Կարծիք

24.02.2023 19:07


Պատմական նախագիծը և ժառանգված հնարավորությունների մսխումը

Պատմական նախագիծը և ժառանգված հնարավորությունների մսխումը

ՀՀ-ում առկա որոշակի գազային ճգնաժամի ֆոնին վերստին իրենց հրապարակ են նետել արևմտաթուրքական օրիենտացիայի «նվագարկիչները»: Քիչ ներքևում կբացատրենք՝ ինչն ինչոց է: Մինչ այդ՝ հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 1-ին երկարացվել է Հայաստան-Իրան «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց»՝ 2007 թվականից գործող պայմանագիրը, որի համաձայն՝ մինչ այժմ Երևան ՋԷԿ-ից ստացված էլեկտրաէներգիայի հետ իտալական Ռենկո ընկերության ՋԷԿ-ի էլեկտրաէներգիան ևս փոխանակվելու է իրանական բնական գազի հետ։ Նշվածից ելնելով՝ կարող են էականորեն աճել Իրանից ներկրվող գազի ծավալները (ներկայումս ներկրվում է շուրջ 350 մլն մ3, որը կարող է կրկնապատկվել):

Ահա վերջին այս դրվագն առ այն, որ Իրանից ներկրվող գազի ծավալները կարող են ավելանալ կամ կրկնապատկվել, վերոհիշյալ խոսափողները ներկայացնում են իբրև Նիկոլի՝ «Ռուսաստանի առաջացրած գազային ճգնաժամի» դեմ ուղղված հերոսական քայլ: Լինելով հմուտ մանիպուլյատորներ՝ վերջիններս, բնականաբար, խորամանկորեն չեն մանրամասնում, թե իրականում ինչու՞ է ավելանալու ներկրվող գազը, ո՞վ է այն սպառելու՝ բանից անտեղյակ լայն շրջանակների մոտ տպավորություն ստեղծելով, թե՝ տեսեք, տեսեք, Փաշինյանի կառավարությունն ի վերջո կարողացավ Իրանից գազ բերել, ջարդել ռուսական գազային մենաշնորհը, շրջանցել ռուսական «գազային շանտաժները» և այլ փուչիկանման առասպելներ:

Բնականաբար՝ ենթատեքստում հիշեցվում են արևմտյան պրոպագանդայի՝ շուրջ 20 տարվա հասակ ունեցող կեղծիքները՝ Քոչարյանը դիտավորյալ գազատարի տրամագիծը փոքրացրել է, ռուսներն ամեն ինչ արել են, որ գազատարը չկառուցվի, հետո էլ Քոչարյանն ու ռուսներն ամեն ինչ արել են, որ այն չգործի, գազ քիչ գա, գազատարով Իրանը չկարողանա Եվրոպա գազ ուղարկել… և նման թեզեր:

Ի՞նչ է եղել և կա իրականում:

  • Ռոբերտ Քոչարյանի նախագահության երկրորդ շրջանում սկսված և 2008 թ. ավարտին հասցված Իրան-Հայաստան 207 կմ ընդհանուր երկարությամբ գազատարը կառուցվել է այն հաշվարկով, որ հնարավոր լինի բերել տարեկան մինչեւ 2,3–2,5 միլիարդ մ3 գազ, որը ֆորսմաժորային իրավիճակում կապահովի ամբողջ հանրապետության էներգետիկ անվտանգությունը (ՀՀ-ում սպառվել է մոտավորապես այդ ծավալից մի փոքր ավելի գազ):
  • Ռուսաստանը ոչ թե դեմ է եղել Իրան – Հայաստան գազատարի կառուցմանը, այլ ճիշտ հակառակը՝ նախագիծը մեծամասամբ իրականացվել է «ՀայՌուսգազարդի» կողմից, նախագծի կառուցման ավարտի պաշտոնական արարողությանը ներկա է գտնվել «Գազպրոմ» ԲԲԸ կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը՝ չափազանց կարևորելով գազատարի դերն ու նշանակությունը՝ ՀՀ-ի համար ավելի հուսալի եւ կայուն էներգառեսուրսներ մատակարարելու տեսանկյունից:
  • Թե՛ ՀՀ-ն, թե՛ Իրանը, թե՛ Իրան – ՀՀ գազատարի սեփականատեր «Գազպրոմը»՝ իբրև խոշոր էներգետիկ խաղացող, ոչ թե դեմ են եղել Հայաստանի տարածքով գազի տարանցմանը, այլ կողմ: Բայց Իրանի հետ այս ողջ ընթացքում, չհաշված որոշ փորձերին և հայտարարություններին (օրինակ՝ Վրաստան, Ուկրաինա ևն), որևէ երկիր չի պայմանավորվել այդ մասին: Բնականաբար՝ այստեղ իր դերն է խաղացել նաև Արևմուտքի կողմից Իրանի հանդեպ վարվող մեկուսացման քաղաքականությունը: Եվ ի՞նչ, այդ ո՞ր տրամաբանությամբ պետք է ՀՀ-ի տարածքում կառուցվեր, օրինակ, ոչ թե 700, այլ 1500 մմ տրամագծով խողովակաշար, արվեր կրկնակի և ավելի ծախս, թաղվեր հսկայական ռեսուրս, արդյունքում՝ մարդիկ նստեին ու տարիներով սպասեին, թե երբ Արևմուտքը կվերացնի պատժամիջոցներն Իրանի հանդեպ, և մի օր եվրոպական մի երկիր կբարեհաճեր գազի ներկրման պայմանագիր կնքել Իրանի հետ: Միթե՞ դա լուրջ է: Ի դեպ, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Արա Պապյանը, խոսելով տարանցման խնդրի մասին («Իրավունք», 2000 թ.), նշել է, որ Ուկրաինան բազմիցս արտահայտել էր իր հետաքրքրությունը Իրան-Հայաստան գազամուղի նախագծի նկատմամբ, սակայն, եթե իրանական գազի գինը ռուսականից երկու անգամ բարձր լինի, Ուկրաինան, բնականաբար, կհրաժարվի գնել այն։
  • Որքան մեծ է խողովակաշարի տրամագիծը, այնքան դժվար է դրանով մղել փոքր քանակությամբ գազ, և դրա համար անհրաժեշտ են լրացուցիչ ճնշումներ, հսկայական ծախսեր և այլն: Այսինքն, ըստ որոշների «տրամաբանության»՝ ՀՀ-Իրան գազատարը պետք է լիներ ոչ թե 700 (որն անհրաժեշտության դեպքում բավարարում է ՀՀ կարիքները), այլ, օրինակ, 1500 միլիմե՞տր: Եվ դրանից հետո ՀՀ ՋԵԿ-երին մատակարարվող փոքր քանակությամբ գազի մղման համար տարիներով արհեստականորեն ծախսել հսկայական ռեսուրսներ՝ հուսալով, թե մի օր Եվրոպան կբարեհաճի խողովակը լիարժեք լցնել գազո՞վ: Հավելենք, որ արդեն իսկ լրացուցիչ ծախսեր են արվում ՀՀ կարիքների բավարարման համար նախատեսված մեծ խողովակով բերելով փոքր քանակությամբ գազ:
  • Ինչու՞ Իրանից գազ չի ներկրվել ՀՀ՝ ներքին սպառման համար: Ավելորդ անգամ հիշեցնենք՝ ՌԴ-ի կողմից ՀՀ-ից ավելի էժան գազ տրվում է միայն Բելառուսին: Իսկ եթե հաշվի առնենք, որ ՀՀ գազ է մտնում Վրաստանով, որը ենթադրում է «Գազպրոմի» համար լրացուցիչ տարանցիկ ծախսեր, ապա մենք և Բելառուսը կարող ենք համարվել աշխարհում ամենաէժան գազ ստացող երկրները: Վերևում նշված հարցազրույցում ԱԳՆ մամուլի քարտուղար Արա Պապյանը ժամանակին փաստել է, որ նախագծի իրականացման մեկնարկին խոչընդոտող երեք հիմնական խնդիր կա. 1. շինարարություն սկսելու համար միջոցների բացակայությունը, 2. իրանական գազի գինը, 3. իրանական կողմը չի ցանկանում գազը Հայաստան մատակարարել ամբողջ տարվա ընթացքում։ ԱԳՆ ներկայացուցիչը նաև հավելել է, որ իրանական գազը ռուսականից թանկ է, ինչը կարող է իրացման հետ կապված խնդիրներ առաջացնել:
  • 2022 թվականի նոյեմբերի 1-ին երկարացված Հայաստան-Իրան «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը, որով կարտահանվի նաև իտալական Ռենկո ընկերության ՋԷԿ-ի էլեկտրաէներգիան և կավելանան Իրանից ներկրվող գազի ծավալները, ոչ թե «Ռուսաստանի դեմ հերոսական քայլ է», կամ «շրջանցում է ռուսական գազային շանթաժները» կամ «ի հեճուկս «Գազպրոմի» է», այլ իրականացվում է «Գազպրոմի» հետ միասին: Այսպես, Իրանից գազի ներկրմանը խանգարում կամ խոչընդոտում է ոչ թե ՌԴ-ն կամ «Գազպրոմը», այլ՝ Նիկոլ Փաշինյանի թրքամետ կառավարությունը, որը չի կառուցում ՀՀ-Իրան 400 կՎ հզորության էլեկտրահաղորդման նոր (3-րդ) գիծը, ինչից հետո միայն հնարավոր կդառնա ավելացնել ՀՀ-ից էլեկտրաէներգիայի արտահանման ու Իրանից գազի ներկրման ծավալները: Ավելին՝ ՀՀ կառավարությունը հարկատուների գրպանից անցյալ տարի 34 մլն դոլար է փոխանցել Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկին (այն է՝ «Գազպրոմին»)՝ այս պարտավորությունների չկատարման պատճառով (իբրև տուգանք): Այսինքն՝ «Գազպրոմը» պատրաստակամ է, ասում է՝ գազը տվեք՝ կարտադրեմ էներգիան, Իրանը պատրաստակամ է, ասում է՝ գազը տալիս եմ, և միայն Փաշինյանի կառավարությունն է, որն ասում է՝ չեմ կառուցելու բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գիծը: Ի դեպ, դատելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանի և Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի գլխավոր կապալառու «Սանիր» ընկերության տնօրեն Բահման Սալեհիի գլխավորած պատվիրակության համատեղ պայմանավորվածություններից, Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը պետք է սկսվեր դեռ 2015 թ. և ավարտվեր 24 ամիս անց՝ 2017 թ.: Թե ինչու՞ միս ու արյուն չտրվեց նախագծին՝ այլ քննարկման հարց է:
  • Փաշինյանի իշխանությունը «ի հեճուկս ռուսական գազային շանտաժների» ոչ միայն չի ավելացրել Իրանից ներկրվող գազը, ոչ միայն սեփական անգործությամբ (դիտավորյալ կամ ոչ) խոչընդոտում է իրանական գազի ներկրման ծավալների ավելացմանը, այլ ճիշտ հակառակը, տառացիորեն մի քանի ամիս առաջ՝ 2022 թ. հուլիսին, Մոսկվայում ստորագրել է գազային համաձայնագրի արձանագրությունը, որով ՀՀ-ն պարտավորվել է ներքին սպառման համար առաջիկա 10 տարում ձեռք բերել բացառապես ռուսական գազ։

Ելնելով վերոնշյալից՝ թող ընթերցողը որոշի, թե ո՞վ է իրականում ստեղծել էներգառեսուրսների մատակարարման կայուն և հուսալի այլընտրանք, իսկ ով չի օգտվում դրանցից՝ մոլեգին կերպով նախապատրաստվելով թուրք-ադրբեջանական կապիտալի կործանարար ներհոսքին:

Վահե Սարգսյան

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը