Լրահոս

04.10.2011 10:50


Կրպակների ապամոնտաժման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ ամփոփում

Սույն թվականի մարտի 14-ից մինչև հոկտեմբերի 1-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Երևանի տարածքում գտնվող 75 կրպակների սեփականատերերից ստացել է 56 անհատական և 1 կոլետիվ բողոք: Անհատական դիմումների ուսումնասիրության արդյունքում  պատկերը հետևյալն է.

  • 7 կրպակատերեր ունեն հողի վարձակալության իրավունքը հաստատող հստակ և դեռևս չսպառված ժամկետով փաստաթղթեր:  Այս կրպակների ապամոնտաժումն ապօրինի է:
  • 15 կրպակատերեր ունեն հողի վարձակալության իրավունքը հաստատող անորոշ ժամկետով փաստաթղթեր: Այս կրպակների ապամոնտաժումը կարող է լինել օրինական միայն երեք ամիս առաջ սահմանված կարգով կրպակների սեփականատերերին ծանուցելու դեպքում:
  • 25 կրպակատերեր չունեն հողի վարձակալության իրավունքը հաստատող իրավաչափ փաստաթղթեր: Այս կրպակների ապամոնտաժումն օրինական է:
  • 9 դիմումներ դեռևս ուսումնասիրության փուլում են:

 

Նշված ուսումնասիրությունների և Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունքում կասեցվել է 56 կրպակներից 22-ի ապամոնտաժումը: Այս համատեքստում դրական են գնահատվում Պաշտպանի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի գործակցության ներկայիս արդյունքները, ինչպես նաև վերջինիս պատրաստակամությունը՝ ապամոնտաժման գործընթացում ուսումնասիրել յուրաքանչյուր կրպակի իրավական հիմքերը և պահպանել օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը:

 

Այդուհանդերձ, մտահոգվելով առանց օրինական հիմքերի գործող կրպակների սեփականատերերի սոցիալական վիճակով՝ Պաշտպանն առաջարկում է ՀՀ կառավարությանը հնարավոր միջոցներ ձեռնարկել անապահով կրպակատերերի ընտանիքների կենսապահովման խնդիրների լուծման համար: Միևնույն ժամանակ Պաշտպանը կոչ է անում բոլոր հասարակական և բարեսիրական կազմակերպություններին, ինչպես նաև խնդրով  հետաքրքրված այլ  անձանց ու կառույցներին աջակցել օրենքով ապամոնտաժման ենթակա կրպակատերերի սոցիալական խնդիրների լուծմանը:

 

Հայտնենք նաև, որ ՀՀ սահմանադրական դատարանում կրպակների ապամոնտաժման գործընթացի օրինականությունը վիճարկելու խնդրանքով Պաշտպանին կոլեկտիվ դիմում էին ներկայացրել  19 կրպակատերեր: Դիմումի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու հիմքեր չկան, քանի որ ՀՀ Սահմանադրության 100 և 101 հոդվածների համաձայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարող է վիճարկել միայն նորմատիվ ակտերի սահմանադրականությունը, իսկ կրպակների ապամոնտաժումը գործընթաց է, որի իրավական հիմքում եղած ՀՀ քաղաքաքացիական օրենսգրքի հողի վարձակալությանն առնչվող դրույթներն ինքնին հակասահմանադրական չեն:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը