Լրահոս

03.10.2011 17:23


Սեյրան Օհանյանը այցելել է Արցախի Պաշտպանության բանակ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եռօրյա աշխատանքային այցով` սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը գտնվում էր Լեռնային Ղարաբաղում:

Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի հետ եղել է Պաշտպանության բանակի կենտրոնական, հյուսիսարեւելյան եւ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասերում եւ ստորաբաժանումներում, հանդիպումներ է ունեցել զինանձնակազմի հետ, այցելել հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներ, հետաքրքրվել զինվորների մարտական եւ ծառայողական առօրյայով, ծանոթացել նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին:

Հանդիպումների ժամանակ Սեյրան Օհանյանը նշել է, որ չնայած բանակն իր առջեւ դրած մարտական խնդիրները գերազանց է կատարում, այդուհանդերձ մերթընդմերթ արձանագրվող արտակարգ պատահարները եւ արատավոր երեւույթները փորձում են ստվերել բանակի հեղինակությունը: Նախարարը աններելի է համարել ոչ մարտական պայմաններում մարդկային կորուստները եւ նշել, որ արդարացված է հասարակության պահանջը, որ բանակում արատավոր երեւույթները պետք է հասցվեն նվազագույնի: Սեյրան Օհանյանը, մասնավորապես, ընդգծել է. - «Բոլոր հրամանատարները պետք է հասկանան, որ սա մեզ համար պատասխանատվության եւ պատվի հարց է: Զինվորական կարգապահությունը զորքերի մարտունակության ապահովման հիմնարար գործոններից է եւ մարտական ոգու հիմնաքարը»: Նախարարը նշել է, որ անձնակազմի հետ աշխատանքները եւ արատավոր երևույթների դեմ պայքարը լինելու է զինված ուժերի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում, որպեսզի հայկական ազգային բանակի հիմքում դրվեն այնպիսի արժեքներ, ինչպիսիք են մարդկային հարաբերությունների գերադասումը, հրամանատարի անձնական օրինակը, հավասար եւ արդար վերաբերմունքը զինվորի հանդեպ, բանակային ընկերականությունը եւ ամենակարեւորը` երիտասարդին բանակ ընդունել ծնողի հոգատարությամբ եւ  կատարել նրա պարտականությունները: Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը իր հաղորդագրությունում նշում է նաեւ, որ վերջին օրերին զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ է այցելել պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի գլխավոր շտաբի ամբողջ ղեկավար կազմը` զինվորական կարգապահության կտրուկ բարձրացմանը եւ արտակարգ դեպքերի ու պատահարների կանխարգելմանն ուղղված` պաշտպանության նախարարի ցուցումները զինված ուժերի ողջ անձնակազմին հասցնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը