Կարծիք

22.01.2023 16:58


Կուշտ բղկալով, ռուսից, հայկական հայրենասիրություն ենք պահանջում, ու ամեն բանում մեղադրում

Կուշտ բղկալով, ռուսից, հայկական հայրենասիրություն ենք պահանջում, ու ամեն բանում մեղադրում

Ներողություն եմ խնդրում, որ մի քիչ երկար ստացվեց, բայց խնդրում եմ կարդալ մինչև վերջ։ Կարծում եմ վերջապես կարողացա հնարավորինս կարճ ձևակերպել այն, ինչի մասին խոսում էի 2018 թվականից, ու ինչը Դուք համարում էիք չափազանցություն։

2018 թվականին ես իմ կյանքում առաջին անգամ հանրային խոսք ասեցի՝ քաղաքական ոլորտում։ Չէ, ես քաղաքական գործիչ չեմ, բայց այդ պահին հասունացա այն բանի համար, որ ոչ միայն զգամ իմ Հայրենիքը... Ոչ միայն իմ սեփական պարտքն ունենամ իմ Հայրենիքի նկատմամբ... Այլ նաև արտահայտեմ իմ այդ դիրքորոշումը և իմ կողքին համախմբեմ համախոհների։

Այն ժամանակ, հարցազրույցներից մեկում ես մանրամասն բացատրելով Նիկոլ Փաշինյան չարիքից ունեցած իմ մտավախությունների իմաստը, ասացի, որ Փաշինյանը եկել է Արցախը՝ ադրբեջանին հանձնելու... Ես իմ թեզը հիմնավորում էի բավական լուրջ ուսումնասիրելով նրա անձը, նրա գործունեությունը, նրա կոչերն ու պոպուլիզմի աստիճանը և էլի շատ այլ բաներ։ Այն ժամանակ, լայն հանրությունը ինձ համարեց «նախկինների կամակատար», «չափազանցնող», «...մեր լավը չուզող»... Մի խոսքով ինքներդ հիշում եք... Եվ նույնիսկ այն մարդիկ, ովքեր հասկանում էին «նիկոլփաշինյան» աղետի մասին, չեին էլ պատկերացնում, թե իրավիճակը կարող է վերաբերվել Արցախին՝ ամբողջ Հայ ազգի սրբությանը։ Մի գաղափարի, որով սկսել էր մեր ազգային ազատագրական շարժումը։ Մի գաղափարի, որի համար զոհվել էին հարյուրավոր հայորդիներ, ունեցել էինք հերոսներ... Մի խոսքով՝ մեր սրբությանը։ Այո, իմ միամիտ ու մաքուր ընկերները չէին էլ պատկերացնում, որ հնարավոր է նման հրեշավոր դավաճանություն...

2020 թվականին Նիկոլ Փաշինյանը 44 օր փորձեց ամեն գնով հանձնել Արցախը։ Նա դա արեց ավելի քան 5000 հայ երիտասարդներ զոհելու գնով, իր տիկնոջը, որպես գարանտ թողնելով պատերազմի գերագույն շտաբում։ Չէ, ես հենց այնպես չեմ խոսում։ Ես մասնակից եմ եղել այդ ՖԱՐՍԻՆ, որի անունը պատերազմ եք դրել... Որտեղ կոտորվեցին իմ եղբայրները։ Մի ֆարսի, որը վաճառված էր և կանխորոշված արդեն սկզբից, սակայն փաշինյանական ստոր մունետիկները, մինչև վերջին պահը հնչեցնում էին «ՀԱՂԴԵԼՈւ ԵՆՔ» և «ԴԱԳԴԻԳԱԳԱՆ ՆԱՀԱՆՋ» բառերը, որոնք էլ լրիվ բավարար էին կասկադում թեյ խմող հայերի համար, որ բավարարվեն միմյանց հետ վերջին ռազմական նորությունները քննարկելով և հետո կատարված հայրենասիրության զգացումով, հանգիստ խղճով գնան քնելու, որովհետև առավոտյան ծնունդի են հրավիրված... Իսկ Փաշինյանին էլ դա բավարար էր, որ ԱՄԵՆ ԳՆՈՎ հանձնի Արցախը Ալիևին։

Չստացվեց։ Ռուսները չթողեցին։ Երկար ժամանակ փորձեցին մեզ կանգնեցնել, չկարողացան, և հետո արդեն, հասկանալով, որ ամեն բանը չի վերջանալու Քարվաճառով ու Կովսականով, հասկանալով, որ արդեն Շուշին էլ է Փաշինյանը հանձնել և հերթը Ստեփանակերտինն (Վարարակն) է ինչ-որ կերպով կանգնեցրեցին այդ դավաճանական ակտը։ Դե իհարկե մենք էլ սկսեցինք հենց իրենց ռուսներին մեղադրել, որ մեզանից ավելի Հայ չեղան և ի սկզբանե, երբ մենք կասկադում թեյ էինք խմում, չբացահայտեցին, որ Փաշինյանը դավաճան է, ու չհեռացրեցին նրան։ Դե բա 2018-ին մեք պետք է զուռնա դհոլով, փողոցում քյաբաբ ուտելով նրան բերեինք ու Քաջ Նազարի պես դնեինք գահին, իսկ հեռացնելը... Չէէէէ էդտեղ ռուսներն են մեղավոր։

2022 թվականի վերջ։ 2021 թվականին արդեն ընտրված Նիկոլ Փաշինյանը, ում համարյան 700000 հայ էր ձայն տվել, կրկին փորձում է հանձնել Արցախը ադրբեջանին։ Ներքին պայմանավորվածություն ձեռք բերելով, ես այլ կերպ չեմ կարող դա բացատրել, թույլ է տալիս, որ Արցախը շրջափակեն և անմարդկային պայմաններ ստեղծեն արցախցու համար։ Համոզված լինելով, որ մի փոքր «սոված մնալով» արցախցիները կուզեն դուրս գալ Արցախից, իսկ ադրբեջանցիները այդ ելքը կկազմակերպեն, դե իսկ ինքն էլ արդեն, դուդուկի ձայն հանող դեմքով կհայտարարի, որ յուրաքանչյուր դուրս եկած ընտանիքին մի 30 000 դրամ գումար է հատկացնում... Հիշում ենք էլի, որ Փաշինյանի ընկեր Մակրոնն էլ խոսք էր տվել գումար հատկացնել, որ Հայաստանում՝ Արցախ անունով քաղաք կառուցվի, միայն թե այդ հարցը լուծվի ի օգուտ ադրբեջանցիների։

Այստեղ արդեն ի դեմ Հայաստանում նիկոլամետ ուժերի, ովքեր ամեն կերպով իրենց վրա են վերցրել արծրունհովհաննիսյանների գործը, արդեն 40 օր շարունակ մեզ ասելով՝ «ՀԱՂԴԵԼՈւ ԵՆՔ» և «ԴԱԳԴԻԳԱԳԱՆ ՆԱՀԱՆՋ», սրան էլ ավելացնելով Օստապ Իբրահիմովիչ Բենդերի հանրահայտ խոսքերը՝ «Заграница нам поможет! Запад с нами!», որով հանգստացնում են կասկադում թեյ խմող ու կուշտ ստամոքսի վրա բարեհաջող բղկացող ժողովրդին, այ այս ամենին ի դեմ, 120 000 ԱՐՑԱԽՑԻ, ՀԱՅԵՐ, որով միայն կարող ենք հպարտանալ, Մարդիկ, ում համար Հայրենիքը թանկ է ստամոքսից, ի հակառակ նրա, որ Նիկոլ Փաշինյանը, շրջափակման հենց սկզբից հրաժարվեց Արցախից, թքած ունենալով Փաշինյան-Ալիև տանդեմի վրա, դեմ դուրս եկան, հայտարարելով, որ սովից մեռնելու են, բայ Հայրենիքից դուրս չեն գալու։

Եկեք փաստենք, որ Փաշինյանի՝ Արցախը ադրբեջանին հանձնելու արդեն երկրորդ դավաճանական պրոեկտը, խափանվեց։ Խափանվեց Հերոս-Արցախցիների շնորհիվ։ Այսպիսով, կարող ենք ասել, որ Փաշինյանի միսսիան ավարտվեց արդեն նաև Ալիևի համար։ Արևմուտքը, ով պնդում է Արցախի ադրբեջանական լինելու մասին հասկացավ, որ Փաշինյանն անզոր է, իսկ դե ռուսները՝ կարծում եմ ոչ մեկիս համար գաղտնիք չէ նրանց վերաբերմունքը փաշինյան երևույթին։

Իսկ մե՞նք... Դե մենք շարունակում ենք կասկադում թեյ խմել, արծրունհովհաննիսյանական լուրեր լսել, բղկալ ու հանդիպելով մի ինչ-որ հայրենասեր ընկերոջ, պահանջատիրոջ, մի փոքր մուննաթով, տոնով հարցնել՝ «Այ ախպեր, սրան երբ եք ռադ անելու...», եվ ինչ-որ պատասխան ստանալով, մեծամտությամբ ասել՝ «չհավատացի ախպերս, դու ինձ կոնկրետ ասա...»։ Մի խոսքով օր ու ժամ պահանջելով, չգիտեմ ումից, չգիտես թե որ պարտաթղթով, չգիտես թե ինչու... Մարդկանցից, ովքեր իրենց գործերը թողած, զրկանքների միջով անցնելով, արդեն 5 տարի մեր բոլորի Հայրենիքն են ուզում փրկել, համարելով, որ պատասխանատվությունը միայն իրենցն է... Հա, ու վերջում ավելացնելով՝ «...ախպերս սա չի գնալու։ Ռուսը չի ուզում։ Ռուսին ձեռք ա տալիս...» կարծես թե դրանով արդարացնելով այն, որ կուշտ կերել են, սոված Արցախցու ֆոնի վրա։ Ու կասկադում նստած, առավոտյան խաշը մարսելով, ռուսից, Հայկական հայրենասիրություն ենք պահանջում, լուռ նայելով թե Փաշինյանը ինչպես է ծվատում մեր հայրենիքը, կոտորում մեր որդիներին և լկտիաբար խոսում բարփոխումների մասին։

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը