Կարծիք

20.01.2023 20:34


Հանրությունը նյարդայնացած է 15 զինվորների մահվան կապակցությամբ, սակայն լուռ է 120 հազար արցախցիներին վառարան ուղարկելու մտադրության մասով

Հանրությունը նյարդայնացած է 15 զինվորների մահվան կապակցությամբ, սակայն լուռ է 120 հազար արցախցիներին վառարան ուղարկելու մտադրության մասով

15 զինվորների ողբերգական մահը ցնցեց ողջ հանրությանը: Մարդիկ տեսան, որ Նիկոլ Փաշինյանի նախկինում խոստացած «բանակի ելակը» այլևս գոյություն չունի: Մարդիկ զարմացած են, թե ի՞նչ աստիճանի են իշխանությունները խաբել ժողովրդին, բանակի, իբր, բարեփոխումների անցկացման վերաբերյալ:

Մարդիկ զայրացած են, վրդովված են և պահանջում են պատժել Փաշինյանին և նրա թիմակիցներին:

Բայց նույն այդ մարդիկ լուռ էին, երբ Փաշինյանը բացահայտորեն խոստովանում էր, որ համաձայնվել է արցախցիներին հանձնել Ադրբեջանին: Միթե՞ նույն այդ մարդիկ պիտի տեսնեին, թե ինչպես են արցախցիներն այրելու իրենց տները և հեռանալու Արցախից, որ նույն այդ կեղծ արժեքներով ապրող հանրությունն իր զայրույթը հայտներ Փաշինյանի հերթական հանցագործության վերաբերյալ:

Փաստացի, հայ հանրությունը չունի էմպիրիկ, նույնիսկ տարրական պատկերացում և արձագանքում է միայն կատարված փաստի մասով: Նույնը կատարվում էր 100 տարի առաջ, երբ հայ գյուղացին հասկանում էր, որ իր ցեղասպանվելու ժամանակն եկել է, երբ տեսնում էր իր հետևից եկած թուրք զինվորներին:

Իսկ մինչ այդ իր գյուղապետն իրեն համոզել էր, որ ցեղասպանվելու է ոչ թե ինքը, այլ հարևան գյուղի հայ բնակիչը: Հենց այդ պատճառով էլ նա հանգիստ էր, մինչ իր հերթի գալը:

Հայ մարդու այս բնազդային վարվելակերպը դժվար է համարել նորմալ մարդկային բնույթի: Քանզի կենդանական աշխարհում միայն անասուններն են այդպիսի վարվելակերպ ցույց տալիս, այն էլ ոչ բոլոր տեսակի անասունները:

Հենց դրա համար էլ շատերը հայերին համարում են մազոխիստ ժողովուրդ: Սակայն իրականում մենք մազոխիստ չենք, այլ անսահման աստիճանի տգետ ազգ ենք: Բայց մենք մեղավոր չենք, քանզի ոչ մի ազգ չի կրթվում ինքնաբերաբար ձևով: Ժողովուրդներին, սովորաբար, կրթում են իրենց վերնախավերը, որի արդյունքում ժողովուրդներն ամբոխից վերածվում են ազգի:

Մենք, ավելի քան 600 տարի անընդմեջ զրկվել ենք պետություն ունենալուց և այդ իսկ պատճառով դարձել ենք, փաստացի, պետություն չսիրող ժողովուրդ: Այս իրավիճակից, սովորաբար, լինում է երկու ելք՝ կամ ժողովուրդը կրկին ցեղասպանվում է, կամ էլ ձևավորվում է մի այնպիսի միջավայր, որտեղից ծնվում է մի առաջնորդ և տանում է բոլորին իր հետևից՝ փրկելով ժողովրդին վերջնական կործանումից:

Երրորդ ճանապարհ գոյություն չունի: Եվ մենք այսօր կանգնած ենք հենց այդպիսի երկընտրանքի առջև:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը