Կարծիք

31.12.2022 15:48


Հերոս տղերք են ու հրամանատարներ, որ դժվարին պայմաններում, երեք կողմից շրջապատված, իրենց ծառայությունն են կատարում

Հերոս տղերք են ու հրամանատարներ, որ դժվարին պայմաններում, երեք կողմից շրջապատված, իրենց ծառայությունն են կատարում

Նախօրեին պատգամավոր գործընկերներիս հետ առաջնագծում էինք, Կապանի ամենավտանգված հատվածներից մեկում՝ Ներքին Հանդ, Սրաշեն, Շիկահող բնակավայրերի մարտական դիրքերում։ Շատ փակագծեր չեմ բացի։ Կասեմ միայն` հերոս տղերք են ու հրամանատարներ, որ դժվարին պայմաններում, երեք կողմից շրջապատված, շատ առավել բարվոք դիրքային պայմաններում գտնվող թշնամու ուղղակի դիտարկման տակ իրենց ծառայությունն են կատարում։

Այս օրերին ողջ առաջնագծում մեր խմբակցության պատգամավորներն այցելություններ էին կազմակերպել առաջնագիծ։ Ինձ հատկապես շատ դժվար էր այս հատված այցելությունը։ Մի քանի ամիս առաջ, հուլիսին էինք «Հայաստան» խմբակցության ղեկավար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հետ ճիշտ այս հատված այցելել՝ իրավիճակին ծանոթանալու համար։ Այդ ժամանակ կային արդեն ահազանգեր, որ գարնանը թշնամին հաստատվել է գերիշխող մի հատվածում (լուսանկարում կարմիր օղակի մեջ)։ Այդ ժամանակ իշխանությունները չքմեղանում էին, թե նախկինում իրենցն է եղել, ուղղակի ձնհալից հետո կրկին վերադարձել են։ Բայց բոլորն էլ պնդում էին, որ դա մեր հատվածն է, ու կարելի էր պահել։

Այս դիրքերում թեժ մարտեր եղան 2022 սեպտեմբեր 13-14-ին, տասնյակ մեր հերոսներ նահատակվեցին։ Նրանցից մեկի՝ քանաքեռցի Արմեն Հակոբյանի եւ իր զինակիցների հիշատակին ընտանիքը ճիշտ մեր Քանաքեռում տեղակայված զորամասի հարեւանությամբ օրերս ավարտեց այս գեղեցիկ հուշահամալիրը։ Ու հիմա ամեն մի քանաքեռցի անցնելիս մտքում ասում է՝ Փառք Ձեզ, հերոս նահատակներ։ Որոշներն էլ ատամները կրճտացնելով՝ իրենց հոգին են կրծում, պոռթկալով, թե այդպես էլ իշխանությունները պաշտոնապես չեն հրապարկել սեպտեմբերյան ագրեսիայի բոլոր նահատակների անունները։

Իսկ Ներքին Հանդում խառնակ էր զգացումներս՝ մեկ կողմից ամուր կանգնած տղերք, ինչպես Պատիվ ունեմ ծրագրով լեյտենանտի կոչումով կապանցի Աղասին, ում հետ անպայման ցանկացա լուսանկարվել, մյուս կողմից՝ կիսադատարկ Ներքին Հանդը, որի բնակիչները հիմա զրկված են անգամ իրենց ննջեցյալների շիրիմներին այցելելուց, քանի որ սեպտեմբերին թշնամին գերացեզմանատան վրա էլ է վերահսկողություն սահմանել։ Իսկ հուլիսին նույն գյուղում, անուշ զրույցի ընթացքում բնակչուհիներից մեկը ուղիղ հարց տվեց, թե արժե՞ այստեղ մնալ։ Հիմա այդ կանանց մեծ մասը տնավեր է։ Իսկ մի քանի ամիս առաջ իշխանական քարոզչամեքենան տարփողում էր, թե Նիկոլի կինը խոստացել է նրանց ավտոբուսով էքսկուրսիա բերել Գառնի ու Գեղարդ։

Պինդ մնացեք տղերք, սյունեցիներ, սահմանապահներ, Հայոց Բանակ։ Ու հավերժ հիշատակ մեր նահատակներին, որոնց կխնկարկենք այսօր երեկոյան Եռաբլուրում, 18։00։

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը