Հարցազրույց

23.09.2011 15:08


Արամո.

Արամո.

Հարցազրույց ՀՀ վաստակավոր արտիստ Արամոյի (Արամ Գևորգյանի) հետ

–Գիտենք, որ, բացի երաժշտարվեստով զբաղվելուց, նաև ֆուտբոլի երկրպագու եք։ Ինչո՞վ եք պայմանավորում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերջին շրջանի հաղթանակները։

–Ճիշտ մարզիչ լինելու գաղափարով և մեր տղաների ճիշտ թիմային, հավաքական խաղով է պայմանավորված մեր հաղթանակը։ Ես ողջունում եմ բոլորին։ Շատ հիացած եմ։ Մենք ունեցել ենք լավ հավաքական, և վստահ եմ, որ ունենալու ենք։ Վստահ եմ նաև,  որ հոկտեմբերի 7–ին կայանալիք Մակեդոնիայի հետ խաղում հաղթանակ ենք տանելու 3։0 կամ 4։0 հաշվով։

–Այսօր մեր  թիմի խաղում առավել շատ ի՞նչն է դուր գալիս Ձեզ։

–Ամենաշատը դուր է գալիս մտածված  խաղն ու թիմային մտածելակերպը։ Մենք լիդերներ  ունենք՝ Յուրա Մովսիսյան, Էդգար Մանուչարյան, Գևորգ Ղազարյան, որոնք իսկապես լավն են, այսինքն՝ մեր  հարձակողականը բավական բարձր մակարդակի վրա է, բայց ամենակարևորը թիմային և մտածված  խաղն է։ Թիմային խաղ եղավ, հաղթելու ենք, որովհետև պաշտպանողականն էլ միջին մասում է լավ։ Բրա՛վո Վարդան Մինասյանին, որ այդպես տղաների հետ աշխատում է։

–Իսկ որքանո՞վ է, ըստ Ձեզ, հավանական, որ  մենք կանցնենք «Եվրո–2012»–ի եզրափակիչ փուլ։

–Դե, խաղը ցույց կտա։ Եթե Մակեդոնիային հաղթենք, վերջում էլ Իռլանդիային, ապա կմտնենք։ Կարևորն այն փաստն է, որ Հայաստանի հավաքականը մտավ Եվրոպայի առաջնություն։ Ընդ որում, շատ անսպասելի բաներ  կարող են լինել, որովհետև շատ հավանական է՝ մենք որոշ ժամանակ անց Եվրոպայի առաջնության բոլոր փուլերն անցած լինենք։ Այս պահին ոչինչ չես կարող ասել, քանի որ այս երկու խաղերից հետո շատ հավաքականներ սկսել են, կոպիտ ասած, «մրսել» մեր  թիմի խաղից, որովհետև դաշտում շատ անսպասելի բաներ կարող են լինել։

–Մտավախոթյուն չունե՞ք, որ մեր  ֆուտբոլիստների հաղթանակներն իշխանությունները կօգտագործեն իրենց քաղաքական նպատակների  համար։

–Ախր սա ֆուտբոլ է՝ խաղ, և չեմ կարծում, թե դա պետք է ինչ–որ նպատակների համար օգտագործել։ Չէ՛, ես այդպիսի բաներ չեմ մտածում։ Ուղղակի մի բան եմ ուզում հավելել, որ եթե անգամ պարտություն լինի (դե, բնականաբար,  ամեն անգամ լիքը հաղթանակներ չեն լինում. շատ անգամ հաղթում ես, մեկ անգամ պարտվում և այլն), չփնովենք մեր  թիմին։ Կարևոր է, որ մենք Եվրոպայի առաջնություն մտնենք, բայց եթե մի խաղ պարտվենք, դա արդեն չպետք է թիրախ դարձնենք. հակառակը՝ պետք է ոգեշնչենք։ Չասենք՝ «արա էս ի՞նչ  արեցին, տո լավ, է, ֆուտբոլ չունենք»։ Դա ամենասխալ մոտեցումը կլինի։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը