Լրահոս

04.10.2011 13:11


Վահան Հովհաննիսյան. «Տեր–Պետրոսյանի ամբողջ այդ ելույթն ուղղակի ինքնաարդարացմանն է ուղղված»

Վահան Հովհաննիսյան. «Տեր–Պետրոսյանի ամբողջ այդ ելույթն ուղղակի ինքնաարդարացմանն է ուղղված»

Երեկ Ազատության հրապարակում հրապարակային հարցազրույցի ժամանակ Լևոն ՏերՊետրոսյանն անդրադարձել է իր իշխանության տարիներին քաղբանտարկյալների առկայության մասին հարցին և ասել, որ դաշնակցական քաղբանտարկյալներ ասելով՝ նկատի ունեն «Դրոյի գործը» և «31-ի գործը»:

Բացվել էր նարկոտիկի տեղափոխման գործ։ Մենք Ռուսաստանի անվտանգության ուժերի հետ համատեղ գործողությամբ բացահայտեցինք, որ այնտեղ գործում է մի հզոր տեռորիստական խումբ, հետո պարզվեց, որ նրանք դաշնակցականներ են: Եթե նրանք քաղբանտարկյալ էին, ապա ինչո՞ւ Դաշնակցությունը չազատեց նրանց՝ անգամ իր իշխանության օրոք: Մի բան էլ ասեմ ու ավարտեմ՝ «Դրոյի գործը» բացահայտել է Դավիթ Շահնազարյանը, իսկ «31-ի գործը» բացահայտել և ամբողջ քննությունը վարել է ներքին գործերի նախարար Սերժիկ Սարգսյանը,–հայտարարել էր Լևոն Տեր–Պետրոսյանը։

Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «7օր»–ին ասել է, որ նման հայտարարությունները հաշվարկված են հրապարակում հավաքվածների իրավական գիտելիքների բացակայության և ընդհանրապես մեր հասարակության մեջ իրավական մտածելակերպի ցածր զարգացման վրա:

Բանն այն է, որ ճարպկորեն նենգափոխվում է իրականությունը հետևյալ կերպ։ Շատերը մոռացել են, որ «Դրոյի գործը» և «31-ի գործը» բոլորովին տարբեր բաներ են։ «Դրոյի գործով», ըստ ամենայնի, ապացույցները բավարար էին ասելու, որ կային ձերբակալված մարդիկ, ովքեր քրեական հանցագործություն են կատարել։ Սակայն նրանց կուսակցական պատկանելությունը բացարձակապես իրավունք չէր տալիս ղեկավարությա՛նը ձերբակալել և քաղաքական կուսակցությունը հայտարարել օրենքից դուրս։ Այ, սա՛ արդեն քաղաքական հետապնդում է։ Թող ձևեր չթափեն։ Իսկ «31-ի գործը» «Դրոյի գործի» հետ որև՛է առնչություն չունի։ «31-ի գործով» նստել եմ ե՛ս։ Մենք մեղադրվել ենք իշխանության դեմ պայքարի համար։ Իշխանությունն ասում էր, որ մենք այդ պայքարի մեջ անցել ենք որոշակի սահման և պատրաստվել ենք իշխանությունը տապալել հակասահմանադրական ձևով, այսինքն՝ զենքի ուժով։ Որ նրանք դա չեն կարողացել ապացուցել, դա փաստ է։ Որովհետև եթե կարողանային ապացուցել, մենք կստանայինք ոչ թե չորս տարի կոչերի համար, այլ կստանայինք շատ ավելի ծանր դատավճիռներ։ Միևնույն ժամանակ ասեմ, որ այդ պայքարի մեջ մենք, իհարկե, պատրաստ էինք կիրառել ցանկացա՛ծ մեթոդ, որովհետև արդեն ոստիկանությունը կրակել էր ժողովրդի վրա, կրակե՛լ էր խաղաղ ցուցարարների վրա։ Եվ երբ իրենք մարտի 1ից են խոսում, թող հիշեն, թե ինչ էին անում իրե՛նք 1994-95թթ. ցուցարարների նկատմամբ, երբ առաջին անգամ Օպերայի հրապարակում ոստիկանները կրակեցին ժողովրդի վրա,–«7օր»–ին տված հարցազրույցում ասել է Վահան Հովհաննիսյանը։

Ի դեպ, վերը նշված հարցազրույցում Լևոն Տեր–Պետրոսյանը պնդել էր, թե 1996թ. սեպտեմբերի 26-ին Սերժ Սարգսյանն ասել է՝ պետք է կրակել ժողովրդի վրա, սակայն ինքը հրահանգել է օդ կրակել։

Միգուցե մարտի 1ին էլ հրաման տվողներն ասել են՝ օ՛դ կրակել։ Եկեք հրամանները հիմա չքննարկենք, ես գրավոր այդ հրամանը չեմ տեսել։ Բայց այն ժամանակ ժողովրդի վրա կրակել են, պարզապես այն ուրիշ ժողովուրդ էր՝ Ղարաբաղում կռված ժողովուրդ էր, և կարողացավ արագ գրոհով զինաթափել ու կոտրել ոստիկաններին և նրանց, ովքեր այն ժամանակ իրենց երկրապահ էին հռաչել՝ իրական երկրապահ չլինելով։ Այդ ժամանակ դրա համար էլ զոհեր չեղան։ Բայց դա դիմադրության մակարդակից է եղել, ոչ թե՝ նրանք չէին ուզում կամ օդ էին կրակում։ Իգոր Մուրադյանից հարցրեք, թե նրանք ում վրա էին կրակում։ Այս առումով ՏերՊետրոսյանի ամբողջ այդ ելույթն ուղղակի ինքնաարդարացմանն է ուղղված,–արձագանքել է Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ «Դրոյի գործով» դատարանի կողմից որոշ մարդկանց հանցագործության հաստատած փաստը քաղաքական կուսակցության դեմ օգտագործելը կոչվում է քաղաքական հետապնդում, և դրա՛ հետևանքով բանտում հայտնվածներն արդեն քաղաքական բանտարկյալներ են։

ՀՅԴ խմբակցության ղեկավարն ընդգծել է նաև, որ միջազգային կազմակերպությունների այդ տարիների տարբեր զեկույցներ կան, որտեղ իրենց նկարագրում են որպես քաղբանտրակյալների։

Ինչ վերաբերում է Տեր–Պետրոսյանի այն հայտարարությանը՝ եթե նրանք քաղբանտարկյալ էին, ապա ինչո՞ւ Դաշնակցությունը չազատեց նրանց՝ անգամ իր իշխանության օրոք, Վ. Հովհաննիսյանը նկատել է.

Իմ կամ Արմեն Ռուստամյանի մեղադրական եզրակացության մեջ բաց տեքստով գրված էր, որ այս մարդիկ դադարել էին հավատալ, որ Հայաստանում հնարավոր է ընտրությունների ճանապարհով իշխանափոխություն իրականացնել և պատրաստ էին դիմել զենքի։ Այս տողն իմ կենսագրությանը, բացի դրական գնահատականից, ոչինչ չի ավելացնում։ Հիմա ես պիտի պայքարեմ դատախազություններով ու դատարաններում, որ իմ կենսագրությունից այդ հատվածը հանե՞ն։ Չե՛մ ուզում։ Այ, հենց դրա՛ համար էլ մենք չենք դիմել արդարացման համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը