Լրահոս

24.09.2011 11:40


Նորածնի մահվան պատճառը ներարգանդային վարակն ու ներարգանդային թոքաբորբն է

Նորածնի մահվան պատճառը ներարգանդային վարակն ու ներարգանդային թոքաբորբն է

Օրերս զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված Վայքի բնակչուհի Հայարփի Տոնոյանի նորածնի մահվան դեպքի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունում ուսումնասիրվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոնում սեպտեմբերի 4-ին, 20:45-ին կեսարյան հատմամբ ծննդալուծված Հայարփի Տոնոյանի բժշկական փաստաթղթերը, նորածնի պաթանատոմիական հետազոտության նախնական արդյունքները, զրույց է անցկացվել ծննդկանի հարազատների հետ:

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախնական ուսումնասիրությամբ, որին մասնակցել են ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ, պրոֆեսոր Ռ.Ա.Աբրահամյանը և Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գ.Ա.Բեգլարյանը, պարզվել է.

Հայարփի Տոնոյանի նախածննդյան հսկողությունն իրականացվել է Վայքի բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայում, ՀՀ ԱՆ չափորոշիչներով սահմանված ընթացակարգով, անհրաժեշտ ծավալով և ժամկետներում:

Հաշվի առնելով պտղի հետույքային առաջադրությունն ու բարդացած մանկաբարձական անամնեզը (2 ինքնաբեր վիժում և ներարգանդային վիրուսային վարակ)՝ պլանավորվել է կնոջը ծննդալուծել պլանային կեսարյան հատման վիրահատության միջոցով սպասվող ծննդաբերության ժամկետից (20.09.2011թ.) 10 օր առաջ` 10.09.2011թ., որի մասին տեղեկատվություն է տրամադրվել հղիին և նրա հարազատներին:

Սեպտեմբերի 4-ին 18:30-ին հղին դիմել է Վայքի կանանց կոնսուլտացիա արյունային արտադրության գանգատով: Նախածննդյան հսկողությունն իրականացրած մանկաբարձ-գինեկոլոգ Մ.Հովհաննիսյանի կողմից ախտորոշվել է. «Հղիություն 37-38 շաբաթ, հետույքային առաջադրություն, նորմալ տեղակայված պլացենտայի վաղաժամ շերտազատում»:

Նկատի ունենալով հղիի ընդհանուր վիճակը, հեմոդինամիկ կայուն ցուցանիշները, ծննդաբերական գործունեության բացակայությունը, ինչպես նաև Եղեգնաձորի բժշկական կենտրոնի կադրային և սարքավորումային հագեցվածությունը, ծննդալուծման համար հղին ուղեգրվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, ուր նա ընդունվել է սեպտեմբերի 4-ին, ժամը 19:00-ին:

Բժշկական կենտրոնում Հայարփի Տոնոյանը ենթարկվել է շտապ հետազոտման և կեսարյան հատմամբ ծննդալուծվել, դուրս է բերվել նորածինը` 2800.0 գրամ քաշով և 47 սմ հասակով, ասֆիքսիայով: Նեոնատոլոգի և անեսթեզիոլոգի կողմից անմիջապես իրականացվել են առաջնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի միջոցառումներ: Նորածնի բուժումը համաձայնեցվել է ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգի հետ: Բացի այդ Եղեգնաձորի բժշկական կենտրոն է ժամանել «Մուրացան հիվանդանոցային համալիրի» նորածնային արագ արձագանքման ծառայությունը՝ ռեանիմոբիլով, և համատեղ շարունակվել է նորածնի ինտենսիվ բուժումը:

Չնայած ձեռնարկված միջոցառումներին ծնվելուց 3.5 ժամ անց` սեպտեմբերի 5-ին 0 ժամ 15րոպեին արձանագրվել է նորածնի մահը:

Նորածինը ենթարկվել է պաթանատոմիական հետազատության «Արաբկիր» բժշկական կենտրոնի պաթանատոմիական բաժանմունքում: Նախնական ախտորոշումն է. «Ներարգանդային վարակ, ներարգանդային թոքաբորբ»:

Բուժաշխատողների ջանքերի և մասնագիտական պատշաճ գործելակերպի շնորհիվ հաջողվել է փրկել ոչ միայն Հայարփի Տոնոյանի կյանքը, այլև պահպանել նրա մանկածնման կարողությունը: Ծննդկանը դուրս է գրվել հետծննդյան 6-րդ օրը, բավարար վիճակով:

Ելնելով վերոհիշյալից և գնահատելով ծննդկան Հայարփի Տոնոյանի ծննդալուծման գործընթացի մասնագիտական վարման և կազմակերպական գործելակերպը՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ուսումնասիրության նախնական գնահատմամբ, դեպքի վարման կազմակերպական և մասնագիտական սխալներ չեն արձանագրվել:

Ծննդկանի հարազատների հետ հեռախոսազրույցից պարզվել է նաև, որ զանգվածային լրատվության միջոցներում դեպքի վերաբերյալ հաղորդագրությունը տեղադրվել է լրագրողների նախաձեռնությամբ: Ծննդկանը և հարազատները բողոք և դժգոհություններ չունեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը