Լրահոս

06.10.2011 14:26


Արմեն Մարտիրոսյան. «Դա Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից քաղաքավարական այց էր»

Արմեն Մարտիրոսյան. «Դա Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից քաղաքավարական այց էր»

Այսօր կայացած ասուլիսում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանում քաղաքական գործընթացներն սկսել են զարգանալ բացառապես նախընտրական տրամաբանության շրջանակներում։

Անդրադառնալով ՀԱԿ–իշխանություն երկխոսության հետագա ճակատագրին՝ բանախոսն ասել է, որ այն շարունակելը կամ չշարունակելն էական չէ, քանի որ այդ երկխոսության արդյունքում հասարակությունն իր խնդիրները լուծված չէր տեսնելու։

–Այդ երկխոսությունն ընդամենը երկու քաղաքական ուժերի միջև որոշակի հարաբերություններ հաստատելու և որոշակի ներքաղաքական խնդիրներ լուծելու գործընթաց էր,–ընդգծել է Ա. Մարտիրոսյանը:

«Ժառանգության» պատգամավորը մեկնաբանել է նաև կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի այցն Ազատության հրապարակ.

–Դա Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից քաղաքավարական այց էր, որի արդյունքում ինքը զորակցել և իր ողջույնն է տարել այն քաղաքացիներին, որոնք այսօր հրապարակում են, որոնց մեջ էին նաև շատ քաղաքացիներ, ովքեր հենց ի՛ր հացադուլին էին զորակցում:

Դիտարկմանը, թե ինչու ՀԱԿ առաջնորդը ժամանակին չմոտեցավ Ր. Հովհաննիսյանին, Ա. Մարտիրոսյանն ասել է.

–«Ժառանգությունն» այն քաղաքական ուժն է, և Րաֆֆի Հովհաննիսյանն էլ այն գործիչն է, ով երբեք դռներ չի փակում, կամուրջներ չի այրում, պիտակավորումներ չի տալիս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը