Տնտեսական

11.12.2022 17:31


Հացի, տավարի մսի, պանրի, կարագի գներն աճել են

Հացի, տավարի մսի, պանրի, կարագի գներն աճել են

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. նոյեմբերը 2021թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 8.8%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 1.1%:

2022թ. հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.6% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.5% հավելաճ):

Վիճակագրական կոմիտեից հայտնում են, որ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.8-1.2%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է մայրաքաղաքում:

2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 11.1%, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.4% գնաճ: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.5-2.7%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Աշտարակ և Գավառ քաղաքներում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գների մակարդակն աճել է 2.4%-ով:

2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ բրնձի գինն աճել է 9.2%-ով, ալյուրինը՝ 9.9%-ով, հացինը՝ 15.8%-ով, մակարոնեղենինը՝ 28.1%-ով, հաճարինը՝ 13.3%-ով, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար՝ 0.6%, 0.5%, 0.1%, 0.5% և 0.8%-ով:

Դրան զուգընթաց, 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ձավարեղենի՝ 13.8%, հնդկացորենի՝ 14.1% գնաճ, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար՝ 2.6% և 3.9% գնանկում:

Տավարի մսի գինը 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ աճել է 23.5%-ով, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.2%-ով: Միաժամանակ, 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է խոզի մսի 0.2% գնանկում և թռչնամսի ու գառան մսի՝ 2.2%, 5.1% գնաճ, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ, համապատասխանաբար, 2.4%, 0.7% և 0.3% գնանկում: 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է թարմ կաթի՝ 11.1%, պանրի` 21.5%, խտացրած կաթի՝ 30.3%, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.5%, 1.8% և 1.0% գնաճ:

Կարագի, շոկոլադի և հրուշակեղենի գները 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ աճել են՝ համապատասխանաբար՝ 3.4%, 9.5%, 11.5%-ով, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.6%, 0.9%, 0.4%-ով: Ձվի գինը 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ նվազել է 11.1%-ով, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 18.6% գնաճ:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 0.1% գնաճ, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.6% գնանկում: 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 2.0%-ով, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.1%-ով:

Ի դեպ, այս պահին շուկայում, մասնավորապես, խոշոր սուպերմարկետներում «Հրազդան» հացը՝ տարբեր գրամների, արժե 220-370 դրամ, 300-450 գրամ «Մատնաքաշը»՝ 250-280 դրամ, Լոռիի «Իգիթ» պանրի 1կգ-ն՝ 2950 դրամ, «Չանախը»՝ 3240 դրամ: Մեկ լիտր կաթի գինը տատանվում է 500-580 դրամի սահմաններում:

«Նոր Զելանդական» 1 կգ կարագի գինը 4800-5400 դրամ է, շաքարավազի 1 կգ-ն արժե 430-510 դրամ: Ձվի գինը 50-80 դրամ է: Տավարի աղացած մսի գինը տատանվում է 3500-3950 դրամի սահմաններում:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը