Լրահոս

01.10.2011 21:26


ՀՀ ոստիկանություն. «Հավաքն անօրինական է, այնուհանդերձ...»

Հայաստանի ոստիկանությունն հաղորդագրություն է տարածել Ազատության հրապարակում ՀԱԿ-ի կազմակերպած շուրջօրյա հանրահավաքների հետ կապված:

Հաղորդագրության մեջ ասվում է.

«Սեպտեմբերի 30-ին Ազատության հրապարակում ժամը 19.00-ից անց է կացվել »Հայոց համազգային շարժում« կուսակցության հանրահավաքը, որն, ըստ ի գիտութուն ընդունված իրազեկման, պետք է ավարտվեր ժամը 23.00-ին: Սակայն սահմանված ժամին հանրահավաքի կազմակերպիչները չեն ավարտել հանրահավաքը: Հավաքի անցկացման ընթացքում ՀԱԿ առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարարել է, որ Հայ ազգային կոնգրեսն ընդառաջում է ինքնաբուխ միջոցառում անցկացնելու`  հանրահավաքի մասնակիցների ցանկությանը եւ այդ պահից ազդարարում շուրջօրյա հանրահավաքների մեկնարկ, եւ միաժամանակ Կոնգրեսի անունից առաջարկել է շուրջօրյա հանրահավաքների տեւողությունը սահմանել մեկ շաբաթ:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ընթացող հավաքն անօրինական է եւ դրա մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության: Ի կատարումն »Հավաքների ազատության մասին« ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի, հավաքի մասնակիցները պարբերաբար տեղեկացվել են այդ մասին: Այդուհանդերձ, հաշվի առնելով հավաքի խաղաղ բնույթը, ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում աջակցում է հավաքի անցկացմանը:

Ոստիկանությունը միաժամանակ տեղեկացնում է, որ այդ աջակցությունը կարող է շարունակվել միայն այնքան ժամանակ, քանի դեռ հավաքը պահպանում է իր խաղաղ բնույթը եւ դրա անցկացմամբ անհամաչափ կերպով չեն խախտվում հասարակական կարգը եւ այլոց սահմանադրական իրավունքները:

Դրա հետ մեկտեղ, ոստիկանությունն արձանագրում է, որ ընթացող անօրինական հավաքի ժամանակ տեղի են ունենում հասարակական կարգի  խախտումներ, մասնավորապես` հավաքի անցկացման վայր հանդիսացող մշակութային հուշարձանի տարածքում հավաքի մասնակիցները տեղադրել են մի քանի տասնյակ վրաններ: Ուստի ոստիկանությունը հավաքի մասնակիցներին կոչ է անում հանել տեղադրված  վրանները:

Հասարակական կարգի եւ այլոց սահմանադրական իրավունքների անհամաչափ խախտման պարագայում  ոստիկանությունը ձեռնամուխ կլինի օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացմանը, ընդհուպ մինչեւ հավաքի ցրումը»:

Այս խորագրի վերջին նյութերը