Տնտեսական

24.01.2023 21:45


Հայտնի են խոշոր հարկատուները

Հայտնի են խոշոր հարկատուները

Հայաստանյան խոշոր հարկատուների ցանկը, ինչպես և այս տարվա առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակներում, այնպես էլ ողջ տարվա ընթացքում գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։ ՀՀ ՊԵԿ-ը հրապարակել է 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկը։

Ցանկի առաջատարներից են նաև այլ հանքարդյունաբերողներ, ծխախոտի ու կապի բիզնեսի ներկայացուցիչներ, վառելիքի շուկայի գերիշխողներ։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», հունվար–դեկտեմբեր ամիսներին ավելի քան 143.9 մլրդ դրամ է վճարել պետությանը։ Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիան» է` ավելի քան 52.2 մլրդ վճարմամբ։ Երրորդ և չորրորդ տեղերում ծխախոտի երկու խոշոր արտադրողներն են` «Գրանդ Տոբակոն» (45 մլրդ) ու «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» (27.4 մլրդ)։

Հինգերորդ տեղում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը 1 տարում վճարել է 19.5 մլրդ դրամ։

Վեցերորդ տեղում էլ ծխախոտի ոլորտը ներկայացնող ընկերությունն է`«Ֆիլիպ Մորիս Արմենիան», որը 18.1 մլրդ–ի հարկ է վճարել։ Հաջորդ տեղում «Մոբայլ սենթր արթ» ընկերությունն է, որը հունվար–դեկտեմբեր ամիսներին ավելի քան 17.5 մլրդ դրամ հարկ է վճարել։ Ութերորդ տեղում է «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը, որը նույնպես ծխախոտային բիզնեսով է զբաղվում։ Այն նախորդ տարվա ընթացքում 16.9 մլրդ դրամ է մուտք արել պետբյուջե։

«ՋԵՅ ԹԻ ԱՅ Արմենիան» «Japan Tobacco Inc.»-ի միջազգային ստորաբաժանումն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Տոկիոյում։ Այն աշխարհի ամենախոշոր ծխախոտային ընկերություններից մեկն է։

Առաջին տասնյակում է նաև վառելիքի շուկայի խոշոր ընկերություններից մեկը` «ՍԻ ՓԻ ԷՍ էներջի գրուպը», որն իններորդն է` կրկին 16.9 մլրդ դրամ հարկերով։

Կապի օպերատոր «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը, որը 3-րդ եռամսյակում 5-րդ տեղում էր, այժմ եզրափակում է խոշոր հարկատուների տասնյակը` 2022 թվականի ընթացքում վճարելով ավելի քան 15.9 մլրդ դրամ գումար։

ՊԵԿ տեղեկատվության համաձայն` 2022թ.–ի ընթացքում միայն առաջին տասնյակում հայտնված ընկերությունները վճարել են ավելի քան 403 մլրդ դրամ գումար։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը