Աշխարհ

30.12.2022 14:41


ՌԴ-ն ու Չինաստանը կամրապնդեն ռազմատեխնիկական համագործակցությունը. Պուտին

ՌԴ-ն ու Չինաստանը կամրապնդեն ռազմատեխնիկական համագործակցությունը. Պուտին

Ռուսաստանն ու Չինաստանը կշարունակեն համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, ինչը նպաստում է երկու երկրների անվտանգության ապահովմանը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինի հետ առցանց բանակցությունների ժամանակ։

«Իհարկե, ռուս-չինական համագործակցության, մեր հարաբերությունների ամբողջ համալիրում առանձնահատուկ տեղ ունի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը, որը նպաստում է մեր երկրների անվտանգության ապահովմանը և առանցքային տարածաշրջաններում կայունության պահպանմանը։ Մենք նպատակ ունենք ամրապնդել Ռուսաստանի և Չինաստանի զինված ուժերի միջև փոխգործակցությունը»,-ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանի ու Չինաստանի հարաբերությունները աշխարհաքաղաքական աճող լարվածության պայմաններում հասունություն և կայունություն են դրսևորում:

«Մեր հարաբերությունները արժանապատվորեն դիմակայում են բոլոր փորձություններին, ցույց են տալիս հասունություն և կայունություն, շարունակում են դինամիկ զարգանալ։ Ինչպես արդեն ավելի վաղ նշել ենք, այս կապերը լավագույնն են ամբողջ պատմության ընթացքում և 21-րդ դարում խոշոր տերությունների համագործակցության վառ օրինակ են»,-ասել է ՌԴ նախագահը։

Պուտինի կարծիքով՝ միջազգային ասպարեզում Ռուսաստանի և Չինաստանի գործակցությունը ծառայում է արդար աշխարհակարգի ձևավորմանը։

«Մոսկվայի ու Պեկինի գործակցությունը միջազգային ասպարեզում, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Շանհայի համագործակցության կազմակերպության, ԲՐԻԿՍ-ի, G20-ի շրջանակում, ծառայում են արդար, միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգի ձևավորմանը»,-ասել է ՌԴ նախագահը:

Նա նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը նույն կերպ են նայում գլոբալ աշխարհաքաղաքական լանդշաֆտի վերափոխման պատճառներին, ընթացքին ու տրամաբանությանը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը