Լրահոս

05.10.2011 17:53


Ստյոպա Սաֆարյանը նորից Երևանի կրպակների ապօրինի ապամոնտաժման հարցն է վեր հանել

Ստյոպա Սաֆարյանը նորից Երևանի կրպակների ապօրինի ապամոնտաժման հարցն է վեր հանել

ԱԺ–ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը բարձրաձայնել է Երևանում ապամոնտաժվող կրպակների խնդրի մասին։ Սաֆարյանը բերել է Երևանի քաղաքապետարանի գրության մեջ նշված թվերը։ Համաձայն դրանց՝ Երևանում հաշվառված է մոտ 2800 կրպակ և տաղավար, որից 243 կրպակ ներկայացված է ապամոնտաժման։ Այդ 243-ից 19–ը չի գործում առհասարակ, իսկ 224-ը գործում է, բայց մի մասը պետական գրանցում չունի։ Նա կառավարության ներկայացուցիչներին դիմել է հարցով՝ ինչո՞ւ են ապամոնտաժվում նաև գործող կրպակները, եթե վարչապետը հայտարարել էր, թե ոչ մի գործող կրպակ չի ապամոնտաժվելու։

Հարցին պատասխանել է ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը.

-Ինչքան ես եմ հիշում, վարչապետի կողմից նմանատիպ ուղիղ ցուցում չի եղել և չէր էլ կարող լինել, որովհետև Երևանի քաղաքապետը կառավարությանը ենթակա մարմին չէ։ Ընդամենը կարող էր առաջարկություն լինել։ Եթե չեմ սխալվում, հենց առաջարկություն էլ եղել էր, և նշվել էր, որ անհատապես է պետք բոլորի հետ աշխատել, բոլոր խնդիրները քննարկել մեկ առ մեկ։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ այն, ինչ այսօր իրականացնում է Երևանի քաղաքապետարանը, իրականացնում է բացարձակապես սեփական լիազորությունների շրջանակներում։ Իսկ եթե կան խնդիրներ, և քաղաքացիները համաձայն չեն որոշումների հետ, ապա գործող օրենսդրությունը հնարավորություն է տալիս դիմել դատարան։

Սաֆարյանն իր հերթին առարկել է.

-Ես համաձայն չեմ, որ այդ բոլոր հարցերը պետք է միայնակ լուծի Երևանի քաղաքապետարանը։ Օրենքն ասում է, որ Երևան քաղաքը կառավարվում է համատեղ՝ կառավարության ու քաղաքապետի կողմից։ Դուք ինքներդ եք կառավարության ներկայացուցիչ, պիտի հիշեք օրենքի այդ համարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը