Լրահոս

23.09.2011 11:59


«Երկիր» միության անդամները հանդիպել են Դիարբեքիրի քաղաքապետի հետ

2011թ. սեպտեմբերի 21-ին «Երկիր» միության Ֆրանսիայի մասնաճյուղի անդամները, որոնք Դիարբեքիրում են գտնվում այնտեղ ս.թ. սեպտեմբերի 21-ից 25-ը անցկացվող Միջագետքի սոցիալական ֆորումին մասնակցելու նպատակով, հանդիպել են Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ սոցիալ-մշակութային ծրագրեր իրականացնելու հեռանկարները: Պրն Բայդեմիրը «Երկիր» Միությանը ներկայացրել է կոնկրետ առաջարկներ՝ պատրաստակամություն հայտնելով բոլոր ուղղություններով զարգացնելու և ընդլայնելու համագործակցությունը:

Դիարբեքիրի ազգությամբ քուրդ քաղաքապետը նշել է, որ Դիարբեքիրը պատրաստ է ընդունել երկրամասից հեռացած հայերի ժառանգներին՝ հայտարարելով, որ Դիարբեքիրից հեռացած ցանկացած հայի հետնորդներ վերադառնալու դեպքում ունենալու են նույն իրավունքները, որոնք ունեն քրդերը: «Ինչպես հայերը, այդպես էլ եզդիները, ասորիներինը և արամեացիները, մի ժամանակ այստեղ էին ապրում. Դիարբեքիրը այդ բոլոր էթնիկ ինքնությունների և կրոնների քաղաքն է», - ասել է քաղաքապետը:

«Հայերը 1914-ականների կոտորածներից հետո հեռացել են այստեղից և մենք մնացինք այստեղ մեկուսացած և ինչքան մեկուսացանք այդքան աղքատացանք»- հայտարարել է Բայդեմիրը: Նորից նշելով վերադառնալ ցանկացող հայերի իրավունքների մասին, քաղաքապետը հաստատել է, որ նա պատրաստ է շարունակել հայության հետ այդ ուղղությամբ բանակցությունները:

Բացի «Երկիր» միության Ֆրանսիայի մասնաճյուղի անդամների՝ Միջագետքի սոցիալական ֆորումի կազմակերպիչների հրավերով Դիարբեքիրում են գտնվում «Երկիր» միության «Վան նախագծի» երաժիշտները, որոնք սեպտեմբերի 21-ին հանդես են եկել համերգային ծրագրով ֆորումի մասնակիցների և դիարբեքիրցիների առջև կատարելով հայկական ժողովրդական պարեղանակներ և երգեր:

 

«Երկիր» միության կողմից իրականացվող «Վան» նախագծի հիմնական նպատակներն են.

  • Նպաստել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս` Հայկական բարձրավանդակի և Սևծովյան ավազանի տարածքում ապրող ծագումով հայ բնակչության մոտ բնիկ ինքնության պահպանմանը,
  • Աջակցել Հայկական բարձրավանդակի և Սևծովյան ավազանի տարածքում ապրող տարբեր էթնիկ խմբերի (այդ թվում նաև ծագումով հայերի) և Հայաստանի բնակչության միջև միջսահմանային մշակութային կապերի հաստատմանն ու զարգացմանը՝ համատեղ արտահայտվելու, միջմշակութային փոխանակության և երկխոսության հնարավորություններ ստեղծելու միջոցով,
  • Ծրագրեր իրականացնել Հայկական բարձրավանդակի և Սևծովյան ավազանի ավանդական երաժշտության և ոչ նյութական մշակութային ժառանգության այլ ճյուղերի ուսումնասիրության ուղղությամբ՝ շեշտը դնելով դրանում առկա հայկական շերտի վերհանման և ուսումնասիրության վրա,
  • Իրականացնել միջոցառումներ՝ ուղղված Հայկական բարձրավանդակի և Սևծովյան ավազանի տարածքի հայկական ավանդական ժառանգության ներկայացմանն ու պրոպագանդմանը:

«Վան» նախագիծն իրականացվում է 2010թ. սեպտեմբերից:

Այս խորագրի վերջին նյութերը