Աշխարհ

23.12.2022 10:15


Բայրամովը մեկնել է Մոսկվա. սպասվում է հանդիպում Լավրովի հետ

Բայրամովը մեկնել է Մոսկվա. սպասվում է հանդիպում Լավրովի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։

Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, այցի շրջանակում նախատեսված է հանդիպում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Այս հանդիպումը երկու երկրի նախարարների համար երկրորդը կլինի մեկ ամսվա ընթացքում ՌԴ մայրաքաղաքում։

Նախորդ օրը Լավրովն ու Բայրամովը հեռախոսով զրուցել են։ Նրանք ափսոսանք են հայտնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք բանակցություններին մասնակցելուց հրաժարվելու Հայաստանի որոշման կապակցությամբ։

Հիշեցնենք, որ Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Հարցին՝ ճ՞իշտ են տեղեկությունները, որ խաղաղության պայմանագրի բանակցությունների շրջանակներում Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում, որը չի կայանա, Վահան Հունանյանը պատասխանել է.

«Հայկական կողմը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցության իր պատրաստակամությունը հաստատել էր շուրջ 2 շաբաթ առաջ՝ մինչև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։ Ակնհայտորեն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային առաջնահերթությունն այս պահին 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է, ինչից ելնելով հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված հանդիպումը։ Միևնույն ժամանակ տեղեկացնենք, որ ի նշան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի կառուցողականության՝ անկախ հանդիպման հանգամանքից, Ադրբեջանին են փոխանցվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի նոր առաջարկները»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը