Լրահոս

03.10.2011 16:06


Ներկայացվել են քաղաքային հասարակական տրասպորտի մոնիտորինգի արդյունքները

Մայրաքաղաքի հասարակական տրասպորտի հետ կապված սեպտեմբերի 27-ին անցկացված մոնիտորինգի արդյունքներն են ներկայացվել հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը:

Տրասպորտի վարչության պետը զեկուցել է, որ Երեւանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների եւ վարչական շրջանների աշխատակիցների կողմից կատարվել են դիտարկումներ մայրաքաղաքի հասարակական տրասպորտի երթուղիներում շահագործվող տրասպորտային միջոցներում:

Համապատասխանաբար ներկայացվել են դիտողություններ եւ առաջարկություններ հասարակական տրասպորտի աշխատանքի եւ տեղ գտած թերությունների վերաբերյալ, որոնք ուսումնասիրվել եւ ամփոփվել են տրասպորտի վարչությունում:

Ավտոբուսային երթուղիներում սպասարկումը հիմնականում գնահատվել է բավարար, առանձին երթուղիներում շարժակազմերի ոչ բավարար քանակի պատճառով շարժման միջակայքերը եղել են երկար. մասնավորապես   22, 32, 38 եւ 79 համարի ավտոբուսների դեպքում:

Արձանագրվել են նաեւ թերություններ. առկա են շահագործման ժամկետներն անցած (հիմնականում «ՌԱՖ» եւ «ԵՐԱԶ» մակնիշների), տեխնիկապես անսարք միկրոավտոբուսները, որոնք աշխատում են գերծանրաբեռնված  վիճակում։ Առավոտյան «պիկ» ժամերին, փաստացի շահագործվող միկրոավտոբուսների քանակը չի բավարարում, ինչի հետեւանքով էլ կանգառներում առաջանում են կուտակումներ: Առանձին շարժակազմերում գրացվել է  ոչ բավարար սանիտարական վիճակ, վարորդների կողմից ծխելու, ուղեսրահում երաժշտություն միացնելու,  ընթացքի ժամանակ բջջային հեռախոսով խոսելու և այլ դեպքեր:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է կարճ ժամկետում միջոցներ ձեռնարկել մոնիտորինգի արդյունքում արձանագրված թերությունները վերացնելու եւ պատշաճ ուղեւորափոխադրում ապահովելու ուղղությամբ, շեշտելով, որ հակառակ դեպքում երթուղիները շահագործող ընկերությունները կենթարկվեն պատասխանատվության:

Ելնելով մոնիտորինգի արդյունքներից` առաջարկվել է արագացնել մայրաքաղաքի հասարական տրասպորտի նոր երթուղային ցանցի ներդրման աշխատանքները, ինչի հիման վրա կկազմակերպվեն նոր մրցույթներ։ Արդյունքում երթուղիների մի մասում կշահագործվեն մեծ տեղատարողության ավտոբուսներ, իսկ միկրոավտոբուսների մասով զգալիորեն կբարելավվի թե տեխնիկական, թե սպասարկման որակը։

Զեկուցվել է նաև, որ երթուղային նոր ցանցը նախնական տարբերակով արդեն պատրաստ է եւ գտնվում է վերջնական քննարկման փուլում:

Անդրադառնալով մայրաքաղաքի` հատկապես դպրոցների, մանկապարտեզների և այլ ուսումնական հաստատությունների հարակից փողոցների գծանշման գործընթացին` նշվել է, որ հիմնական աշխատանքներն ավարտված են:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է վաչական շրջանների աշխատակազմերին` մեկ անգամ եւս ճշգրտել եւ համաձայնեցման ներկայացնել մայրաքաղաքի այն փողոցներն ու հատվածները, որտեղ հետիոտն անցումների գծանշման անհրաժեշտություն կա:

Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ բոլոր վարչական շրջաններում աղբահանության գծով տնտեսվարող սուբյեկտների հետ մինչ օրս կնքվել է 11.141 պայմանագիր: Հավաքագրման ցուցանիշը կազմում է մոտ 70 տոկոս, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 7 տոկոսով:

Ձմռան նախապատրաստական աշխատանքների հետ կապված՝ հանձնարարվել է աջակցել համատիրություններին` բազմաբնակարան շենքերում մասնակի նորոգման աշխատանքների իրականացման համար: Միաժամանակ զեկուցվել է, որ մինչ օրս կատարվել է 73.924 քմ  հարթ  եւ  29.956 քմ թեք տանիքների նորոգում, ապակեպատվել է 8908 քմ տարածք, 469 մուտքերում տեղադրվել են նոր դռներ: Իրականցվել է նաեւ 12.595 գծմ  ջրթափ խողովակների նորոգում, ջերմամեկուսացվել է 2140 գծմ խողովակ:

Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ձմռան նախապատրաստական աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով գույքագրել եւ ներկայացնել բազմաբնակարան շենքերի վիճակի վերաբերյալ ֆինանսական գնահատական:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը