Աշխարհ

09.01.2023 16:00


Թուրքական ընդդիմությունը միասնական թեկնածու կառաջադրի նախագահական ընտրություններում

Թուրքական ընդդիմությունը միասնական թեկնածու կառաջադրի նախագահական ընտրություններում

Թուրքական ընդդիմությունը փետրվարին կհայտարարի առաջիկա նախագահական ընտրություններում իր միասնական թեկնածուի անունը, հայտնել է կառավարական շրջաններին մոտ կանգնած Hurriyet թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: Հերթական համընդհանուր ընտրությունները (միաժամանակ նախագահական և խորհրդարանական) Թուրքիայում նախատեսված է անցկացնել 2023 թվականի հունիսի 18-ին։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր Էր համարել ընտրությունների անցկացումը տեղափոխել ավելի վաղ ժամկետ՝ «հաշվի առնելով սեզոնային պայմանները»։ «Նախագահի ընդհանուր թեկնածուի, ընտրական դաշինքի ձևի և վեց առաջնորդների մանդատի համատեղ հայտարարությունը նախատեսվում է փետրվարին»,-ասել է սյունակագիրը։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և «Ազգայնական շարժում» կուսակցությունը ավելի վաղ ստեղծել էին «Ժողովրդի դաշինքը»: Թուրք ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում «Ժողովրդի դաշինքի» թեկնածուն լինելու է նախագահ Էրդողանը։

Թուրքիայի նախագահն ինքը երկար ժամանակ չէր մեկնաբանում իր թեկնածության առաջադրումը, սակայն համախոհների հետ հանդիպման ժամանակ բոլորի համար անսպասելիորեն նա հայտարարեց, որ մտադիր է պայքարել պետության ղեկավարի պաշտոնի համար՝ կոչ անելով իր հիմնական գլխավոր մրցակցին՝ Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր ձախ կենտրոնամետ «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, հայտարարել ընդդիմության թեկնածուի անունը։

Միևնույն ժամանակ պարբերաբար անցկացվում են ընդդիմադիր վեց կուսակցությունների առաջնորդների հանդիպումներ, որոնց մասնակցում են «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները, «Երջանկություն» աջ պահպանողական սուննիական կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուն, քեմալական-պահպանողական «Դեմոկրատական​» կուսակցության ղեկավար Գյուլթեքին Ույսալը, «Ժողովրդավարություն և բեկում» կուսակցության առաջնորդ Ալի Բաբաջանը և Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն։

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների վեց առաջնորդներն առաջին հանդիպումից հետո հայտարարություն են արել «կառավարման ուժեղացված խորհրդարանական համակարգի» անցնելու մասին հուշագրի նախապատրաստման մասին։

Այս խորագրի վերջին նյութերը