Կարծիք

09.02.2023 17:28


ՔՊ-ականները չե՞ն հասկացել, որ չի կարելի խոսել «կզելու» մասին. երկիրը քաղաքական ողնաշարի գրիժա է ստացել նրանց պատճառով

ՔՊ-ականները չե՞ն հասկացել, որ չի կարելի խոսել «կզելու» մասին. երկիրը քաղաքական ողնաշարի գրիժա է ստացել նրանց պատճառով

Ազգային ժողովում այսօրվա ելույթներից աչքի ընկավ գորշ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի ելույթը, որտեղ նա մատը թափ տալով հայտարարում էր, թե իրենց իշխանությունը «...ոչ մեկի տակ չի կզում...»։ Ժառգոնային լեզվամշակույթի սիրահար այս ՔՊ-ականը նշում էր, թե իրենց շնորհիվ, Հայաստանն այսօր «...Ռուսաստանի և բոլոր այլ երկրների հետ վարում է արժանապատիվ, գործընկերային, ռազմավարական քաղաքականություն...»։

Փաստորեն, կա՛մ այս «ուսապարկը» մինչ այսօր ապրել է Լուսնի վրա և տեղյակ չէ հայաստանյան մեր կյանքից, կա՛մ տառապում է լկտի ցինիզմով և, փաստացի, ժողովրդի առաջ ծաղրում է բոլորին:

Նրանց իշխանությունը, փաստացի, կազմաքանդել է Հայաստանի հարաբերությունները դաշնակիցների հետ, որի արդյունքում ճանապարհ է բացել Ադրբեջանի ագրեսիայի առաջ: Նրանց պատճառով մենք կորցրել ենք Արցախի մեծ մասը, մնացած մասի պետականությունը, Հայաստանը դարձրել են կիսապետություն, որին ամեն օր սպառնում են Բաքվից և Անկարայից, իսկ այս «անձնավորությունը» խոսում է «կզելու» մասին:

Այն, որ այս «փողոցայինները» ոչ միայն տգետ են, այլև անազնիվ, գիտեն արդեն բոլորը: Բայց պարզվում է նրանք նաև անսահման ցինիզմով են տառապում, երբ հայտարարում են, թե այսօրվա Հայաստանն իրեն ավելի արժանապատիվ է զգում, քան նախկինում էր:

Ադրբեջանի հերթական ագրեսիայից հետո նրանց ղեկավարը նվաստացած, օրվա մեջ մի քանի անգամ զանգում է Մոսկվա, Փարիզ, Վաշինգտոն, թե եկեք փրկեք, մեզ գրավում են: Հետո հանգիստ ժամանակ սկսում են անմեղսունակ մտքեր հայտնել, թե ինչու այդպես ստացվեց: Հայկական բանակը կանխամտածված ձևով քանդելով՝ սրանք երկիրը, փաստացի, անպաշտպան են թողել, իսկ մեր 18 տարեկան զինվորների կյանքը հավի ճտի գնից էլ ցածր են գնահատում: Բայց ԱԺ ամբիոնից աքլորանում են նման ելույթներով:

Ոչինչ, ոչ ոք չի մոռանալու, ոչինչ չի մոռացվելու և այս ամենի հատուցման ժամանակը գալու է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը` zham.am

Այս խորագրի վերջին նյութերը