Տնտեսական

29.09.2011 14:59


ՀՀ կառավարությունը հավանություն է տրվել ՀՀ 2012 թ. պետբյուջեի նախագծին

ՀՀ կառավարությունը հավանություն է տրվել ՀՀ 2012 թ. պետբյուջեի նախագծին Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2012 թ. պետբյուջեի նախագծին, ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել խմբագրական բնույթի շտկումներ և այն ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ։ ՀՀ գործադիր մարմինների ղեկավարները պարտավորեցվել են մեկամսյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել ՀՀ գործադիր մարմինների կազմում գործող օտարերկրյա պետությունների և միջազգային վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների 2012 թ. պահպանման և ծրագրերի տարեկան (ամփոփ) ծախսերի նախահաշիվները` դրանց բովանդակային բացատրագրերով ու հաշվարկ-հիմնավորումներով` ՀՀ ֆինանսների նախարարության պահանջներին համապատասխան։ Նիստում հավանություն է տրվել 2012 թ. առողջապահական պետական նպատակային ծրագրերին, հաշմանդամների սոցիալական պաշտպանության, զբաղվածության կարգավորման, երեխայի իրավունքների պաշտպանության 2012 թ. տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին, Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2012թ. տարեկան ծրագրին, սահմանամերձ տարածաշրջանների զարգացման և Գյումրի քաղաքի վերականգնման 2012 թ. ծրագրերի նախագծերին, 2012 թ. պետբյուջեից ֆինանսավորվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական ծրագրերի նախագծերին։ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է ՀՀ պետբյուջեի նախագծի լրամշակված տարբերակը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Ազգային ժողով։ «ՀՀ 2012 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում խորհրդարան կներկայացվեն նաև կառավարության հավանությանն արժանացած պետական նպատակային և տարեկան ծրագրերը, միջոցառումների ցանկերը։ Իր խոսքում անդրադառնալով 2012 թ. պետբյուջեի նախագծին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն իրականացնելու համար լարված աշխատանք է անհրաժեշտ։ 2012 թ. նախատեսվում է ավելացնել սոցիալական ծախսերը, առաջին հերթին` կենսաթոշակներն ու նպաստները:  

Այս խորագրի վերջին նյութերը