Լրահոս

24.09.2011 14:00


Սվերդլովսկի կազակները վիրավորված են. նրանք ուզում են վրեժ լուծել հայերից

Սվերդլովսկի կազակները վիրավորված են. նրանք ուզում են վրեժ լուծել հայերից

Արտյոմովսկ քաղաքում կազակների զանգվածային ձերբակալությունները չեն կայունացրել իրավիճակը, և հիմա կազակները պատրաստվում են հակահարված հասցնել տեղի ուժայիններին և քաղաքում բնակվող հայերին։ Այս մասին հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»։

Նահանգապետ Ալեքսանդր Միշարինն արդարացրել է հատուկջոկատայինների գործողությունները, որոնց արդյունքում ձերբակալվել էին մի քանի տասնյակ երիտասարդներ։ Խուզարկության ժամանակ վերջիններիս մոտ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք–զինամթերք։ Միջադեպի մասին այլ կարծիքի է Օրենբուրգի կազակների միության զորային ատաման, Սվերդլովսկի կառավարության փոխվարչապետ Վլադիմիր Ռոմանովը, ով պաշտպանել է կազակներին։

Ռուսաստանի կազակների միությունը համարում է, որ իրենց հրապարակավ վիրավորել են, հավասարեցրել բանդիտներին, վարկաբեկել ողջ շարժումը, և մեղավորը հայերն են, ովքեր Արտյոմովսկում, ըստ կազակների, իրենց ձեռքն են վերցրել իշխանության բոլոր լծակները։

Կազակները որոշել են սեպտեմբերի 25-ին անցկացնել հավաք, որի ժամանակ կքննարկեն տեղի ունեցած միջադեպը։ Սակայն նրանց արդեն նամակ է եկել Արտյոմովսկի ղեկավարությունից, որով արգելվում է կազմակերպել այդ հավաքը։

Հիշեցնեք, որ օրեր առաջ Սվերդլովսկի մարզի Արտյոմովսկ քաղաքում հատուկջոկատայինները ձերբակալել էին 98 մարդու, որոնց մոտ խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք–զինամթերք։ Ըստ «Կոմերսանտ» պարբերականի՝ դա տեղի սլավոնական հանցավոր խմբավորումների հավաք է եղել, որոնք ցանկանում են միավորվել ընդդեմ քաղաքում գործող ամենաազդեցիկ հայկական խմբավորման։

Այս խորագրի վերջին նյութերը