Լրահոս

01.10.2011 09:08


Կաքավաբերդի տխուր ճակատագիրը (տեսանյութ)

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում է բարձրաձայնել հայ ժողովրդի պատմական ժառանգության բարձիթողի վիճակի թեման: Հայերը սիրում են անդադար խոսել թշնամի երկրների տարածքում անտերությունից կործանվող հայկական կոթողների մասին` չնկատելով նույն խնդիրը իրենց քթի տակ: Այնինչ, Հայաստանի Հանրապետության տարածքում կործանվող ժառանգության առանձնահատկությունը նրանում է, որ այն դեռ կարելի է փրկել: Փրկել այսօր: Վաղը ուշ է լինելու:

Կաքավաբերդը (Գեղի բերդ) գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Մազազ գավառում, Ազատ գետի աջ ափին։ Առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (IX-Xդդ.) որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ XIդ. Այն անցել է Պահլավունիներին, XII-XIIIդդ.` Պռոշյաններին։ Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924թ.-ին Կաքավաբերդի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուց։ Բերդը հիշատակում է Մուրացանը իր «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։ Գեղին վերջին անգամ հիշատակվում է 1224թ.-ին, երբ Գառնու մոտ մարտում պարտված Իվանե Զաքարյանը պատսպարվել է այնտեղ:

Կաքավաբերդն այսօր կատարյալ անտերության է մատնված Խոսրովի արգելոցի տարածքում, որի ղեկավարությունը էկոտուրիզմի զարգացման անվան տակ յուրաքանչյուր արշավականից 3000 դրամ է պահանջում միայն այն այցելելու թույլտվություն տալու համար: Որտեղ է գնում այդ գումարն` անհայտ է, բայց որ Կաքավաբերդն իր մաշկի վրա դրանք չի զգում` ակնհայտ:

Ներկայացնում ենք Կաքավաբերդի վիճակը ներկայացնող «Չենք լռելու»-ի պատրաստած տեսանյութը, որի նկարահանումները կատարվել են սեպտեմբերի 6-ին:

Տեսանյութ. http://www.youtube.com/watch?v=JY2__19Bnpo

Այս խորագրի վերջին նյութերը