Կարծիք

10.12.2022 09:36


«Զուռնա-դհոլի հնչուններիի տակ խլացած...» հոգով, ամանորյա պլպլիկ լույսերից կուրացած սրտով...

«Զուռնա-դհոլի հնչուններիի տակ խլացած...» հոգով, ամանորյա պլպլիկ լույսերից կուրացած սրտով...

Նիկոլ Փաշինյանի կինը իր ամուսնու «դասավորած» պատերազմի հետևանքով որդեկորույս դարձած ընտանիքում է հյուրընկալվել՝ նորածինների մկրտության առթիվ: Ամեն մեկի անձնական գործն է, թե ում կհրավիրի իր ընտանեկան կարևոր իրադարձությանը: Իսկ, այ, նրանց ընդունած «թանկագին հյուրը» խիստ կարևոր է համարել գրել. «...ներկաների անձայն հեկեկոցները խլացան զուռնա-դհոլի հնչյունների տակ»: Զարմանալի է, որ Աննա Հակոբյանը պատերազմում զոհված հայորդուն անվանել է հերոս, այլ ոչ թե՝ իրեն ու իր ամուսնու արտահայտություններին բնորոշ ցինիզմով նշել, որ նա «զոհվել է հանուն ոչնչի»:

Բայց Աննա Հակոբյանի դիտարկումը առ այն, թե ինչի տակ ինչերն են խլանում, իսկապես հետաքրքիր է: Հետաքրքիր և ուշադրություն գրավող է այն տեսանկյունից, նախևառաջ, որ թե՛ Հակոբյան Աննան, թե՛ հատկապես նրա ամուսինը, որ ոչ բարով՝ ՀՀ վարչապետի աթոռին է գամված ու սոսնձված, նախ՝ տասնամյակներ շարունակ արել են ամեն ինչ, որպեսզի պախարակեն 1990-94 թվականների ազատագրական պատերազմի առավել հայտնի մասնակիցներին ու հատկապես՝ նսեմացնեն հազարավոր զոհերի, ծանր կորուստների գնով այդ պատերազմում ունեցած հաղթանակներն ու ձեռքբերումները: Պախարակման այդ գիծը նրանք շռնդալից շարունակել են այն բանից հետո, երբ Նազարի և Ուստիանի հանգույն հայտնվել են «թագավորական պալատներում»: Դե, իսկ Հայաստանն ու Արցախը աղետի ենթարկելուց հետո Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը հենց միայն նրանով էլ զբաղված են, որ «զուռնա-դհոլի հնչյունների տակ խլացնեն» ամեն ինչ: Ու խլացնում են: Բավականին հաջող:

Մի օր կինը մի այնպիսի գրառում կանի, որից աղմուկ կբարձրանա սոցցանցերում ու այդ աղմուկի մեջ կխեղդվեն այս կամ այն իրապես կարևոր տեղեկություններն ու իրադարձության վերաբերյալ անձրադարձերը: Մյուս օրն ամուսինը տակուգլուխ մի բան կհայտարարի, օրինակ, թուրքերի դեմ կզելու թուղթ ստորագրելու պատրաստակամության մասին, հետո կվազի ինչ-որ փակ օբյեկտի սանհանգույց ու էնտեղից «լայվով» կասի, թե՝ «չէ, չէ, բան էլ չեմ ստորագրել...»: Ու այդպես շարունակ:

Հարցն այն է, որ «այդպես շարունակ»-ն արդեն հանգեցրել է այն բանին, որ «զուռնա-դհոլի հնչյունների տակ խլացած» հոգով հանրույթ է ձևավորվել, որին շատերն անգամ բիոզանգված են անվանում:

Այսինքն, մարդկային արտաքինով, հագուկապով անձանց մի բազմություն, որը բացարձակապես թքած ունի, օրինակ այն բանի վրա, որ Նիկոլ Փաշինյանը թշնամուն է նվիրել Արցախի մեծ մասը, որ Նիկոլ Փաշինյանը, բացի այն, որ Արցախի հայությանը այդպիսով դրել է ցեղասպանության իրական ու արդեն իսկ իրականացվող վտանգի տակ, նաև՝ թշնամական ելուզակությունների թիրախ է դարձրել Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքներ, բնակավայրեր, ճանապարհներ: Բայց դա ո՞ւմ է հետաքրքիր, չէ՞: Ո՞ւմ են հետաքրքիր հազարավոր զոհերը, ո՞ւմ են հետաքրքիր Հայաստանը կտոր-կտոր թուրքին տալը... Կարևորը՝ խոզի բուդը լինի, սալյուտը...

Կարևորը՝ հրապարակի տոնածառի լույսերն են: Ու՝ «զուռնա-դհոլի հնչյուններից խլացած» հոգով, հրապարակի ամանորյա լույսերից կուրացած սրտով սպառողների բազմույթը այսպես «տաշի-տուշի» անելով, հրճվալից և ուրախ գնում է... կործանվելու, մեռնելու, մորթվելու, կոտորվելու, ծայրահեղ դեպքում՝ թլպատվելու, թրքանալու, եթե հասցնեն՝ Հայաստանից, կներեք, ցվրվելու...

Ամուսինն էլ՝ Փաշինյան Նիկոլը, ասում է, թե բա գիտե՜ք՝ 21-րդ դարում քաղաքի կենտրոնում ագրարային համալսարան ունենալը նոնսենս է (չլսված-չտեսնված բան, էլի): Մինչդեռ իրական նոնսեսը ու ոչ թե միայն 21-րդ, այլև ցանկացած որևէ դարում Նիկոլի նմանին վարչապետ կարգելն է: Իրական նոնսենսը դավաճանությունն ու սրիկայությունները հանդուրժելն է: Ա՛յ թե որն է նոնսենսը, կրկնեմ՝ ցանկացած դարում ու ցանկացած ժողովրդի, հանրույթի, ազգի պարագայում:

Ի դեպ, մեկ-երկու բառ էլ Հանրապետության հրապարակի «լուսերի» մասին: Չգիտեմ, թե ո՛վ է դրանից հրճվում, բայց նախօրեին անցա այդ կողմերով: Ի՞նչ ասեմ, հարդարանքը շատ նման էր բախտի բերմամբ «ոչնչից ամեն ինչ» կամ, ասենք, օլիգարխ դարձած մեկի «բաղնիս-տվալետի» տեսարանի: Այն առումով, որ նման չտեսի սանհանգույցը, տո՛ ասենք, տան ամբողջ ներքին հարդարանքը, բառի բուն իմաստով՝ թաղված է ոսկեզօծ տարրերի ու պարագաների պլպլանքի մեջ: Հիմա սրանց ամանորյա «լուսերն» են: Ինչ գտել, վրայից տոնական լույս են կախել՝ ակամայից հիշեցնելով հանկարծակի շատ յուղ գտած բոշայի ու պատից կախ չտեսածը ճակտից կախելու մասին դիպուկ ասացվածքները:

Արմեն Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը