Կարծիք

11.01.2023 09:00


Ո՞ր երկրի ղեկավարն էր ասուլիս տալիս Հայաստանի՞, միգուցե Վրաստանի՞

Ո՞ր երկրի ղեկավարն էր ասուլիս տալիս Հայաստանի՞, միգուցե Վրաստանի՞

30-ից ավելի հարց, շուրջ չորս ժամ: Այսքան խոսեց այսօր Նիկոլ Փաշինյանը: Արցախի բլոկադա, ՀՀ սահմանների օկուպացիա, ռազմագերիներ, խաղաղության պայմանագիր, ՀԱՊԿ: Ամենասուր հարցադրումներին Փաշինյանը զարմանալիորեն պատասխանում էր հանդարտ, արտաքուստ հավասարակշռված: Իրեն բնորոշ ջղաձգումները, ձայնի ինտոնացիայի վայրիվերումներն այս անգամ չկային:

Ի՞նչ կարող էր իմանալ շարքային հեռուստադիտողն իր կյանքից 4 ժամ վատնելով և լսելով երկրի փաստացի ղեկավարին:

.Փակ է Լաչինի միջանցքը, Արցախի 120 հազար քաղաքացիներ գտնվում են շրջափակման մեջ:

.Աշխարհում տարբեր զարգացումներ են ընթանում, նոր աշխարհակարգ է ձևավորվում:

.ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն իրենց պարտավորությունները կատարելիս թերանում են:

.Թուրքիան բացել է օդային սահմանը, ինչը շատ դրական քայլ է ՀՀ-Թուրքիա հարաբերություններում

.ՀՀ-ն ընտրում է խաղաղությունը, բայց Ադրբեջանը ուզում է վերացնել մեր պետությունը:

.ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, բայց ՀՀ-ն անգամ իր անվտանգությունը չի կարողանում երաշխավորել, Հայաստանի երաշխավորն էլ է Ռուսաստանը:

Ի՞նչ կարող էր եզրահանգել շարքային հեռուստադիտողը այս խնդիրներից, ո՞րն է պատճառը, ո՞վ է մեղավոր, ի՞նչ լուծումներ է առաջարկում ՀՀ վարչապետը:

.Հայաստանի Կառավարությունը չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, իրենք թող բանակցեն, որոշեն:

.Միջազգային հանրությունը ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս, մենք ինչպես դեմ գնանք միջազգային հանրությանը:

.Ադրբեջանական զինուժը նոր չէ, որ մտել է ՀՀ սահմաններ, 30 տարի այստեղ էին:

.2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Հայաստանի Հանրապետությունը Լաչինի միջանցքի հետ կապված անելիք չունի:

.Ադրբեջանը պարտավորությունները չի կատարում, չի կարելի վստահել Ադրբեջանին:

Ենթադրենք, թե իրոք ամեն ինչ այնպես է, ինչպես ասում է Փաշինյանը՝ մեղավոր են բոլորը, ինքը արդեն պատասխանատվություն կրել է, մի քանի անգամ հրաժարական է տվել: Ենթադրենք՝ ինչն ու ինչուն պարզ է, մնում է գլխավոր հարցի պատասխանը՝ այս իրավիճակում ի՞նչ պետք է անել, ո՞րն է լուծումը, ի՞նչ է առաջարկում Փաշինյանի իշխանությունը:

Բայց, տարօրինակ կերպով այստեղ էլ՝ նորից նույն պատկերն էր: Ինչպես միշտ ոչ մի տեսլական խնդիրների լուծման, ոչ մի ճշգրիտ անելիքների պատկերացում, ի՞նչ է պատրաստվում անել: Հնարավոր ի՞նչ զարգացումներ կարող են լինել, ի՞նչ անել, ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից. ոչ մի խոսք: Տպավորություն էր, որ Փաշինյանը կանչել է իր նախկին կոլեգաներին, որ շարքային լրագրողի պես ներկայացնի իրավիճակը, մի քիչ էլ փորձի վերլուծել, իհարկե ունակությունների մասին՝ դատեք ինքներդ:

Կարող էր նաև տպավորություն ձևավորվել, որ ՀՀ անվտանգությանը, սպառնալիքներին, կենսական հարցերին պատասխանում է ոչ թե ՀՀ ղեկավարը, այլ որևէ այլ երկրի, օրինակ՝ Վրաստանի վարչապետը, որը նստած մեկ այլ երկրի մարտահրավերների մասին փիլիսոփայում էր: Տեղեկացված է, հետևում է, փոքր ինչ ցավում է, բայց դե ոչինչ անել չի կարող, անողներն ուրիշներն են, բայց դե նրանք էլ չեն անում:

Այլ կերպ ասած, այս անգամ ձևը փոխվել էր, բովանդակությունը մնացել՝ նույնը: Հերթական անգամ Փաշինյանը ցույց տվեց, որ ինքը հարց լուծող չէ, լուծումներին ընթացք տվողը չէ, լավագույն դեպքում՝ կարող է պատմել դրանց մասին:

Իսկ այդ ընթացքում Արցախում ադրբեջանցիների սադրանքի հետևանքով էլեկտրալարեր էին վնասվում և շրջափակված Արցախը կարող է հայտնվել նաև հոսանքից զրկվելու շեմին: Արցախում հայեր են, Հայաստանն է անվտանգային ճգնաժամի մեջ, իսկ երկրի թիվ մեկ պատասխանատուն, այդ ճգնաժամերին լուծումներ տվողը, նստել փիլիսոփայում էր:

Տաթև Միրզոյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը