Աշխարհ

15.02.2023 12:36


Ղրղըզստանի նախկին նախագահը բանտից ազատվելուց հետո հեռացել է երկրից

Ղրղըզստանի նախկին նախագահը բանտից ազատվելուց հետո հեռացել է երկրից

Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը բանտից ազատ արձակվելուց հետո հեռացել է երկրից։

Ինչպես տեղեկացրել է 24.kg պորտալը՝ հղում կատարելով իր աղբյուրներին, Աթամբաեւը թռել է Դուբայ, այնտեղից մեկնելու է Իսպանիա՝ բուժման։ Պարբերականի տվյալներով՝ նրան ուղեկցում է որդին՝ Կադիրբեկը։

Նախօրեին Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին ազատ էին արձակել բանտից։ Դատարանը նաեւ թույլ էր տվել, որ նա հեռանա երկրից՝ բուժում ստանալու անհրաժեշտության հետ կապված։

Ավելի վաղ Ղրղըզստանի Գերագույն դատարանը չեղարկել էր նրա դատավճիռը եւ քրեական գործն ուղարկել նոր դիտարկման։

Աթամբաեւը երկրի նախագագն է եղել 2011-2017թթ.։ Նրա դեմ մի քանի քրեական գործեր են հարուցվել, այդ թվում 2019թ. օգոստոսի 7-8-ին Կոյ-Թաշ գյուղում անկարգությունների, ինչպես նաեւ կոռուպցիայի եւ հանցավոր եկամուտների լեգալացման, Թուրքիայի քաղաքացիներին անձնագրերի անօրինական հանձնման հետ կապված։

2020թ. հունիսի 23-ին դատարանը Աթամբաեւին 2013թ. քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւին անօրինական ազատ արձակման գործով դատապարտել էր 11 տարի երկու ամսվա ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը