Լրահոս

28.09.2011 20:40


Սերժ Սարգսյանը հանդիպել է Նիկոլա Սարկոզիի հետ

Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո  տեղի ունեցած զրույցի ընթացքում նախագահները քննարկել են հայ-ֆրանսիական բազմաշերտ հարաբերությունների զարգացման ընթացքը և հեռանկարները:

Ողջունելով ՀՀ նախագահին` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նշել է, որ անհամբերությամբ է սպասում Հայաստան կատարելիք իր պետական այցին, և այցի ձևաչափն ինքնին միտված է ցուցադրելու երկու երկրների հարաբերությունների բացառիկ ջերմությունը:

Նիկոլա Սարկոզին ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է և միշտ լինելու է նրա կողքին: Ֆրանսիայի նախագահը ողջունել է Հանրապետության ղեկավարի գլխավորությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումները:

Նախագահ Սարկոզին գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիան  Հայաստանում ներդրումների ծավալով երկրորդ երկիրն է, սակայն դրանով չի սահմանափակվելու և շարունակելու է նոր ծրագրերով հանդես գալ:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, թե ուրախ է, որ  իր այցը Ֆրանսիա կայանում է հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանը նշում է անկախության հռչակման 20-րդ տարեդարձը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը շահագրգռված է Ֆրանսիայի հետ հարաբերությունների հետագա խորացմամբ: «Մենք հպարտ ենք Ֆրանսիայի հետ բարեկամությամբ և անչափ կարևորում ենք մեր երկու երկրների միջև ձևավորված սերտ կապերը»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Աշխատանքային ճաշի ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներն անդրադարձել են նաև երկու երկրների համագործակցությանը էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման, կրթության և մշակութային ոլորտներում:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև  ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին:

 

Մինչ Ֆրանսիայի Նախագահի հետ հանդիպումը, Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեի հետ:

Ֆրանսիայի ԱԺ նախագահն ընդգծել է, որ իր երկրի խորհրդարանը քիչ երկրների հետ ունի միջխորհրդարանական այնպիսի հարաբերություններ, ինչպիսիք առկա են Հայաստանի և Ֆրանսիայի միջև: Բեռնար Ակուայեն, այդ հարաբերությունները որակելով եզակի, նշել է, որ Հայաստանը շատ ակտիվ բարեկամներ ունի Ֆրանսիայի խորհրդարանում, իր երկիրն էլ` Հայաստանի ԱԺ-ում ունի նույնքան լավ բարեկամներ:

Երկուստեք կարևորվել է միջխորհրդա­րա­նական դիվանագիտության դերը երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում: Ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը:

Այս խորագրի վերջին նյութերը