտակտի մեջ չէ, փոխում է թեմաները, որպեսզի գտնի այն թեման, որի միջոցով ինքը կարող է կոնտակտի մեջ մտնել։ Տեր–Պետրոսյանը երբ խոսում է թալանից, մենք էլ ուզում ենք մեկ–երկու հարց ուղղել նրանց՝ ձեր հարթակում կանգնած մարդկանց 80 տոկոսը ձեր իշխանության օրոք ինչո՞վ է զբաղվել՝ կոռուպցիայով զբաղվե՞լ է, թալանով զբաղվե՞լ է, թե՞ ոչ, գործարանները սիմվոլիկ գումարով՝ մեկ–երկու լումայով, սեփականաշնորհե՞լ է, թե՞ ոչ, հսկայական ռազմավարական նշանակություն ունեցող մետաղները ջարդոնի տեղ վաճառե՞լ է հարևան տարբեր երկրներին, թե՞ ոչ։ Նման հարցեր մենք շատ կարող ենք տալ, ուղղակի այս ամենը քաղաքական դաշտը վեր է ածում խեղկատակության, և մենք չենք պատրաստվում իրենց թատրոնի մեջ որոշակի դերակատարություն ունենալ։ Մենք ընդամենը կարող ենք կողքից դիտել, որովհետև քաղաքական լուրջ հարցադրումներ չկան։ Եվ ամբողջ ժողովրդի աչքի առաջ քննարկում են զուգարանի թեման, տարբեր անհեթեթ հարցեր, և Լևոն Տեր–Պետրոսյանը բաց ասուլիս է հրավիրում՝ մենախոսության վերածելով իր ամբողջ ելույթը՝ հստակ հարցադրումներով, հստակ շեշտադրումներով։

Այսինքն, նախապես պատրաստված և իրենց ձեռնտու հարցե՞ր էին։

Իհա՛րկե, նախապես պատրաստված էին. մի շարք հարցադրումներ հուշում էին։ Այդ բոլոր խոսակցություններից տպավորությունն այնպիսին է, որ Լևոն Տեր–Պետրոսյանը հիշողությունն իսկապես կորցրել է և ՀՀՇ–ի անցած ճանապարհը, ՀՀՇ–ի վարկանիշը, իրեն ուղղված ժողովրդի վանկարկումները՝ «Լևո՛ն, հեռացի՛ր», մոռացել է։ Տպավորությունն այնպիսին է, որ Տեր–Պետրոսյանը երկնքից ոտքերն ամպոտ է իջել,և հրեշտակապետը փորձում է փրկել մեր երկիրը։ Չի՛ կարելի. քաղաքականության մեջ որոշակի ցենզուրա կա, որոշակի սահման, որը չի կարելի անցնել։ Իր կողքի խամաճիկներին հավաքել է, ՀՀՇ ԲՏՌ կանանց կենդանացրել են, ու եթե ուշադիր նայեք, նրանց վանկարկումներն այդ կանացի ղժղժոցն է, ժողովրդի կողմից այլ բան չկա, և պետք չէ վերադառնալ հնին։ Գոնե Լևոն Տեր–Պետրոսյանը 1996–ի հետ զուգահեռներ չպետք է տաներ, որովհետև գիտեն, որ Հայաստանի պատմության մեջ (ոչ միայն նորանկախ մեր պետության, այլ կարող ենք իջնել մինչև նախնադար) նման խայտառակ ընտրություններ չեն եղել։ Պետք չէ հիշել, ու հատկապես Լևոն Տեր–Պետրոսյանը, և ինչ–որ զուգահեռներ տանել որևէ ընտրության հետ։

Լևոն ՏերՊետրոսյանը ՀՀԿին անվանեց նաև օպորտունիստներ և ընդհանրապես կուսակցություն չհամարեց։

–Նշեմ միայն, որ Հանրապետականն այն քաղաքական ուժն է, որ, սկսած արցախյան հերոսամարտից, անկախության բանակի հիմնադրումով՝ Աշոտ Նավասարդյանի գլխավորությամբ, այս պետության ակունքներում է եղել, ու իր միակ և հիմնական գաղափարը պետության հզորացումն է, անկախության գաղափարի ծաղկեցումը։ Եթե դրա մեջ օպորտունիզմ կա, ուրեմն իր դրսի դասախոսությունները Լևոն Տեր–Պետրոսյանն այլ տեղ պետք է կարդա և ոչ թե այստեղ։

Ներքոհիշյալ կարծիքը ՏերՊետրոսյանը մի քանի անգամ հնչեցրել է և երեկ նույնպես հայտարարեց, որ արտագաղթի օբյեկտիվ պատճառը հայթուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հարցի չկարգավորված լինելն է, որը չկարողացան լուծել բոլոր երեք նախագահներն էլ։

–Հայտնի կիսահումորային ասացվածք կա՝ ծերուկը դարձել է անտանելի։ Քո պայքարն ինչի՞ դեմ է, եթե դու չես կարողացել դա լուծել։ Եթե քո համար նպաստավոր պայմաններ կային, երկիրը նոր էր անկախացել, եթե հիմնաքար դնողը դո՛ւ էիր, և կարող էիր այնպես դնել, որ ամեն ինչ նորմալ կառուցվեր, և այսօր խնդիր չունենայինք, և եթե կոռուպցիայի հիմնադիրը դու ես, եթե թալանի հիմնադիրը դու ես, քո ժամանակահատվածում է դա եղել, ինչպե՞ս ես այսօր խոսում։ Հիմա իրենք կարող են պատասխանել, որ Լևոն Տեր–Պետրոսյանն իր աշխատասենյակում էր և չէր մասնակցում դրան, պատասխանատուներն այլ մարդիկ էին և այլն։ Բայց միշտ էլ ավելի հեշտ է մեղքն ուրիշի վրա գցելը։ Եթե երկրի ղեկավարը դու ես, տվյալ ժամանակահատվածի պատասխանատուն դու ես, ուրեմն բոլոր ոլորտների համար դու ես պատասխանատվություն կրում, այլապես տեղում չես եղել։ Եթե դու նորից ուզում ես վերադառնալ ու նորի՛ց տեղում չլինել, կներե՛ք, բայց դա ոչ հարգալից վերաբերմունք է մեր ժողովրդի հանդեպ։ Եվ մի բան էլ՝ Տեր–Պետրոսյանն անընդհատ խոսում է ժողովրդի անունից, հին հունական մտածողներից մեկն ասել է՝ կգա՛ ժամանակը, երբ ժողովրդի անունից բոլորը կխոսեն, բայց քչերը կգործեն ժողովրդի համար։ Այսօր մենք հասկանում ենք, որ այդ ժամանակն է։

Չե՞ք կարծում, որ նմանատիպ հայտարարությունները կամա թե ակամա բխում են Ադրբեջանի և Թուրքիայի շահերից։ Նրանք ուղղակի կերազեին, որ Հայաստանի հարթակում կանգնած ընդդիմությունը հայտարարեր՝ եթե Ղարաբաղի հարցը չլուծվի, սահմանները չբացվեն, մենք կկործանվենք։

–Հայ ազգի ներկայացուցիչը՝ քաղաքացուց մինչև երկրի նախագահ, նաև միջանկյալ քաղաքական գործիչները, ընդդիմության ղեկավարը և այլոք, անկախ իրենց դիրքից, պաշտոնից և տվյալ ժամանակահատվածում հասարակության ընկալման տեսանկյունից իր գրաված դիրքից, պետք է ցանկացած գործողություն կատարի ազգի շահերից ելնելով։ Եթե դու ուզում ես ինչ–որ հանգրվանի հասնել, դա չպետք է անես ազգի ավելի հեռանկարային ծրագրերը ոտնահարելով, խոչընդոտելով, այլոց ջրաղացին ջուր լցնելով։

Որքան էլ զավեշտալի է, բայց, ցավոք, փաստ է, որ ՀՀ առաջին նախագահը հարթակում կանգնած դիմեց երկրի նախագահին, իր ասելով, առաջին անգամ անձնական խնդրանքով, որպեսզի Սերժ Սարգսյանը բացի զուգարանները։ ՀՀ նախագահը կանդրադառնա՞ այդ խնդրանքին։

–Զավեշտը պատկերացնո՞ւմ եք՝ ուր է հասել։ Լևոն Տեր–Պետրոսյանը խոսելու որևէ թեմա չունի, խոսում է արտաքնոցներից։ Եթե մասնավոր սրճարաններ կան, որոնց հետ կապը նաև կարող է իրենց հետ լինել որոշակի առումով, և այդ մասնավոր սրճարանները փակել են, դա պետության խնդիրը չէ։ Ամո՛թ է նման հարցադրումը, երբ, իրենց ասելով, սահմանադրական կարգ հաստատող ընդդիմությունն իր պահանջների 8–րդ կետը պաշտոնապես լրացնում է արտաքնոցների տրամադրման և բաց լինելու հարցով։ Ազգովի մի լավ խայտառակ ենք լինելու։ Նույն իրենց միտինգների գլխավոր դերակատարը՝ Նիկո՞լ, ճի՞շտ եմ ասում, այդ Նիկոլն իրենից գոհ արտահայտություններ է անում՝ թող Գալուստ Սահակյանն իր խմբակցության պատգամավորներին վերցնի, որ գան հետո այդ գարշոկների պարունակությունը թափեն։ Պատգամավորները կգան, այդ գարշոկի պարունակության պես քե՛զ կգցեն ու ջուրն էլ կքաշեն։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը