Լրահոս

27.09.2011 12:44


Անկարայի բանկերը հայտարարել են, թե որևէ պատասխանատվություն չեն կարող կրել հայերի՝ 1915–ին բռնագրավված ունեցվածքի համար

Ինչպես գրում են թուրքական պարբերականները, Թուրքիայի Կենտրոնական և Գյուղատնտեսական բանկերը պատասխանել են Լոս Անջելեսի դաշնային շրջանային դատարան հայկական կողմի ներկայացրած հայցին։ Ամերիկաբնակ Ալեքս Բակալյանը, Անաիս Հարությունյանը և Ռիտա Մահտեսյանը հայց են ներկայացրել Թուրքիայի կառավարության, Կենտրոնական և Գյուղատնտեսական բանկերի դեմ և պահանջում են իրենց պապերի՝ Ադանայում կորցրած ունեցվածքի համար 63 մլն 900 հազ դոլարի փոխհատուցում։ Հայցվոր կողմը պահանջում է նաև վճարել ԱՄՆ–ի կողմից վարձակալվող Ինջիրլիք ռազմաբազայի վարձակալությունից ստացված եկամուտների մի մասը։ Այսպիսով, թուրքական իշխանությունները հայկական կողմին ընդհանուր առմամբ պետք է վճարեն 100 մլն դոլար փոխհատուցում։

Իրենց պատասխանում բանկերը նշել են, որ որևէ պատասխանատվություն չեն կարող կրել 1915–ին բռնագրավված հայերի ունեցվածքի համար, քանի որ Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրվել է 1923–ին։

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի դաշնային շրջանային դատարանը հայերի ներկայացրած հայցի կապակցությամբ որոշում էր կայացրել պարտավորեցնել Անկարային պատասխանող կողմ դառնալ դատական գործընթացում: Քանի որ թուրքական կողմը հրաժարվում էր դառնալ դատական գործընթացի  մասնակից, ԱՄՆ Պետքարտուղարությունը դիվանագիտական նոտա էր հղել Անկարային և պահանջել պատասխանող կողմ դառնալ։

Այս խորագրի վերջին նյութերը