Լրահոս

29.09.2011 09:44


Մանե Հակոբյանի բաց նամակը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

Մանե Հակոբյանի բաց նամակը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

«Մեծարգո ՀՀ վարչապետ պրն. Տ. Սարգսյան

ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ղեկավար կազմի մի ստվար խմբի կողմից` ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ղեկավար պրն. Լեւոն Զուրաբյանի եւ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ պրն. Հրանտ Բագրատյանի անմիջական ղեկավարությամբ, 2009թ. աշնանից սկսած, իմ նկատմամբ խմբակային ծանր խարդախություն է իրականացվել, կոպտորեն խախտելով իմ հեղինակային իրավունքները: Այդ խմբակային խարդախությունը, որ, փաստացի, գողություն է` իմ մտավոր սեփականության նախորոք ծրագրված խմբակային գողություն, առ այսօր շարունակվում է եւ փորձ է արվում, ի վերջո, “հաղթական” ավարտին հասցնել վաղուց սկսած հանցագործությունը: Այդ հանցավոր խումբ անձինք, կեղծիքի ու խարդախության ճանապարհով ջանում են յուրացնել իմ հեղինակած «ՀՀ գիտության ու կրթության ոլորտների համակարգային վերափոխման եւ կայուն զարգացման ծրագիրը» (այսուհետ` համալիր «Ծրագիրը»), այս պահի դրությամբ` նրա «Գիտության բաժինը»:

Իմ հեղինակած համալիր «Ծրագիրը» մշակել եմ մենակ, վերջին 17 տարիների ընթացքում: Ուսումնասիրել եմ առաջատար գիտակրթական եւ բարձր-տեխնոլոգիական արտադրությունների հզոր համակարգեր ունեցող երկրների գիտակրթական ոլորտները, այդ համակարգերի միջեւ փոխգործակցության ու փոխազդեցության առավել էֆեկտիվ տարբերակները, այն քայլ առ քայլ հղկել ու տեղայնացրել եմ մեր Երկրի գիտակրթական ոլորտների համար, հիմնվելով հազարամյակների փորձություններով թրծված հայոց հոգեւոր ու մշակութային իրական արժեհամակարգի հենքի վրա:

Իմ համալիր «Ծրագրի» նկատմամբ միանձնյա հեղինակային իրավունքներ ունեմ (այն ամրագրված է 08/1779 30.04.2010թ.; № -07/150, 03.05.2010թ.): Բացի այդ, այն ամբողջությամբ տպագրվել է «Հետք»-ում (02.09.2010թ. «Ծրագրի» «Գիտության բաժինը», 13.10.2010թ.` «Հանրակրթության բաժինը» եւ 20.10.2010թ.` «Բարձրագույն կրթության բաժինը»): Եվ այս ամենի մասին ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ղեկավար կազմը, պրն. Լ. Զուրաբյանի գլխավորությամբ, ի սկզբանե, գրավոր կերպով տեղեկացված է եղել:

31.08.2011թ. «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» երիտասարդ գիտնականների շարժման Facebook-յանhttp://www.facebook.com/science.and.finance էջում հայտնաբերեցի 07.08.2011թ. տեղադրված «ՀԱԿ-ի ՀՀ գիտության ոլորտի համակարգային բարեփոխումների ծրագրի նախագիծ» հրապարակումը, որին որպես հեղինակներ նշված են Հ. Բագրատյանն ու Հ. Կարապետյանը, ովքեր այն ներկայացրել են նաեւ ՀԱԿ-ի հավանությանը:

Ավելին, մի շարք տեղեկատվական աղբյուրներ` «Ժամանակ», «Armtown.com» եւ այլն, այդ, այսպես կոչված, «ՀԱԿ-ի ՀՀ գիտության ոլորտի համակարգային բարեփոխումների ծրագրի նախագիծն» անվանում են «Աննախադեպ կապիտալ Ծրագիր» եւ եզրահանգում,- «Այսպիսով, ինչպես և սպասվում էր, Հ. Բագրատյանի մշակած այսծրագիրը, նրա մյուս ծրագրերի նման, արմատական համակարգային փոփոխություններ է նախատեսում, որի նպատակն է “ՀՀ-ն վերածել բարձրտեխնոլոգիական արտադրանք, գիտություն և կրթություն արտահանող երկրի”»:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ.

Այն փաստաթուղթը, որ Հ. Բագրատյան-Հ. Կարապետյան հանցավոր զույգը (հայցում եմ Ձեր ներողամտությունն իրերն իրենց անունով կոչելուս համար) փորձում է քայլ առ քայլ վերագրել իրեն, յուրացնել եւ լրատվամիջոցներում այն, արդեն իսկ, հայտարարում Հ. Բագրատյանի մշակած «աննախադեպ կապիտալ Ծրագիր», իրականում իմ համալիր «Ծրագրի» «Գիտության բաժինն» է, որի տեքստում Հ. Բագրատյանն, իր խոսքերով ասած, “փոքրիկ կոսմետիկ ավելացումներ” էր արել, ինչն իրականում խաթարում, խարխլում է իմ «Ծրագրի» բուն տրամաբանությունը:

Ավելին, այդ խայտառակ “փոքրիկ կոսմետիկ ավելացումներ” ասվածը Հ. Բագրատյանն “իրականացրել” է ոչ թե հիմա, այլ մեկ տարուց ավել առաջ եւ 23.08.2010թ. էլ.-փոստով այն ուղարկել է ինձ, իմ “Ծրագրի” այդ “փոքրիկ կոսմետիկ ավելացումներով տարբերակի” մասին իմ կարծիքն իմանալու նպատակով:

Հետաքրքիր է, որ իմ «Ծրագրի»` 23.08.2010թ. ինձ ուղարկված “փոքրիկ կոսմետիկ ավելացումներով տարբերակի” տեքստը նույնական է 07.08.2010թ. Facebook-յան http://www.facebook.com/science.and.finance էջում տեղադրված տարբերակի տեքստին, սակայն դրանցում տարբեր են համահեղինակները: 23.08.2010թ. իմ «Ծրագրի» այդ “փոքրիկ կոսմետիկ ավելացումներով տարբերակում”, որպես համահեղինակներ նշված են Հ. Բագրատյանը, Հ. Կարապետյանը, ես` Մ. Հակոբյանս (համալիր «Ծրագրի» միակ հեղինակս) եւ ոմն Վ. Հարությունյան: Իսկ Facebook-յան http://www.facebook.com/science.and.finance էջում 07.08.2011թ. տեղադրված նույնական տարբերակում, արդեն, համահեղինակներ են Հ. Բագրատյանն ու Հ Կարապետյանը:

Ավելին, իմ «Ծրագրի» 23.08.2010թ. “փոքրիկ կոսմետիկ ավելացումներով տարբերակին” համահեղինակների շարքի կցումն իր գլխավորությամբ, Բագրատյանն իրեն թույլ էր տվել առանց իմ համաձայնության, ինքնակամ, ինչը ես հետագայում բացառել եմ:

Եթե ավելի ստույգ լինենք, ապա պրն. Բագրատյանը որեւէ կապ չունի ո՛չ 23.08.2010թ. իր կողմից ինձ ուղարկած իմ «Ծրագրի» “փոքրիկ կոսմետիկ ավելացումներով տարբերակի” եւ, որպես հետեւանք, ո՛չ էլ 07.08.2010թ. Facebook-յան http://www.facebook.com/science.and.finance էջում տեղադրված տարբերակի հետ, ինչի ապացույցը մանրամասն Ձեզ կներկայացնեմ «Բաց նամակին» կցված փաստաթղթերում:

Բացի այդ, ես որեւէ պարագայում համաձայն չեմ, որ իմ ««Ծրագրի» գիտության բաժինը», “փոքրիկ կոսմետիկ փոփոխություններով” կամ առանց դրանց, ներկայացվի որպես «ՀԱԿ-ի ՀՀ գիտության ոլորտի համակարգային բարեփոխումների ծրագիր»: Այս մասին ես բազմիցս գրավոր հայտարարել եմ ՀԱԿ կենտրանական գրասենյակի ղեկավարությանը` պրն. Լ. Զուրաբյանին, պրն. Հ. Բագրատյանին, տկն. Մ. Պետրոսյանին, պրն. Ա. Սարգսյանին, պրն. Ա. Ավագյանին, պրն. Ա. Մանուկյանին, պրն. Ա. Բանուչյանին եւ այլոց:

Մեծարգո ՀՀ վարչապետ

Ես գիտեմ, որ մշակել եմ «աննախադեպ կապիտալ համալիր «Ծրագիր»», ինչպես հայտարարում են լրատվամիջոցները: Գիտեմ, որ այն աշխատող «Ծրագիր» է, գիտեմ, թե որտեղից է պետք սկսել եւ գիտակրթական ոլորտներում ինչ համատեղ, միաժամանակյա քայլեր է անհրաժեշտ իրականացնել, որ հաջողենք: Գիտեմ նաեւ, որ սա է այն միակ, ճշմարիտ ուղին, որը կդառնա ՀՀ տնտեսության կայուն զարգացման համար ամուր հիմք եւ հզոր խթան: Մնում է այն կյանքի կոչել: Սակայն, իմ այդ «աննախադեպ կապիտալ համալիր «Ծրագրի»» հետ Հ. Բագրատյան-Հ. Կարապետյան հանցավոր զույգը որեւէ առնչություն չունի եւ չէր էլ կարող ունենալ: Ավելին, այդ հանցագործները նաեւ կրողը չեն այն գաղափարների ու արժեհամակարգի, որ իմ համալիր «Ծրագրի» ողնաշարն ու հոգեւոր հենքն են կազմում:

Հարց է ծագում, թե ինչե՞ս է պրն. Հ. Բագրատյանն, իր վտանգավոր հակումներով հանդերձ, զբաղեցրել ՀՀ վարչապետի պաշտոնը եւ երկար պաշտոնավարել` մարդ, ով, առանց աչքը թարթելու, փաստացի, գողանում է այն ինչն իրեն դուր է եկել եւ, իր կարծիքով, անհրաժեշտ է իր առաջխաղացման համար ու դրա համար պատրաստ է դիմել ցանկացած հանցագործության: Բացի այդ, ՀՀ գիտության ոլորտի ներկայիս ծանր վիճակի համար մենք մեծիվ մասամբ “պարտական” ենք Հ. Բագրատյան-Հ. Կարապետյան հանցավոր զույգին, ովքեր իրենց համատեղ պաշտոնավարման տարիներին ՀՀ գիտության ոլորտում ներդրեցին չհաշվարկված, չմշակված, կիսատ-պռատ “նորամուծություններ”, այդ կերպ հիմքից խարխլելով ողջ ՀՀ գիտական համակարգը: Սա է իրականությունը:

Մեծարգո ՀՀ վարչապետ

Խնդրում եմ օգնել ինձ բացահայտել Հ. Բագրատյան-Հ. Կարապետյան հանցավոր զույգի եւ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ղեկավար կազմի մի ստվար խմբի կողմից իմ նկատմամբ իրականացրած կանխամտածված ծանր խմբակային խարդախության արդյունքում իմ համալիր «Ծրագրի» «Գիտության բաժնի», փաստացի գողությունը, հանցագործներին պատժել օրենքի ողջ ուժով եւ ապահովել իմ կողմից մշակված համալիր «Ծրագրի» նկատմամբ ՀՀ օրենքներով ամրագրված իմ միանձնյա հեղինակային իրավունքների անձեռնմխելիությունը:

Իմ համալիր «Ծրագիրը» պատրաստ եմ եղել եւ պատրաստ եմ քննարկել ՀՀ իշխանությունների եւ բոլոր նրանց հետ, ովքեր իմ «Ծրագրի» հենքը կազմող գաղափարների ու արժեհամակարգի կրողներն են եւ պատրաստ են գնալ այս դժվարին, սակայն միակ ճշմարիտ ու կարճ ճանապարհով, նպատակ ունենալով ՀՀ-ը վերածել բարձր տեխնոլոգիական արտադրանք, գիտություն եւ կրթություն արտահանող հարուստ ու առաջատար Երկրի:

 

Հարգանքով`

ֆիզ.մաթ.գիտ.թեկն., դոցենտ, Մանե Հակոբյան»

Այս խորագրի վերջին նյութերը