Լրահոս

26.09.2011 14:32


Կվերադառնա՞ արդյոք Ռոբերտ Քոչարյանը, ինչպես Վլադիմիր Պուտինը

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, պատասխանելով հարցին՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից վարչապետ Վլադիմիր Պուտինի առաջադրումը 2012թ. նախագահական  ընտրություններին ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ներքաղաքական կյանքի վրա, հավանակա՞ն է արդյոք ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, ասել է, թե ՌԴ–ի և ՀՀ–ի ներքաղաքական խնդիրներն իրարից անկախ են, և պետք չէ դրանք կապել։

–Այս երևույթը զուգակցել Հայաստանին տեղին չէ, քանի որ, օրինակ, արդեն մենք՝ կոնկրետ ՕԵԿ–ը, հայտարարել է, որ գալիք նախագահական ընտրություններին չի մասնակցելու. ավելին՝ մենք պաշտպանելու և աջակցելու ենք գործող նախագահ Սերժ Սարգսյանին,–ասել է նա։

ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանն էլ նույն հարցի կապակցությամբ ևս նշել է, որ պետք չէ ՌԴ ներքաղաքական կյանքին առնչվող հարցերը կապել ՀՀ ներքաղաքական խնդիրներին, քանի որ այդ կապը երբեք էլ չի եղել։

–ՀՀ–ի և ՌԴ–ի միջև գոյություն ունեն միջպետական ռազմավարական, այլ ոչ թե տրանսֆորմացվող հարաբերություններ։ Բոլորովին այլ տրամաբանությամբ է զարգանում Ռուսաստանի քաղաքական համակարգը, բոլորովին այլ կերպ՝ Հայաստանինը,–ասել է նա։

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը ևս նշել է, որ կապ պետք չէ տեսնել։

–Պետք չէ սա պրոյեկտել Հայաստանին, քանի որ այստեղ խաղացողները շատ ավելին են, քան Ռուսաստանում,–ասել  է նա։

Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ կապված էլ Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ, ըստ Վարդան Օսկանյանի, նա կվերադառնա։ Նա նաև ավելացրել է, որ նախագահները երբեք էլ քաղաքականությունից դուրս չեն լինում, և, ըստ էության, նա քաղաքական դաշտից դուրս չի եկել, և ակտիվ քաղաքականություն վերադարձի դեպքում էլ այն ուժերը, որոնք իրենց նրա օրոք լավ են զգացել, կհամախմբվեն նրա շուրջ։ Արտակ Զաքարյանն էլ նշել է, որ ինքն անձամբ Ռոբերտ Քոչարյանից կուզեր լսել՝ նա վերադառնալո՞ւ է ակտիվ քաղաքական կյանք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը