Լրահոս

23.09.2011 19:54


Ոստիկանության և դատախազության պարզաբանումները

Ոստիկանության և դատախազության պարզաբանումները

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Երեւան քաղաքում վերջին շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակումների դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում իրականացված օպերատիվ-որոնողական եւ քննչական գործողությունների արդյունքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը և ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը 2011 թվականի սեպտեմբերի 23-ի վաղ առավոտյան վնասազերծել են հանցավոր կայուն մի խումբ, որը կասկածվում է մայրաքաղաքում իրականացված ծանր հանցագործություններ կատարելու մեջ:

Ստացած օպերատիվ տվյալների համաձայն՝ հանցավոր խումբը ծրագրում էր իրականացնել նոր հանցագործություն, ինչը ձախողվել է ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում: Հանցավոր խմբի անդամները ոստիկանության աշխատակիցներին ցուցաբերել են զինված դիմադրություն, ինչը հաջողվել է կանխել եւ հանցավոր խումբը վնասազերծվել է: Հայտնաբերվել եւ առգրավվել է մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք, հանցագործության գործիքներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Բերման է ենթարկվել 13 անձ: Ոստիկաններին դիմադրություն ցույց տված և փախուստի դիմած անձանցից մեկը մահացել է: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տվյալ անձի ինքնությունը:

Կատարվում է նախաքննություն` պարզելու բերման ենթարկված անձանց մեղսակցությունն ու դերակատարության աստիճանը մայրաքաղաքում տեղի ունեցած ծանր հանցագործություններին:

Ինտերնետային լրատվամիջոցների հրապարակումները, թե որպես հանցավոր խմբի անդամ բերման ենթարկվածների թվում են տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց որդիներ, իրականությանը չի համապատասխանում:

Գլխավոր դատախազությունից էլ փոխանցել են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի որդիները բերման չեն ենթարկվել:

Ինչ վերաբերում է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի որդուն, ապա նա բերման է ենթարկվելԵրեւանի պետական համալսարանի մոտակայքից՝ մի շարք մեքենաների պատկանելիությունը ճշտելու ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում ի թիվս այլ անձանց:

Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը