Լրահոս

05.10.2011 19:22


Վարչապետն ամբողջությամբ համաձայն է Գագիկ Ծառուկյանի հետ

Վարչապետն ամբողջությամբ համաձայն է Գագիկ Ծառուկյանի հետ

Վերջերս իր հարցազրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է մեր երկրի տնտեսական խնդիրներին և ասել, որ Հայաստանում այնպիսի պայմաններ պետք է ստեղծեն, որ մարդը մնա, աշխատի, ոչ թե այնքան նեղեն, որ թողնի նեղացած գնա երկրից:

«Դրա համար անհրաժեշտ է մեր աշխատող մարդկանց ձեռքերն ազատ թողնել: Պետությունն այսօր դեռ շատ բան չի կարող անել, որովհետև այդքան հարուստ չէ: Սակայն գոնե պետք է չխանգարի նաև կրպակի տիրոջը, խանութի առևտրականին, փոքր արտադրամաս ունեցողին, որ նրանք ոտքի կանգնեն, կայանան և իրենց հարկերով հարստացնեն նաև պետությունը: Իսկ եթե ձու բերող հավին մորթենք, այլևս ձու էլ չի լինի»,–մասնավորապես նշել էր ԲՀԿ նախագահը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ամբողջությամբ համաձայն է Գագիկ Ծառուկյանի այս հայտարարության հետ։ Այս մասին Տիգրան Սարգսյանն ասել է այսօր խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

–Դա մեր կոալիցիոն կառավարության կարևորագույն սկզբունքներից մեկն է՝ օժանդակել փոքր և միջին բիզնեսին,–նշել է ՀՀ վարչապետը։

Ինչ վերաբերում է այդ հարցազրույցում 2013թ. նախագահական ընտրություններում ԲՀԿ–ի թեկնածուի անունը չնշելու Գագիկ Ծառուկյանի քայլին, Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ իրենք ունեն 2011թ. փետրվարին ստորագրած կոալիցիոն հուշագիր, որը հստակ պատասխանում է երկու կարևոր քաղաքկան հարցերի՝ ինչպիսին է լինելու հարաբերակցությունը կոալիցիոն կառավարության ուժերի միջև, որ իրենք չեն պայքարելու միմյանց դեմ, այլ փորձելու են իրենց միասնական ուժերը բազմապատկել, և երկրորդ՝ կոալիցիոն ուժերը նախագահական ընտրություններում սատարելու են գործող նախագահին։

–Ես որևիցե հիմք չունեմ չվստահելու մեր կոալիցիոն գործընկերներին և համոզված եմ, որ նրանց գործունեության մեջ գործը և խոսքը համընկնում են,–ընդգծել է Տիգրան Սարգսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը