Մեկնաբանություն

15.03.2023 20:05


Կոռուպցիա կա, կա՛ կոռուպցիա

Կոռուպցիա կա, կա՛ կոռուպցիա

Պետք է Նիկոլ Փաշինյանի «պինդ» երեսից ունենաս, որպեսզի առճակատ նայես օբյեկտիվին ու հայտարարես, թե՝ Հայաստանում «համակարգային կոռուպցիա չկա»: Ինչը նաև վերջին ասուլիսում արեց Նիկոլ Փաշինյանը: Առհասարակ, «հակակոռուպցիոն պայքարը» Նիկոլ Փաշինյանի համար իշխանությունից կառչած մնալու, այսպես ասենք՝ «հաղթաթուղթն» է՝ վերջին «զենքը»: Հասկանալի է, դա՝ իր համոզմամբ: Այսինքն, այդ՝ «կոռուպցիա չկա», «հակակոռուպցիոն պայքար», բան-ման կարգի հայտարարությունները այն «ձիուկն» են, որը սրանք հեծնել են ու, որքան հնարավոր է, քշում են քարոզչական դաշտերով: Ասել կուզի՝ երկիրը համակողմանի աղետի են մատնել, Արցախն ու Հայաստանը տանում են կործանման, տնտեսությունն անհասկանալի «ասեղների» վրա են նստեցրել ու ճկռել արտաքին պարտքի տակ, բայց փոխարենը… կոռումպացված չեն: Բայց դա էլ, հասկանալի է, այդպես չէ:

Նիկոլ Փաշինյանի «թափանցիկ» կառավարությունը առաջատար է կառավարության նիստերի օրակարգերի փակ լինելով: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն, առհասարակ, ռեկորդակիր է այսպես կոչված «մեկ անձից գնումների» գծով, երբ պետական միջոցները այս կամ այն ծառայության (ապրանքի) ձեռքբերման համար ծախսվում են առանց մրցույթների, լինի դա գրասեղան, թե, ասենք՝ հրապարակի ամանորյա տոնական լուսավորություն:

Ու Նիկոլ Փաշինյանը նորից ու նորից հայտարարում է, թե… «կոռուպցիա չկա», անգամ տրտնջում է, որ չի կարողանում իր բնակարանը վաճառել, որպեսզի նոր բնակարան գնի: Ի՜նչ անի «խեղճ Փաշինյանը», ինչպես սիրում են ծոր տալ նրա պաշտամունքի տակ մնացած, ձեթն ու վերմիշելը կրկնակի թանկացած գնող հայրենակիցները:

«Կոռուպցիոն ռիսկերի» վերաբերյալ հարցին, իր կարծիքով՝ սրամիտ է արձագանքում ու նշում, թե միգուցե ասուլիսավայրում դրված ստենդի՝ հետևի ֆոնն ապահովող պաստառի մեջ էլ «կոռուպցիոն ռիսկեր կան»: Ի դեպ, կարող են լինել նման ռիսկեր. ի՞նչ կազմակերպություն է պատրաստել այդ պաստառը, մրցույթո՞վ է շահել այդ պետական պատվերը, թե՞ էլի «մեկ անձից գնման» կարգով, որքա՞ն գումար է դրա վրա ծախսվել:

Չնայած, դա մանրուք է:

Մի խոսքով, պարզամիտ կողմնակիցները իրենք իրենց մխիթարում էին և դեռ բակերում էլ շշնջում են, թե՝ «ջհաննամը, որ վարի ենք գնում, զատո կոռուպցիա չկա…»:

Բայց մնացած բոլորին ակնհայտ է, որ կոռուպցիա կա, կա՛ կոռուպցիա: Պարզապես դա մի քիչ «թավշյա», «հեղափոխակա՜ն» կառուպցիա է: Դե, ասֆալտի հեղափոխականների իշխանության պայմաններում ամեն ինչն է «հեղափոխական», այդ թվում՝ կոռուպցիան:

Այ, շարունակ խոսվում է, և ասուլիսում էլ ընդգծվեց մամուլում անդադար արծարծվող խայտառակ բացահայտումների մասին, որոնք վերաբերում են Նիկոլ Փաշինյանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից «Բյուրեղ» թաղամասում թանկարժեք բնակարան գնելուն, կամ՝ Փաշինյանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նման գնմանը, դեռ չենք խոսում ՔՊ ղեկավար կազմի մյուս ներկայացուցիչների մասին (Մակունց, Արայիկ Հարությունյան):

Փաշինյանն ասում է, թե՝ երբ 2 միլիոն դոլար եկամուտ հայտարարագրեն իրենք, այդ ժամանակ էլ կոռուպցիայի մասին խոսակցությունները տեղին կլինեն: Զավեշտն այն է, որ իրենք, իշխանազավթումից ոգևորված, զրոյական հայտարարագրերով են «դաշտ» մտել, իբր՝ տեսեք, ոչինչ չունենք: Իսկ հիմա, ընդամենը 5 տարի անց, ունեն: Բայց ինչպե՞ս դա ցույց տան: Ցուցադրելու չէ: Դրա համար էլ աներևակայելի խոշոր վարկեր են վերցնում: Իբր, տեսեք՝ ինչ առնում, չենք առնում, պարտքով է, վարկով: Զուտ «պատահաբար», վարկավորող բանկն էլ իրենց «ոչ օլիգարխ» թիմակցին պատկանող բանկն է: Նմանապես «պատահաբար», բնակարաններն էլ գնում են ՔՊ ճամբար անցած մեծահարուստին պատկանող բազմաբնակարան շենքում: Ըստ մամուլի խայտառակ բացահայտումների՝ շուկայականից ահագին էժան են գնում այդ բնակարանները: Վարկով:

Բայց էլի, որ նայում ես՝ 100 միլիոն, 150 միլիոն դրամ: Այդքան աշխատավա՞րձ են ստանում նիկոլական տնատերերը, որ հերիքի այդ վարկերը մարելուն: Թող պարգևավճարներն էլ գումարեն, այդ քանի՞ տասնամյակ են վճարելու, որ մարեն: Չորահացի վրա՞ են նստած, այսինքն՝ «սուխարիկից» բացի, այլ բան չեն ուտո՞ւմ, որպեսզի այդ վարկերը մարեն: Ի դեպ, մի վարկն ի՞նչ է, մի 500 հազար դոլարի վարկն ի՞նչ է, որ Նիկոլ Փաշինյանին իր թիմակցի բանկը չի «ցնծում», որ խեղճ մարդը գոնե բնակարան ձեռք բերի: Եթե Պապիկյանի կամ Միրզոյանի դեպքում ամեն ինչ «մաքուր է», ապա ո՞րն է բարդությունը Փաշինյանի համար:

Իբր դա քիչ էր, հիմա էլ՝ «կորոնագեյթի» պատմությունը: Ու ասում է, թե՝ տեսեք, որ «համակարգային կոռուպցիա լիներ, բա կբացահայտեի՞նք»: Իհարկե կբացահայտեիք և բացահայտել եք, որովհետև ներքին կասկածամտությունն ու ներխմբային իրարուտոցին «խաղի» նման կանոններով է, պոտենցիալ «խմորվողներին» նաև այդպես են ասպարեզից հեռացնում: Բա եթե այդպես չէ, ինչո՞ւ եք 3 տարի անց հանկարծակի հիշել 2020-ի կորոնափողերի մասին:

Իսկ առհասարակ, ով դեռ կասկածում է, թե ինչ կարգի է թաթախված Փաշինյանի իշխանությունը, թող պարզապես նայի նրանց դեմքերին ու համեմատի 5 տարի առաջվա նկարներում եղածների հետ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը