Կարծիք

17.12.2022 09:21


Ալիևն Արցախն է պատանդ վերցրել, Նիկոլը՝ Հայաստանը

Ալիևն Արցախն է պատանդ վերցրել, Նիկոլը՝ Հայաստանը

Արցախը թշնամական հոշոտման հանձնած Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած քպ-ն մի այլ կարգի ակտիվացել են: Է՛լ ելույթներ, է՛լ ԱԺ արտահերթ նիստ ու հայտարարությո՜ւն, է՛լ վրա-վրա, մեկը մյուսից ահավոր հարցազրույց-ինքնախոստովանական ցուցսունքնե՜ր, է՛լ կառավարության նիստում երկար-բարակ ելո՜ւյթ:

Լավ, ի՞նչ էր ասում կառավարության վերջին նիստում արտասանած իր երկարաշունչ ճառով Նիկոլ Փաշինյանը, ով, չմոռանանք, ստեղծված օրհասական իրավիճակի թիվ 1 մեղավորն է, եթե ոչ հիմնապատճառը: Նրա՛ «գործունեության» հետևանքն է, որ Արցախի հայությունը դրվել է բնաջնջման բացարձակ շոշափելի վտանգի մեջ, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ ուղղակի ոչնչացման սպառնալիքի տակ:

Փաշինյանի երկարաշունչ, բայց դատարկախոսությամբ ու կեղծավոր ճամարտակությամբ լցոնված ճառը հանգում էր հետևյալին. ա) իր սիրելի «կիրթ ու կառուցողական» Ալիևը ամեն կերպ ու շարունակաբար խախտում է 2020թ նոյեմբերի 9-ի «եռակողմ հայտարարությունը», բ) Ալիևը այդ «եռակողմ»-ից անմիջապես հետո, 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերից սկսած, արդեն 2 տարի է, ինչ շարունակում է զավթողական գործելակերպն ու թե՛ Արցախի բեկորներից, թե՛ ՀՀ-ից նորանոր տարածքներ է զավթում, գ) պետք է հայերն աշխարհով մեկ աղմուկ-աղաղակ բարձրացնեն, թե՝ «վա՜յ, ամա՜ն, հասե՜ք, մեզ թուրքը կոտորում է...», և դա է մեր միակ անելիքն ու փրկության ելքը:

Ո՛չ մի խոսք այն մասին, որ այդ ի՛նքը, Նիկոլ Փաշինյանն է ամենամեծ մեղավորը, որ Արցախն ու Հայաստանը հայտնվել են նման իրավիճակում, երբ օտարներից կյանքի ողորմություն խնդրելուց բացի, այլ բանի ընդունակ չեն:

Ո՛չ մի խոսք այն մասին, որ 2020թ. նոյեմբերի 9-ի խայտառակությունն ու կապիտուլյացիոն հայտարարությունն ի՛նքը՝ հողատու և կապիտուլյանտ, «թո՛ւրք» պիտակումից չվիրավորվող Նիկոլ Փաշինյա՛նն է ստորագրել: Ընդ որում, իր ստորագրած կապիտուլյացիոն հայտարարությունն էլ դեռ շարունակում է հանրության վրա սաղացնել որպես մի երևելի չգիտեմ ինչ փաստաթուղթ:

Փաշինյա՛ն, ասել քո սիրելի «կիրթ ու կառուցողական» Ալիևի ու քեզ հոգեհարազատ լեզվով՝ «նա օլդո՞ւ»: Դու, որ տապալածդ բանակցային գործընթացից հետո հրահրածդ պատերազմում ամեն ինչ արեցիր, որպեսզի Արցախն ու Հայաստանը պարտվեն ու կանգնեն ահռելի մարդկային ու տարածքային կորուստների առաջ, որ 44 օր շարունակ նպատակաուղղված խաբեցիր մանկամտացած հանրությանն ու հայությանը, դո՛ւ, որ թշնամու առաջ բերանքսիվայր փռվեցիր ու կապիտուլյացիայի տարար հաղթական Հայոց բանակը, դո՛ւ որ, բացի ստորագրածդ կապիտուլյացիոն հայտարարությունից, Ալիևի հետ «բանավոր համաձայնություններով» թշնամուն առատորեն ու առանց մի կրակոցի հանձնեցիր ՀՀ սուվերեն տարածքի՝ ռազմաբարական նշանակության ամբողջ հատվածներ, դեռ ինչ-որ բանե՞ր ես խոսում:

Միգուցե միանգամի՞ց ասես, թե ի՛նչ նոր բան ես պայմանավորվել քո սիրելի Ալիևի ու Էրդողանի հետ: Չէ՞ որ պարզից էլ պարզ է, որ Փաշինյանի ու Ալիևի «պասերով խաղը» նախ՝ Արցախը դրեց թշնամական բացարձակ շրջապատման մեջ, իսկ հիմա, Արցախի բնակչության բնաջնջման սպառնալիքով ուղղակիորեն փորձ է արվում ա) հայաթափել Արցախը, բ) դրա վրա «խաղալով», Հայաստանից պոկել Սյունիքը (առնվազն) և Արարատի ու Տավուշի, Վայոց ձորի կենսական ու խոշոր հատվածներ:

Ու, ի՞նչ է, եթե ոչ ամենաիսկական երեսպաշտություն, երբ իր իշխանությամբ թշնամու համար նման պայմաններ ապահոված անձն ու նրա գլխավորած ձրիակեր-պարգևավճարվողների խմբակը հիմա ասում է՝ «վա՜յ, ամա՜ն, եկեք աշխարհով մեկ աղմկենք, ամեն ինչում ռուսական խաղաղապահներին ու նախկիններին մեղադրենք...»:

Ի դեպ, ինչ են ասում այս օրերին Նիկոլի քպ-ն ներկայացնող մյուս նիկոլփաշինյանները, անկախ այն բանից, թե անձնագրային ինչ անուն-ազգանուններ ունեն: Սրանք նրանք են, որ ընդդիմության առաջարկած հայտարարության նախագծից հետևողականորեն ջնջել են «Արցախի Հանրապետություն» «ինքնորոշում» արտահայտությունները, սրանք նրանք են, որ մերժել են ցանկացած նորմալ քայլ և առաջարկություն: Սրանցից ամենակարկառունների ասածները հանգում են այն բանին, որ իրենք, իրենց ներկայացրած «Հայաստանի իշխանությունը» ո՛չ մի հանձնառություն, ո՛չ մի պատասխանատվություն չունեն Արցախի ու արցախի հայության հանդեպ, որ դա միայն ու միայն ռուսական խաղաղապահ ուժերի գործն է, և ուրեմն՝ թող ռուսներն էլ կռիվ տան, որ Արցախը չհայաթափվի...

Հա, մեկ էլ հանրության աչքն են խոթում Արցախի շրջափակման վերաբերյալ ԱՄՆ-ի կամ Եվրոպայի հայտարարությունները, թե՝ «այ-այ-այ, միսթր գազ-օյլ Ալիև, չարություն եք անում...»:

Ու ի՞նչ, ադրբեջանական թուրքերն Արցախի շրջափակո՞ւմն են վերացրել, թե՞ գազամատակարարումն էլ դադարեցրեցին, շուտով էլ, երևի էլեկտրաէներգիայի մատակարարումը խափանելուն կանցնեն: Այդ հայտարարություններով Արցախն այլևս պաշտպանվա՞ծ դարձավ, թե՞ թշնամին Հայաստանից զավթած բարձունքներից գլխապատառ նահանջեց...

Դուք այն ասեք, թե որպես «ՀՀ իշխանություն» ի՛նչ եք արել, բացի Քաթարում զվռնելուց, կատվի հետ «գիրք կարդալուց», Արցախի հայության հասցեին վայրահաչելուց կամ ձեր մանկլավիկների հակահայ-հակաարցախյան վնգստոցները խրախուսելուց:

Հիմնականը. այսօր շատ է խոսվում այն մասին, որ Ալիևը Արցախի 120 հազար հայությանը պատանդի վիճակում է պահում: Բայց ոչ ոք չի բարձրաձայնում, որ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբոնն արդեն առնվազն 2 տարի պատանդի վիճակի մեջ են դրել մի ամբողջ պետություն՝ իր մոտ 3 միլիոն բնակչությամբ:

Մինչև ներքին պատանդառուներից չձերբազատվենք, արտաքին թշնամիների ելուզակություններին չենք կարող վերջ տալ:

Արմեն Հակոբյան

Հ.Գ. Եթե լսեք, որ «ադրբեջանական բնապահպանները» վերցրեցին վրաններն ու ռադ եղան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհից, ուրեմն կարող եք չկասկածել, որ Ալիևն արդեն ստացել է այն, ինչ ուզում էր: Փաշինյանի՞ց է ստացել, Պուտինի՞ց, թե Բայդենից ու Մակրոնի՞ց․ կոտորվող և իր գոյության համար կռվել, պայքարել չցանկացողների համար մի՞թե էական է:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը