Քաղաքական

25.12.2022 08:34


Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը խնդիր է ինչպես մյուս հարցերում, այնպես էլ սպորտում․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը խնդիր է ինչպես մյուս հարցերում, այնպես էլ սպորտում․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը խնդիր է ինչպես մյուս հարցերում, այնպես էլ սպորտում, մեզ համար: Սա այն խնդիրն է, որի մասին շատ է խոսվում եւ բացասաբար է անդրադառնում նաեւ սպորտի վրա:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:

Հայաստանի ուժային եռամարտի եւ Հաշմանդամային սպորտի ֆեդերացիաների նախաձեռնությամբ Երեւանի Orange Fitness ակումբում դեկտեմբերի 24-ին եւ 25-ին անցկացվում է ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում է շուրջ 120 մարզիկ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած մարզիկներ:

Սեղմում հենարանից մարզաձեւի Հայաստանի առաջնությանը մասնակցում է 47 մարզիկ:Առաջին մրցումային օրը մրցահարթակ դուրս եկան հաշմանդամություն ունեցող մարզիկները տղամարդկանց -49 կգ, -54 կգ, -59 կգ, -65 կգ, -72 կգ, -80 կգ, -88 կգ, -97 կգ, -107 կգ եւ 107+ կգ քաշային կարգերի ներկայացուցիչները, կանանց՝- 55 կգ եւ -67 կգ, ինչպես նաեւ լսողական խնդիրներ ունեցող -65 եւ -88 կգ քաշային կարգի մարզիկները: Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով մասնակիցների թիվն այս տարի նվազել է արցախցի մարզիկների բացակայության պատճառով:

«Առաջնությանը գրանցվողները 50-ից ավելին էին, բայց ցավով պետք է նշենք, որ Արցախի ճանապարհի փակ լինելու պատճառով շատ ուժեղ մարզիկներ հնարավորություն չունեցան գալ, մասնակցել առաջնությանը:

Մեծ ուրախությամբ նշեմ, որ մասնակիցների մեծ մասը զինհաշմանդամներն են, որոնք արդեն զբաղվում են պրոֆեսիոալ սպորտով: Մարդիկ կան երկու տարվա վիրավորում ունեն, բայց այսօր մեծ սպորտում արդեն լավ արդյունքներ են գրանցում:

Տարեց տարի մեզ մոտ նկատվում է դրական աճ, մարզիկներն ավելի են ուժեղանում, Հայաստանում գրանցում են ռեկորդներ, ինչը շատ գովելի է: Դեռ միջազգային մրցումների համար պատրաստ չենք: Ժամանակ է պետք, որպեսզի մրցունակ լինենք միջազգային մրցաշարերում: Հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց կկարողանանք նաեւ դրսում հաջողություններ գրանցել»,-ասաց Սարգիս Ստեփանյանը:

Ուժային եռամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցում է 60 մարզիկ: Դեկտեմբերի 24-ին պայքարի մեջ մտան տղամարդկանց -59 կգ, -66 կգ, -74 կգ, -83 կգ, -93 կգ կգ քաշային կարգերի ներկայացուցիչները:

Ուժային եռամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Ասատուրովի խոսքով 2022 թվականի առաջնության արդյունքներով ավելի ուժեղ հավաքական է ձեւավորվելու:

«Այս տարի ունենք ավելի բարձր եւ խիստ պահանջներ, որովետեւ առաջնության ընթացքում մարզիկներն անցնելու են դոպինգ ստուգումներ: Մեր ֆեդերացիան պայմագիր ունի Հայաստանի հակադոպինգային ասոցիացիայի հետ եւ իրենք մեզ մոտ անցկացնելու են դոպինգ ստուգում՝ արդար պայքար ապահովելու նպատակով: Դոպինգ ստուգման պայմաններում այսքան մասնակից ունենալը գոհացուցիչ է: Այս մարզիկները միանշանակ կկարողանան մասնակցել միջազգային մրցաշարերի, որովհետեւ ստուգված են լինելու եւ մաքուր: Արդար պայքարով նվաճելու են իրենց մեդաները:

Անցնող տարվա մեր ունեցած արդյունքներն ինձ այդքան էլ չի գոհացրել: Ունեցել ենք մեկ մեդալակիր. Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված սեղմում հենարանից վարժության աշխարհի առաջնությունում հավաքականի անդամ Յուրի Կարոգլանյանը երիտասարդների -120 կգ քաշայինների պայքարում 195 կգ արդյունքով դարձավ ոսկե մեդալակիր: Առաջընթաց ունենք, բայց ինձ, որպես հավաքականի գլխավոր մարզիչ դեռ չի գոհացնում: Կարծում եմ, որ դոպինգ ստուգումն ավելի կուժեղացնի մեր առաջնությունը, նոր ուժեղ կազմ կունենանք եւ կպատրաստվենք հաջորդ տարվա մրցաշարերին: Դոպինգ ստուգումը մեծ քայլ է դեպի բարձր նվաճումներ: Այս պարագայում հոսքը դեպի մարզաձեւ կավելանա: Մի ժամանակ մարզվողների մոտ կարծիք էր ձեւավորված, որ մասնակցելու կարիք չկա, քանի որ արգելված խթանիչներ են օգտագործվում մյուսների կողմից, որոնք էլ անարդար պայքարում դառնում են հաղթողներ: Համաձայն եմ այս կարծիքի հետ: Մի գուցե նաեւ չեն օգտագործել եւ հաղթել են: Այսպես լիարժեք արդար պայքար կապահովենք մեր մասնակիցների համար: Բարձր եմ գնահատում ֆեդերացիայի այս քայլը:

Ինչ վերաբերում է արցախցի մարզիկների բացակայությանը, այս իրավիճակում որեւէ խնդիր չենք տեսնում: Մեր ուժեղ մարզիկները կպահպանեն իրենց տեղը հավաքականում, կշարունակեն իրենց մարզումները եւ լավագույն արդյունքները ցույց տվող մարզիկները հնարավորություն կունենան մեկնել միջազգային մրցաշարերի: Հայաստանի առաջնությանը չմասնակցելը չի խոչընդոտի նրանց միջազգային մրցաշարերում մրցաշարերին»,-նշեց Սերգեյ Ասատուրովը:

Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Քոչարյանի փոխանցմամբ Արցախի շրջափակման եւ երկրում ստեղված իրավիճակներով մի քանի անգամ առաջնությունը հետաձգվել է:

«Արդեն մի քանի տարի է Հայաստանի առաջնությունն անցկացնում ենք հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ: Առաջնությունը պետք է անցկացնեինք ավելի շուտ, բայց երկրում ստեղծված տարբեր իրավիճակների պատճառով, անցկացնում ենք այսօր, ինչի համար ներողություն եմ խնդրում մեր մարզիկներից: Վերջում արդեն մեկ շաբաթ առաջ պետք է անցկացնեինք, բայց հետաձգեցինք Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան միակ ճանապարհը փակելու պատճառով, որպեսզի արցախցի մարզիկները, մեր ընկերները կարողանան գալ մասնակցել: Ճանապարհը դեռեւս փակ է եւ ստիպված եղանք ամեն դեպքում անցկացնել մրցումները: Սա մի միջոցառում է, որին ամբողջ տարի անհամբեր սպասում են մասնավորապես հաշմանդամություն ունեցող մարզիկները: Սխալ կլիներ չանցկացնել:

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը խնդիր է ինչպես մյուս հարցերում, այնպես էլ սպորտում, մեզ համար: Մշտապես արցախցիները մասնակցել են մեր մրցաշարերին: Արցախում ունենք շատ լավ թիմ, որը նաեւ լավագույնս է հանդես գալիս միջազգային մրցաշարերում: Սա այն խնդիրն է, որի մասին շատ է խոսվում եւ այն բացասաբար է անդրադառնում նաեւ սպորտի վրա:

Ցավոք, վերջին պատերազմից հետո շատացել են զինհաշմանդամները: Ուրախալի է այն փաստը, որ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան Սարգիս Ստեփանյանի գլխավորությամբ մեծ գործ է կատարում այս ուղղությամբ եւ մրցաշարերում ունենում ենք բարձր մասնակցություն: Մասնակիցների մեծ մասը հաշմանդամություն են ձեռք բերել պատերազմի ընթացքում եւ այս առումով կազմակերպվող մրցաշարերը, այն ամենն ինչ անում ենք, ավելի պարտավորեցնող է մեզ համար, ավելի կարեւոր է: Նրանց համար եւս մեծ նշանակություն ունի:

Մասնակիցների նվազումը նախորդ տարվա համեմատ պայմանավորված է նրանով, որ մի քանի անգամ ստիպված եղանք հետաձգել առաջնությունը: Այս տարվա մրցաշարը բացառիկ է նրանով, որ առաջին անգամ մարզիկները դոպինգ ստուգում են անցնելու․ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի եւ Հայաստանի հակադոպինգային գործակալության միջեւ պայմանագիր է ստորագրվել: Մեր մրցումներն այսուհետեւ անցկացնելու են ազգային հակադոպինգային ասոցիացիայի կանոններին համապատասխան: Մրցումներից հետո բոլոր հաղթողներն ու մեդալակիրները ստուգվելու են: Մեզ համար շատ կարեւոր է, որ սպորտը մաքուր լինի: Երկու խնդիր ենք լուծում, մարզիկների առողջությանը վնասող խթանիչների բացառում եւ հավասար պայմանների ստեղծում»,-ասաց Լեւոն Քոչարյանը:

Հայաստանի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 25-ին:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը