Լրահոս

24.12.2022 10:17


«Ստեփանակերտի շուկայում միրգ-բանջարեղեն չկա, մենակ պահածոներ ու ժենգյալով հաց․ դժվար ա, բայց ոչինչ, կդիմադրենք»․ արցախցի կին

«Ստեփանակերտի շուկայում միրգ-բանջարեղեն չկա, մենակ պահածոներ ու ժենգյալով հաց․ դժվար ա, բայց ոչինչ, կդիմադրենք»․ արցախցի կին

«Մենք արցախցի ենք, ուժեղ ենք, դեռ դիմանում ենք»,-168.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի բնակիչ Դոնարա Գասպարյանը, որը շուրջ 30 տարի Ստեփանակերտի շուկայում ժենգյալով հաց է պատրաստում, վաճառում։

Մեզ հետ զրույցի ընթացքում էլ նա աշխատանքի էր, շուկայում ժենգյալով հաց էր թխում։

–Ինչպե՞ս եք, տիկին Դոնարա, մարդկանց տրամադրություններն ինչպե՞ս են։

–Ոչինչ, հալա դիմանում ենք, գործի ենք։

–Շուկան ամբողջությամբ գործո՞ւմ է, թե՞ փակ տաղավարներ էլ կան, քանի որ լուսանկարներ էին տարածվել, որտեղ երևում էր, որ հատկապես մրգերն ու բանջարեղենը վերջացել էր։

–Շուկայի ներքևի հատվածում մարդ չկա, վերևում մի քանի հոգի ենք։ Միրգ-բանջարեղեն չկա, մենակ բանկա-մանկա, թթու-մթու՝ պահածոներ, մեկ էլ ժենգյալով հաց։

–Կանաչիները բավարա՞ր են ժենգյալով հաց պատրաստելու համար, դեռ որքա՞ն կկարողանաք աշխատել։

–Շատ դժվար ենք ճարում կանաչին, շատ չկա, քիչ-միչ բերում են, դժվար ա, բայց ոչինչ, կդիմադրենք։

–Ի՞նչ են խոսում Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ի՞նչ լուծումներ են տեսնում արցախցիները։

– Խոսակցություններ կան, որ դեկտեմբերի 25-26-ին մի բան որոշվելու է, բացելու են ճանապարհը, տեսնենք՝ ինչ է կատարվում։

Հիմա շրջափակումից այն կողմ գտնվող արցախցիների համար ավելի դժվար է, քան Արցախում՝ շրջափակման մեջ գտնվողներիս։ Տղաս էլ արդեն 12 օր չի կարողանում վերադառնա, Գորիսում էր մնում, երեկ հետ դարձավ Երևան։

–Գորիսում իրենց կեցության ծախսերը հոգացե՞լ են։

– Չէ, ինքը ընկերոջ տանն է մնացել։ Ոչինչ դե, իրենք տղերք են, կդիմանան, թող կանանց, աղջիկներին տեղավորեն, մինչև տեսնենք՝ ինչ է դառնում․․․

Դժվարն այն է, որ տղաս Հայաստանում է, 2 երեխաները՝ այստեղ՝ Արցախում։ Մեծը 9 տարեկան է, փոքրը՝ 6, կարոտում են, ամեն իրիկուն հետը խոսում են, հարցնում՝ պապ, ե՞րբ ես գալու։ Այսպես էլ ապրում ենք։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։

Այս խորագրի վերջին նյութերը