Լրահոս

04.10.2011 13:14


Քննարկվել են հայ-չեխական քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Հոկտեմբերի 3-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության Առաջին փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի (Karel Schwarzenberg) հետ: Չեխ բարձրաստիճան պաշտոնյան շնորհավորեց դեսպանին Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձի առթիվ եւ համոզմունք հայտնեց, որ Չեխիայում ՀՀ դեսպանության բացումը կարեւոր խթան կհանդիսանա երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-չեխական քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Պարոն Շվարցենբերգը հատկապես կարեւորեց համագործակցության հեռանկարները մշակույթի եւ, միգուցե նաեւ՝ ատոմային էներգետիկայի բնագավառներում:

Զրուցակցի խնդրանքով դեսպան Սեյրանյանը ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ ՀՀ մոտեցումները: Անդրադարձ եղավ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին, մասնավորապես` կազանյան հանդիպմանը, որը բեկումնային չեղավ, որովհետեւ Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը: Տիգրան Սեյրանյանը նշեց, որ Հայաստանը հավատարիմ է մնում հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը, սակայն պատրաստ է նաեւ Ադրբեջանի կողմից ռազմական նոր արկածախնդրության դեպքում խաղաղություն պարտադրել նրան:

Այս խորագրի վերջին նյութերը