Մեկնաբանություն

08.03.2023 17:55


Արցախի նոր պետնախարարի 1-ին տապալված քննությունը

Արցախի նոր պետնախարարի 1-ին տապալված քննությունը

Արցախում, ինչպես հայտնի է, փոխվեց պետնախարարը: Ըստ որում, հիշեցնենք, այն բանից հետո, երբ Ալիևը «անցանկալի անձ» հռչակեց նախկին պետնախարարին, Արցախի նախագահի պաշտոնն զբաղեցնող Արայիկ Հարությունյանն անմիջապես կատարեց նրան պաշտոնանկ անելու թշնամական պահանջը, ապա նոր պետնախարար նշանակեց՝ Գուրգեն Ներսիսյանին, որը մինչ ադ զբաղեցնում էր ԼՂՀ գլխավոր դատախազի պաշտոնը:

Կոնկրետ Գուրգեն Ներսիսյանի նշանակման կամ ընդունելի-անընդունելի լինելու վերաբերյալ Ալիևը դեռ ոչինչ չի հայտարարել: Փոխարենը, Արցախի նորանշանակ պետնախարարն է հայտարարություն արել, մասնավորապես news.am-ին տված հարցազրույցում ասել է. «Չեմ պատկերացնում, որ Երևանի և Ստեփանակերտի միջև կարող է լինել մոտեցումների տարբերություն: Ընդհակառակը, ես համոզված եմ, որ Երևանը, երբ խոսքը վերաբերում է Արցախի խնդրին, հիմնված է Արցախի կարծիքի և դիրքորոշման վրա, որն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները»:

Դե, չի՛ պատկերացնում մարդը, ի՞նչ կարող ես անել: Չի պատկերացնում, որ Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի մոտեցումները կարող են տարբերվել Արցախի ու Արցախի հայության շահերից, մոտեցումներից, պահանջներից:

Չնայած, ի՞նչ կա այդտեղ պատկերացնելու, երբ մոտեցումների ամբողջ տարբերությունը, որպես արնածոր իրողություն՝ բզկտված Արցախն է, ավելի ճիշտ՝ Արցախից մնացած բեկորը, առանց Հադրութ, առանց Շուշի, առանց Բերձոր, Քարվաճառ, Քաշաթաղ, առանց «մայր Հայաստանի» հետ կապի: Այդ ամենը Նիկոլ Փաշինյանի և նրա արցախյան պարտնյոր Արայիկ Հարությունյանի «շնորհքն» է, ի դեպ:

Բայց դե մարդը չի պատկերացնում: Կան, չէ՞, նման մարդիկ, որ եթե նույնիսկ ակնհայտ իրողությունն աչքը խոթես, կասի՝ չեմ պատկերացնում: Երևակայությունից զուրկ են, քիչ չէ, մի բան էլ՝ աչքների առաջ տնկված իրականությունը «վ ուպոռ» չեն տեսնում:

Այ, օրինակ, Նիկոլ Փաշինյանի քպ-ական խմբակցությունից Գուրգեն Արսենյանը հայտարարում է, որ՝ ի՞նչ, ավելի լավ է 120 հազար արցախցիների մասին մտածե՞ն, թե՞ ՀՀ 3 միլիոնի...

Դա Նիկոլ Փաշինյանի, մեծ հաշվով՝ պաշտոնական մոտեցումն է: Դատելով Արցախի պետնախարարի հայտարարությունից, այդ մոտեցումը ոչ մի տարբերություն չունի Ստեփանակերտի մոտեցման հետ:

Նիկոլ Փաշինյանի ու նրա ներկայացուցիչների պաշտոնական մոտեցումն է նաև այն, որ իրենց կողմից 2018-ին իշխանությունը զավթելը շատ ավելի կարևոր իրադարձություն է, քան Շուշիի ազատագրումն ու Արցախի պայքարն, առհասարակ: Այս մոտեցումն էլ, պետք է հասկանալ, ոչ մի խնդիր չի հարուցում Արցախի օրվա ղեկավարների ընկալումներում:

Նիկոլ Փաշինյանի իշխանության մեկ այլ մոտեցումն էլ այն է, որ Արցախը պաշտպանվելու հնարավորություն, զենք, զինամթերք, զորք չունենա: Արցախի ղեկավարների մոտեցումներն էլի «ոչ մի տարբերություն» չունե՞ն դրա հետ:

Նիկոլ Փաշինյանի մոտեցումն այն է, որ Արցախի անվտանգության ապահովումն ընդհանրապես Հայաստանի իշխանության գործը չէ, դա ռուսական խաղաղապահների գլխացավանքն է, ու՝ վերջ: Արցախի ընթացիկ ղեկավարները, պետք է հասկանալ, այստեղ էլ մոտեցումների ոչ մի տարբերություն չունեն:

Նիկոլ Փաշինյանի մոտեցումն այն է, որ ռուսական ուժերի ներկայությունը սպառնալիք է մեր անվտանգությանը: Արցախի ղեկավարները, նախագահը, պետնախարարը, երևում է, այս մոտեցման պահով էլ ոչ մի տարբերություն չունեն:

Ու Արցախի պետնախարար Գ.Ներսիսյանը հայտարարում է, թե համոզված է, որ երբ խոսքն Արցախի խնդրին է վերաբերվում, Նիկոլ Փաշինյանը հիմնվում է Արցախի կարծիքի, դիրքորոշման վրա:

Իյա, իրո՞ք: Դե ասա՝ «Պրահայի արև» կամ՝ «Մյունխենը վկա»:

Լավ, ո՞ւմ են ուզում միամիտի տեղ դնել, երբ նման հայտարարություններ են անում: Իբր ի՞նչ, էլի: Որքան կուզես, ասա՝ հալվա, դրանից սեղանին դրված աղի-լեղին շաքար-շոկոլադի չի վերածվում: Դա էլ քաղաքականության «ալքիմիան» է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը