Կարծիք

14.03.2023 09:49


Այսպե՞ս են «խթանում» մրցակցությունը

Այսպե՞ս են «խթանում» մրցակցությունը

Պետեկամուտների կոմիտեն, իրավապահ մարմինների հետ ձեռք ձեռքի տված՝ Հայաստանի խոշոր առևտրային ցանցերից մեկում հարկերը թաքցնելու վերաբերյալ ավելի քանի 4 մլրդ դրամի խախտում է արձանագրել։ Իշխանություններին թվում է, թե հասարակությունն այս փաստը ծափերով պիտի ընդուներ։ Մի քանի տարի առաջ հենց այդպես էլ կլիներ։ Բայց այսօր շատերն այլևս չեն հավատում իշխանությունների ազնվությանը։ Մարդիկ այս ամենի մեջ միտում են տեսնում, կարծում են, որ դա արվում է մեկ այլ խոշոր առևտրային ցանցի ճանապարհին կանաչ լույս վառելու համար։

Իրականում այդպե՞ս է, թե՞ ոչ, նույնիսկ կարևոր չէ։ Սա նշանակում է, որ մարդիկ դադարել են նախկինի պես աչքերը փակ վստահել ու հավատալ իշխանությանը։

Չվստահելու համար քիչ պատճառներ չկան։

Ո՞ւմ է ձեռնտու այն ամենը, ինչ վերջին օրերին տեղի է ունենում առևտրային խոշոր ցանցերից մեկի հետ։

Պատասխանը միանշանակ է, մրցակից մյուս խոշոր առևտրային ցանցերի տերերին, որոնցից մեկն էլ նախկինում՝ թալանչի, հիմա արդեն՝ օրինավոր գործարար Սամվել Ալեքսանյանն է։

Սամվել Ալեքսանյանը նախկինից եկած այն գործարարներից մեկն է, ով իշխանափոխությունից հետո էլ իրեն վատ չի զգում և սերտորեն համագործակցում է իշխանությունների հետ, ֆինանսավորում է իշխանական հիմնադրամներն ու պրոյեկտները։ Զարմանալի չէ, որ նախկինում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Սամվել Ալեքսանյանը գողանում է բյուջեի փողերը, իշխանափոխությունից հետո սկսեց համագործակցել նրա հետ։

Սամվել Ալեքսանյանը նախկինի պես վայելում է իշխանության հովանավորությունը։ Ու հիմա ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն արդարացնի խոշոր առևտրային ցանցերից մեկում արված «բացահայտումը», մարդիկ դրան նախկինի նման միանշանակ չեն վերաբերվում։ Դադարել են հավատալ իշխանություններին։

«Մի խոշոր բացահայտում է եղել, հայտնաբերվել է, որ մի սուպերմարկետ 4 միլիարդ դրամի հարկեր չի վճարել, երեկ այդ թեմայով մի ռեպորտաժի տակ արված քաղաքացիների մեկնաբանություններն էի կարդում, ու ինչ են մարդիկ մեկնաբանում՝ այս սուպերմարկետին բռնել են, որ մյուսի գործերը լավ գնա։ Ոչ ոք չի ասում, որ դա իրականություն է, ասում են՝ սարքեցին, «Նոր Զովքը» փակում են, որ «Երևան Սիթին» լավ աշխատի։

Եղավ, ձեր ասածն է, հես ա հրապարակային դատավարությունը ցույց կտա՝ ինչը ինչի համար է»,- ժամանակից առաջ ընկնելով՝ ասում է Նիկոլ Փաշինյանը։

Սա նրա կողմից կանխակալ վերաբերմունք է և անմեղության կանխավարկածի խախտում։

Այն, որ հարկերը բոլորը պետք է վճարեն, պետք է վճարեն։ Բայց այս ամենի մեջ միտումնավորությունը մի տեսակ շատ է։

Հայտնաբերված խախտումը կհիմնավորվի՞, թե՞ չի հիմնավորվի, միևնույն է, այն, ինչ տեղի է ունենում առևտրային խոշոր ցանցերից մեկի հետ, լուրջ հարված է լինելու նրա հետագա գործունեությանը։ Վերջինս միանշանակ տուժելու է, եթե նույնիսկ արդեն չի հասցրել տուժել ու վնասներ կրել։

Գուցե անգամ այնպես ստացվի, որ ընկերությունը դադարեցնի հետագա գործունեությունը՝ դաշտը թողնելով նրանց, ում «թաթը» սկսել էր տրորել։

Ավելի ցածր գնային քաղաքականության արդյունքում՝ «Նոր Զովքը» գնալով ավելացնում էր հաճախորդների քանակը։ Այնտեղ էր հասել, որ համարձակվում էր Սիթիների քթի տակ նոր սուպերմարկետներ բացել ու հաջողությամբ մրցակցել նրանց հետ։

Այս ամենը ձեռնտու էր սպառողներին, բայց ոչ Սիթիներին կամ մյուս մրցակիցներին, որոնք հաճախորդներ էին կորցնում։ Հիմա նրանք կրկին մրցակցությունից դուրս են մնում ու կարող են թելադրել իրենց գները։

Մրցակցությունից ու մենաշնորհների վերացումից էին խոսում, այնինչ՝ մենաշնորհները Հայաստանում այսօր էլ ծաղկում են, երբեմն պարզապես դեմքերն են փոխվում կամ չեն էլ փոխվում։

Օլիգարխները շարունակում են սերտաճած մնալ իշխանությանը և վայելել նրա հովանավորությունը։

Մենաշնորհները հաջողությամբ գործում են՝ տարբեր ձևերով իրենց ճանապարհից հեռացնելով մրցակիցներին։ Այդ առումով շատ բան չի փոխվել։ Եվ այն, որ որոշ ոլորտներում ու շուկաներում նոր ընկերություններ են հայտնվել` դա դեռ հիմք չէ մենաշնորհների վերացման կամ հավասար մրցակցության մասին խոսելու համար։ Վաղուց հայտնի բան է, թե այդ շուկաներում ինչպե՞ս և ո՞ւմ միջոցով են նոր ընկերություններ հայտնվում` մրցակցության իմիտացիա ստեղծելու նպատակով։

Համեմատաբար էժան գնային քաղաքականություն վարող առևտրային ցանցերից մեկում խոշոր խախտում են «բացահայտում», իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ մյուսների մոտ այդպիսի երևույթներ չկան։ Ու քանի որ համագործակցում են իշխանությունների հետ, դրանք չեն բացահայտվում։

Որ այս ամենի մեջ խոշոր առևտրային ցանցերից մեկին վնասելու կամ շուկայից դուրս մղելու միտում կա, վկայում է նաև այն, թե ինչ միջոցներ են կիրառում. Նախ՝ ստուգումից առաջ անջատել են տալիս տեսախցիկները, առգրավում են սերվերները, համակարգչային տեխնիկան՝ զրկելով ընկերությանը հաշվապահությունը վարելու, մատակարարներին վճարելու, վարկային, հարկային ու այլ պարտավորությունները կատարելու, փոխանցումներ իրականացնելու, աշխատողների աշխատավարձը հաշվարկելու ու վճարելու հնարավորությունից։ Ձերբակալում ու կալանավորում են ընկերության ղեկավարներին, ամեն ինչ անում են, որպեսզի խաթարեն ընկերության բնականոն գործունեությունը։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո, երբ Սիթիներում հարկերը թաքցնելու վերաբերյալ միլիարդների բացահայտումներ արվեցին, ոչ մեկը չմտածեց Սամվել Ալեքսանյանին կամ Սիթիների ղեկավարներին կալանավորելու մասին։ Հարցերը հայտնի ու անհայտ ձևերով լուծեցին, որոշ գումարներ էլ փոխանցեցին պետական բյուջե ու գործը փակեցին։

Որ խոշոր առևտրային ցանցում կարող են նաև խախտումներ լինել, կասկածներ չկան։ Խախտումներից ոչ մեկն ապահովագրված չէ և ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ այդպիսիք չկան։ Բայց դա չի նշանակում, թե այնպես պետք է անել, որ դրա գործունեությունը հայտնվի հարցականի տակ։

Դա ո՛չ մրցակցային միջավայրին, ո՛չ սպառողին, և ո՛չ էլ պետությանն է ձեռնտու։ Ձեռնտու է միայն մրցակիցներին, ովքեր մյուսի հաշվին ընդլայնվելու, սպառողներին իրենց գնային քաղաքականությունը պարտադրելու, նրանց ընտրությունից զրկելու հնարավորություն են ստանում։ Այն, ինչ տեղի է ունենում «Նոր Զովքի» հետ կապված՝ ակնհայտորեն միտված է սրան։ Թե ինչ կասեն կամ չեն ասի իրավապահներն ու Պետեկամուտների կոմիտեն, այս ամենից վատ հոտ է գալիս։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը