Կարծիք

28.01.2023 15:10


Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ բանակի, հունվարի 28-ի, սեպտեմբերի 21-ի, մայիսի 9-ի

Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ բանակի, հունվարի 28-ի, սեպտեմբերի 21-ի, մայիսի 9-ի

Բանակի օրը նշելու և մեր բանակի համար բաժակ բարձրացնելու տրամադրություն չկա, քանզի բանակը ոչնչացրել են։ Ոչնչացումը չնկատելն ու պաթոսով կենացներ ասելը յուրօրինակ հարված կլինի մեր վաղվա բանակին։ Հետևաբար՝ պետք է խոսել իրականությունից։

Այսօր մեր բանակի օրն է և օրացույցով՝ տոնական, բայց մթնոլորտը տոնական չէ։

Իշխանությունները ձևականորեն այցելել են Եռաբլուր, որի գերեզմանոցային տարածքները նրանք մեծացրել են մի քանի անգամ։ Բանակը նիկոլենց համար բեռ է, որը նրանք մի կերպ քարշ են տալիս։

44–օրյա պատերազմից հետո Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ թույլ չի տալու հայկական բանակի վերականգնում։ Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանը դեմ չէ դրան։ Ինչպես որ Արցախն է նա համարում ադրբեջանական, այնպես էլ հայկական բանակին է վերաբերվում ալիևյան տարբերակով։

2018–ին Հայաստանում իշխանության եկան մարդիկ, ովքեր մինչև կառավարական կաբինետներում հայտնվելը տարիներ շարունակ արել են երեք բան՝

1․ ատել են Ղարաբաղյան 1–ին պատերազմում տարած մեր հաղթանակը՝ այն համարելով մեր դժբախտությունների ու վատ ապրելու պատճառ, հայաստանցի–ղարաբաղցի հակադրություն են սերմանել («Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»), Ղարաբաղը համարել են բեռ ու խանգարիչ գործոն՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ քիրվայություն անելու և Սերգոջանին լավ ապրեցնելու համար,

2. վարկաբեկել են բանակն ու պատերազմում հաղթած մարդկանց, հակաբանակային մթնոլորտ են ձևավորել հանրության տարբեր շերտերի մոտ,

3. խփել են հայ–ռուսական հարաբերություններին, քննադատել մեր ռազմաքաղաքական դաշինքը։

Այս երեք կետերն էլ ուղղակիորեն առնչվում են մեր երկրի լեգիտիմությանը, գոյությանը, անվտանգությանը։

2018–ի մայիսից սկսած վերը նշված 3 կետերը դարձան պետական քաղաքականություն։ Թիրախում հայտնվեցին՝ Արցախը, բանակը, հայ–ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները։ Դա արվեց ու արվում է այնքան հետևողականորեն, որ կասկած չկա՝ գործ ունենք հատուկ մշակված ծրագրի հետ։

Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է Արցախի Հանրապետության նկատմամբ ՀՀ հանձնառությունից, ինչը ապալեգիտիմացնում է Հայաստանի 3–րդ հանրապետությունը։

44–օրյա պատերազմում ու դրանից հետո ապալեգիտիմացվում է բանակը, ինչը պետության փլուզման ուղիղ ճանապարհն է։

Երբ դասալիքների իշխանությունը բանակի գրեթե ողջ անձնակազմին անցկացնում է քրեական գործերով և իր հերթին էլ բանակը Փաշինյանի հրաժարականի պահանջից հետո զգաստ կագնում է նրա առաջ, ապա դա նշանակում է, որ բանակը վերացվում է և այդ գործընթացի ընթացիկ կառավարիչ է նշանակվել «ասֆալտի ֆիդայինը»՝ բացառապես սեփական ճոխ հարսանիքի կազմակերպմամբ աչքի ընկածը։ Օրերս տեղի ունեցած ողբերգական դեպքն ու մեր 15 զոհերը ցույց են տալիս, որ ընթացիկ կառավարիչն իր գործը հեղափոխական էնտուզիազմով կատարում է։

Նիկոլ Փաշինյանը եկած օրվանից աշխատում է Արցախի դեմ, վարկաբեկում է բանակը, զինվորականներին, իսկ պատերազմից հետո քայլ չի անում բանակի վերականգնման ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյանը փլուզում է հայ–ռուսական հարաբերությունները՝ դրանք դարձնելով թշնամական։

Սա հակապետական ծրագիր է, որը կանգնեցնելուց հետո է միայն հնարավոր հունվարի 28–ը, սեպտեմբերի 21–ը տոնել և մայիսի 9–ին գլուխը կախ ման չգալ։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը