Լրահոս

23.09.2011 09:43


«Չենք լռելու». «Կոռուպցիա և կամայականություններ ԵՊՀ-ում»

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության էլեկտրոնային փոստին երեկ ահազանգ ստացվեց Երևանի պետական համալսարանից դուրս մնալու վտանգի տակ գտնվող մի խումբ ուսանողներից` Մայր բուհում առկա կոռումպացված քննական համակարգի մասին: Երեկոյան «Չենք լռելու»-ի խորհրդի անդամները հանդիպեցին ահազանգողների հետ, որոնք թվով տասներկուսն էին: Նրանք խնդրեցին նկարահանել ԵՊՀ-ում տիրող բարքերի մասին իրենց պատմությունները, տեսաֆիլմ պատրաստել և տեղադրել այն YouTube-ում:

Մասնավորապես, ուսանողները հայտնեցին, որ այսօր ավարտվում է քննական լուծարքային շրջանը, որի ընթացքում, նրանց խոսքերով, կոռուպցիոն ռիսկերն «աճում են երկրաչափական պրոգրեսիայով»: Ուսանողները ընդգծեցին հատկապես բանավոր քննությունների ժամանակ դրսևորվող ԵՊՀ մի շարք դասախոսների կամայականությունների փաստը:

Երիտասարդները, որոնք, իրենց հավաստմամբ, «այդ կամայականությունների և դասախոսին կաշառք չտալու սկզբունքայնության պատճառով» հայտնվել են ԵՊՀ-ից հեռացման վտանգի տակ, նշեցին, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք ռեկտորատի նիստում պետք է որոշվի` կթույլատրվի՞ իրենց քննություններ հանձնելու ևս մեկ փորձ ունենալ, թե` ոչ (ուսանողության շրջանում այդ տարբերակը կոչվում է «ռեկտորի գիծ»): Նրանց պահանջն է արդար բանավոր քննությունների անցկացման ապահովումը` հանձնաժողովների ներկայությամբ:

«Չենք լռելու»-ի խորհրդի անդամների հորդորով ուսանողները որոշեցին հետաձգել YouTube-ի օգնությանը դիմելու մտադրությունը` սպասելով ռեկտորատի այսօրվա որոշմանը և քննությունների անցկացման որակի հարցում փոփոխություններին:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը կոչ է անում Երևանի պետական համալսարանի ղեկավարությանը ապահովել մարդկանց գիտելիքների արդար գնահատման իրավունքը` նրանց ևս մեկ շանս ընձեռելով: Բանավոր քննությունների ընթացքում դասախոսական կամայականությունները մեծ ստվեր են գցում Բոլոնյան ողջ գործընթացին Հայաստանի մասնակցության վրա:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հորդորում է կրթական համակարգում անարդարությունների բախված բոլոր անձանց դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով:

Միաժամանակ, «Չենք լռելու»-ն հայտնում է, որ ձմեռային քննաշրջանին ընթառաջ դիմելու է ՀՀ կրթության և գիտության նախարարին` բուհական քննություններին ներկա լինելու թույլտվություն ստանալու խնդրանքով:

Ուսանողների հետ հանդիպումից հետո առավել քան արդիական էին հնչում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի առաջին տողերը.

Անհրաժեշտ է օրենքի գերակայությամբ ապահովել մարդու իրավունքները, որպեսզի նա, որպես վերջին միջոց, հարկադրված չընդվզի անարդարության ու ճնշման դեմ...

Այս խորագրի վերջին նյութերը