Հարցազրույց

29.09.2011 15:03


Յուրա Մովսիսյան

Յուրա Մովսիսյան

Հարցազրույց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ

–Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչը չի փոխվել, կազմը՝ նույնպես։ Հետևաբար՝ ինչո՞վ եք բացատրում վերջին հաջողությունները։

–Իմ կարծիքով՝ մեր հավաքականի մեջ նոր հավատ կա, որ մենք կարող ենք յուրաքանչյուր թիմի, յուրաքանչյուր երկրի յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ հավասար խաղալ։ Իսկ խաղալուց էլ մշտապես հավատում ենք, որ մենք այդ խաղը պետք է հաղթենք։

–Այսինքն՝ հաղթանակից բխող ֆինանսական պարգևները ձեզ չե՞ն հետաքրքրում։

–Ճիշտն ասած՝ չէ։ Հավաքականը մեզ համար՝ որպես ֆուտբոլիստի, որպես սպորտսմենի, մի այնպիսի տեղ է, որով դու քո երկիրն ես ներկայացնում։ Մեզ համար պարծանք է մեր երկրի համար խաղալը, դրա համար էլ ֆինանսականը շա՜տ–շատ փոքր դեր է խաղում։

–Մակեդոնիայի հետ խաղից առաջ ինչպիսի՞ն է տրամադրվածությունը, և որքանո՞վ է հնարավոր, որ Հայաստանի հավաքականը մտնի եզրափակիչ փուլ։

–Ինչքանով է հնարավոր՝ դեռ պարզ չէ։ Ինչ վերաբերում է Մակեդոնիայի հետ խաղին, շատ լավ ենք տրամադրված։ Ես կյանքում չեմ գնում խաղալու՝ մտածելով, որ կարող է պարտվենք։ Միշտ էլ կարող ենք խաղալ, կարող ենք հաղթել։ Մակեդոնիայի հետ խաղը Հայաստանն անպայմա՛ն պետք է հաղթի։

–Իսկ մոտավոր հաշիվը կանխատեսո՞ւմ եք։

–Հաշիվ չեմ կարող ասել։

–Խոշո՞ր հաշիվ եք ակնկալում։

–Կարևորն այն է, որ խաղը հաղթենք։ Հաշիվը խոշոր թե փոքր կլինի, դա արդեն կարևոր չէ։ Ճիշտ է՝ մեր ժողովուրդը երևի արդեն սովորել է խոշոր հաշվով հաղթանակելուն, բայց Մակեդոնիայի հետ խաղը շատ դժվար է լինելու մեզ համար, քանի որ Մակեդոնիան իսկապես լավ թիմ ունի։ Մեզ համար շատ դժվար է լինելու, բայց մենք դրան ուշադրություն չենք դարձնելու, քանի որ մենք պետք է մեր խաղը խաղանք, և անենք այն, ինչը որ մենք ենք անում։ Այդտեղ արդեն կապ չունի՝ իրենք ով են, ինչ են, ինչպես են խաղում։

–Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն ասում էր, որ երազանքը Հայաստանի հավաքականը «Եվրո–2012»–ում տեսնելն է։ Ձե՞ր երազանքը որն է։

–Իմ կարծիքով՝ ողջ հայ ազգի երազանքն է, որ մեր հավաքականը «Եվրո–2012»–ին խաղա։ Բայց հիմա դեռ շուտ է Եվրոպայի առաջնության մասին խոսելը, քանի որ դեռ Մակեդոնիայի հետ խաղը կա։ Հիմա մենք ա՛յդ խաղի մասին ենք մտածում։

–Հայաստանը մտնում է նախընտրական փուլ, և գրեթե բոլոր ոլորտների հաջողությունները քաղաքականացվում են։ Մտավախություն չունե՞ք, որ ֆուտբոլի պարագայում էլ այդպես կլինի։

–Ճիշտն ասած՝ ես դրա մասին շատ չեմ հետաքրքրվում։ Ես միայն ֆուտբոլի մասին եմ մտածում։

–Քաղաքականությունը Ձեզ չի՞ հետաքրքրում։

–Հետաքրքրելը հետաքրքրում է, բայց մեծ հաշվով դա իմ մտածելու ուղղությունը չէ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը