Տնտեսական

27.12.2022 08:47


Այս ամենից միայն Արցախը չի տուժում

Այս ամենից միայն Արցախը չի տուժում

Շատերին թվում է, թե Արցախում տեղի ունեցող պրոցեսները կապված են միայն Արցախի հետ։ Մինչդեռ՝ այն, ինչ տեղի է ունենում Արցախում, չի կարող շրջանցել նաև Հայաստանն ու Հայաստանի տնտեսությունը։

Արցախի շրջափակումը լուրջ մարտահրավեր է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի տնտեսության համար։ Ցանկացած պահի էսկալացիան կարող է տեղափոխվել Հայաստան։

Արցախի շրջափակումից հետո էապես մեծացել են տնտեսական անվտանգության հետ կապված ռիսկերը, որոնք մինչ այդ էլ կային, բայց շարունակում են ավելանալ։

Ներդրումների ռիսկայնության մասին նույնիսկ ավելորդ է հիշեցնել։ Զարմանալի չէ, որ օտարերկրյա կապիտալը խուսափում է գալ Հայաստան։

Նույնիսկ այդքան լավատես էկոնոմիկայի նախարարն է սկսել խոստովանել, որ օտարերկրյա ներդրումները հեռու են բավարար լինելուց՝ «Եթե ներդրումների ծավալը բաժանենք 3 մասի` կապիտալ ներդրումներ, օտարերկրյա ներդրումներ ու մասնավոր հայկական ներդրումներ, ապա կապիտալ ու օտարերկրյա ներդրումները դեռևս հեռու են բավարար լինելուց»։

Ներդրումներն ուղղակիորեն կապված են անվտանգային միջավայրի հետ։ Մեր երկրում անվտանգային միջավայրը, ամրանալու փոխարեն, ավելի է թուլանում։

«Քանի դեռ չունենք «խաղաղության պայմանագիր», ներդրումների համար ամենաբարենպաստ միջավայր, կարելի է ասել՝ չենք կարող ունենալ, որովհետև երկարատև խաղաղությունը խոշոր ներդրումներ ներգրավելու ամենակարևոր նախապայմանն է, և միայն այդ դեպքում է հնարավոր ներգրավել խոշոր ներդրումային ծրագրեր»,-ասում է էկոնոմիկայի նախարարը։

Այս պահին անվտանգային միջավայրը բոլորովին էլ ներդրումների օգտին չէ։

Խաղաղության դարաշրջանը, որն իշխանությունները խոստանում էին բերել Հայաստան, համառորեն չի գալիս։ Ավելին, Արցախի շուրջ ստեղծված վերջին իրադարձությունները նոր մտահոգություններ են առաջացրել։

Չնայած միջազգային հանրության արձագանքներին՝ մի քանի տասնյակ ադրբեջանցիներ շրջափակման մեջ են պահում Արցախի 120 հազար բնակչությանը։

Կտրվել է Հայաստանի հետ գործող միակ ճանապարհը, ինչի հետևանքով առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ արդեն սպառվել են։ Ճանապարհը բացելու հորդորներն արդյունք չեն տալիս, իսկ խոսքից գործի որևէ մեկը կարծես չի ուզում անցնել։

Ճանապարհի արգելափակման հետևանքով Արցախում հումանիտար իրավիճակը հասել է գագաթնակետին։ Չկան բազմաթիվ առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք մատակարարվում են Հայաստանից։

Վնասներ է կրում նաև տնտեսությունը։ Բայց վնասներ միայն Արցախի տնտեսությունը չէ, որ կրում է։

Այն, ինչ կատարվում է Արցախում, նաև ի վնաս Հայաստանի տնտեսության է։

Արցախի սպառողական շուկայում իրացվող բազմաթիվ ապրանքներ արտադրվում են Հայաստանում ու ներկրվում Արցախ։ Հիմա հայաստանյան արտադրողների կողմից այդ ապրանքների մատակարարումը, ճանապարհի փակ լինելու պատճառով, կասեցված է, ինչի հետևանքով արտադրողները ստիպված են կրճատել արտադրության ծավալները։

Խոսքն առաջին հերթին տեղական արտադրության սննդամթերքի տարբեր տեսակների մասին է։

Բայց միայն սննդամթերք արտադրողները չեն սրանից տուժում։ Գուցե ավելի քիչ, տուժում են նաև ոչ պարենային ապրանքների արտադրության ոլորտում գործող ընկերությունները։

Սպառման հարկադիր կրճատման հետևանքով՝ վնասներ են կրում նաև ներմուծողները, որոնք ներկրվող բազմաթիվ ապրանքներով ապահովում են ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի սպառողական շուկաները։

Սրանք միայն այն արտաքուստ երևացող վնասներն են, որոնք այս ամենից կրում է Հայաստանի տնտեսությունը։

Շատ ավելի ծանր են լինելու անուղղակի հետևանքները։ Դրանք սովորաբար ավելի երկար ժամանակում են դրսևորվում՝ թելադրված բիզնեսի մտահոգություններով ու դրանց նկատմամբ դրսևորվող վարքագծով. հետաձգվում կամ կասեցվում են նախատեսվող ծրագրերը, բիզնեսն այլ, ավելի բարենպաստ տեղ է սկսում փնտրել իր գործունեության համար, և այդպես շարունակ։

Այսօր, անշուշտ, առաջնահերթ խնդիրն Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարումն է ու արցախահայության կենսական պահանջների բավարարումը։ Բայց սրանք ևս մտահոգիչ հանգամանքներ են, որոնք Հայաստանում չտեսնելու են տալիս։

Թող չթվա, թե այս ամենից միայն Արցախն է տուժում։ Տուժում ենք բոլորս, նաև Հայաստանի տնտեսությունը։

Իշխանություններին այնքան է ոգևորել այս տարվա տնտեսական աճը, որ ամբողջությամբ կորցրել են իրականության զգացումը։ Իսկ իրականությունն իսկապես շատ տխուր է։

Այս տարի, իրենցից անկախ պատճառներով, տնտեսության մեջ պլպլան ցուցանիշներ արձանագրվեցին։ Բայց դրանք միայն դրսից են այդպիսին։ Ներսում ամեն ինչ շատ ավելի վատն է, քան կարելի է պատկերացնել։

Մոռանում են, որ գործ ունենք պատահական տնտեսական աճի հետ, որը բացարձակ կապ չունի՝ ինչպես իշխանությունների, այնպես էլ՝ մեր տնտեսության զարգացումների հետ։

Տնտեսության մեջ արձանագրվող աճերը կապված են արտաքին գործոնների հետ, որոնք այսօր կան, վաղը կարող են չլինել։ Այդ ժամանակ կերևա տնտեսական զարգացումների իրական պատկերը։ Թեև այսօր էլ շատ բան շատերին պարզ է։

Տնտեսության մի շարք հատվածներում և հատկապես գյուղատնտեսության ու սննդի արտադրության առանձին ճյուղերում ունենք արտադրության ծավալների մտահոգիչ պատկեր։ Ու այդ պատկերը, ինչքան էլ իշխանությունները չուզենան ընդունել, կապված է նաև ղարաբաղյան վերջին պատերազմի ու Արցախում ստեղծված ծանր իրավիճակի հետ։

Լաչինի անվտանգության գոտու խաթարումը, Գորիս-Ստեփանակերտ միակ ճանապարհի արգելափակումը և խորացող լարվածությունը լավ բան չի խոստանում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի տնտեսությանը։ Այլ բան, ընկալո՞ւմ են սա իշխանությունները, թե՞ ոչ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը