Լրահոս

29.09.2011 12:37


Հայաստանի և Ուկրաինայի մաքսային ծառայություններն ընդլայնում են համագործակցությունը

Հայաստանի և Ուկրաինայի մաքսային ծառայություններն ընդլայնում են համագործակցությունը

Վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառությունն աճի շարունակական միտումներ է արձանագրում. 2011թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածում այն աճել է մոտ 30%-ով` կազմելով 157,4 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ պատճառով էլ երկու երկրների մաքսային մարմինների փոխգործակցությունն աստիճանաբար ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում, ինչի հիմքը դրվել է դեռևս 2010թ.-ին Երևանում կնքված հուշագրերով:

Սեպտեմբերի 23-ից 27-ն աշխատանքային այցով Ուկրաինա էր մեկնել ՊԵԿ պատվիրակությունը` կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Այցի ընթացքում ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը և Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահ Իգոր Կալետնիկը ստորագրել են երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև 2012թ. համատեղ գործողությունների ծրագիր, համաձայն որի նախատեսվում է մաքսային ոլորտում ներդաշնակեցնել երկկողմանի փոխգործակցության իրավապայմանագրային դաշտը,  համատեղ պայքար ծավալել մաքսային իրավախախտումների դեմ, պարզեցնել և համահունչ դարձնել երկու երկրների մաքսային ընթացակարգերը, տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաները լայնորեն օգտագործել տվյալների փոխանակման բնագավառում, ինչը կբացառի կրկնակի մաքսային ընթացակարգերի կիրառումը:

Գալիք տարի համատեղ ծրագրեր կիրականացվեն կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է հայ մաքսավորների որակավորման բարձրացումը կազմակերպել Ուկրաինայի մաքսային ծառայության Ակադեմիայում, որի երկու լսարանների արդիականացման ու տեխնիկական վերազինման խնդիրը կստանձնի ՊԵԿ-ը: Նաև երկու երկրների մաքսային ծառայողների փոխայցելություններ կկազմակերպվեն մաքսակետեր` տեղում ծանոթանալու Հայաստանի և Ուկրաինայի մաքսային ընթացակարգերի կիրառման առանձնահատկություններին, դրանց պարզեցման և ներդաշնակեցման ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացմանը:

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն ընդգծել է հայ-ուկրաինական մաքսային համակարգերի համագործակցության բարձր մակարդակը` նշելով, որ այն նոր լիցք է ստացել վերջին երկու տարում` նաև Ուկրաինայի մաքսային համակարգի նոր ղեկավարության ներդրած ջանքերի շնորհիվ: □Այսօր մենք նոր խնդիր ենք դրել մեր առջև` էլեկտրոնային հայտարարագրման տեղեկատվական փոխանակման ապահովումը Հայաստանի և Ուկրաինայի միջև, որի միջոցով կկարողանանք բիզնես-միջավայրին տրամադրել այնպիսի մաքսային ծառայություններ և ընթացակարգեր, որոնց արդյունքում,  ձևակերպումների ժամանակ, ընդհանրապես չի զգացվի, մաքսային հսկողության շունչը□,- նշել է ՊԵԿ նախագահը:

Ուկրաինայի ՊՄԾ նախագահը ևս շեշտել է համատեղ ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը. □Ինչպես նշեց իմ հայ գործընկերը, մեր երկրների գործարարների համար առավել հարմարավետ և հասկանալի կդառնան սահմանահատման կանոնները, կկրճատվի մաքսային ձևակերպումների ժամանակահատվածը: Շատ կարևոր էր պարոն Խաչատրյանի այն նախաձեռնությունը, որը վերաբերում է  Հայաստանի և Ուկրաինայի միջև դեռ էլեկտրոնային հայտարարագրման փուլում տեղեկատվության փոխանակմանը: Եթե դա հաջողվի` առաջին անգամը կլինի ոչ միայն մեր մաքսային մարմինների գործակցության պատմության մեջ, այլև տարբեր երկրների մաքսային ծառայությունների փոխհարաբերություններում□,- ավելացրել է Իգոր Կալետնիկը:

Մաքսային իրավախախտումների դեմ պայքարի առավել արդյունավետ կազմակերպման բնագավառում պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտ համագործակցություն հաստատել ՊԵԿ կինոլոգիական կենտրոնի և ուկրաինական համապատասխան ծառայության միջև: Որպես համագործակցության առաջին գործնական քայլ` ուկրաինացիները հայ գործընկերներին են նվիրել իրենց լավագույն  ,խուզարկուե շներից մեկի ձագին, որն այսուհետ իր ծառայությունը կանցկացնի Հայաստանի մաքսակետերում:

Այցի ընթացքում ՊԵԿ պատվիրակությունը ծանոթացել է Ուկրաինայի մաքսային ծառայության տարբեր ենթակառուցվածքների աշխատանքներին, ուսումնասիրել եվրոպական առաջավոր փորձը մաքսանենգության դեմ պայքարի բնագավառում, այդ ոլորտում կիրառվող տեխնիկական ժամանակակից նորամուծությունները:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը