Լրահոս

26.09.2011 15:02


Ավարտվեց Orange գրքի մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը

Ավարտվեց հուլիսի 11-ին մեկնարկած "Orange գրքի մրցանակ 2011" գրքի մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը: Կազմակերպիչներն ընդունել են ընդհանուր թվով 130 ստեղծագոործություն, որոնցից 79 պատմվածքներ ու էսսեներ են, 16-ը` հեքիաթներ, 24-ը` դրամատիկական գործեր և 11-ը` վեպեր: Այս պահից սկսվում է ժյուրիի անդամների ընթերցանության շրջանը, որի ավարտին յուրաքանչյուր կատեգորիայում կընտրվեն առավելագույնը լավագույն չորս գործերը, որոնք էլ հոկտեմբերի 7-ին` «Դարձ առ գիրք» գրքարվեստի փառատոնի ժամանակ կհանձնվեն ընթերցասերների լայն շրջանակների դատին: Հաղթողները կընտրվեն ընթերցողների առցանց քվեարկությամբ:

Հիշեցնենք, որ մրցույթի չորս անվանակարգերում` պատմվածք և էսսե, վեպ, հեքիաթ, դրամատիկական գործ և սցենար,  մասնակցում են նրանք, ովքեր ստեղծագործում են հայերենով, ներկայացրել են նախկինում չհրատարակված գրական երկ և մշտապես բնակվում են Հայաստանում:

Յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը կհրատարակվի առանձին գրքով, 500 տպաքանակով: Մրցույթի հաղթողները կհայտարարվեն նոյեմբերի 11-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

Մրցույթի նպատակն է բացահայտել ժամանակակից հայ գրողներին, օրեցօր զարգացող էլեկտրանային մեդիայի միջոցով տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածներին, ինչպես նաև խթանել հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ: Այս նախաձեռնությամբ Orange-ը նաև պատրաստվում է Երևանի հետ միասին նշել գրքի և ընթերցանության տոնը` ընթառաջ գնալով 2012թ., երբ Երևանը կդառնա գրքի համաշխարհային մայրաքաղաքը: Orange գրքի մրցանակը կազմակերպվում և իրականացվում է «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին:

Այս խորագրի վերջին նյութերը