Կարծիք

10.12.2022 09:17


Արտաքին պարտքը մեծացավ․ պաշտոնյաների աշխատավարձը կմեծանա, պադավատը կթանկանա․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Արտաքին պարտքը մեծացավ․ պաշտոնյաների աշխատավարձը կմեծանա, պադավատը կթանկանա․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Կան, չէ՞, ընտանիքներ, որ, օրինակ, նպաստի հույսին են, հացը դժվարությամբ են ստեղծում, բայց ռեստորան են վարձկալում ու շատ ճոխ նշում ծնունդ, որ բոլորը տեսնեն՝ իրենք կարող են իրենց թույլ տալ ինչ ուզում են։ Կան, չէ՞, ընտանիքներ, որ հազիվ են ապրում, բայց օգտվում են վարկով ամանոր նշելու առաջարկից ու շատ ճոխ սեղան փռում, իրականում չունենալով էդ հնարավորությունը։ Զաթո՝ սաղ կպայթեն։ Բոլորիս շրջապատում էլ կան չէ՞, մարդիկ, որոնք վատ են ապրում, ծերը ծերին, բայց վարկով օրինակ ամենավերջին դուրս եկած Այֆոնն են առնում։ Դա մեր երկրի վիճակն է։ Ծայրահեղ աղքատությունը ավելացրած մեր երկրում այսօր որոշեցին արտաքին պարտքն ավելացնել 200 մլնով, 100 մլն դոլար և 100 մլն եվրո։ Գումարն ուղղում են բյուջեի դեֆիցիտը փակելուն և այլ ծախսերին։ Ի՞նչ ծախս․ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին ևս 5 ավտոմեքենա պետք է սպասարկի, 550 հազար դոլար էդտեղ, պլանավորել են դեռ լիքը գործուղումների ուղարկել ՔՊ-ականներին, էնքա՜ն երկիր կա, որ չեն տեսել, բայց գործուղումների փողը պրծել ա, պետք է նորից փող հատկացնել, որ Ալենը գնա Կատար՝ ֆուտբոլ նայելու կամ Բալի, Միկոնոս, Մարոկկո, Մոնակո և այլ ծովափնյա սիրուն վայրեր։ Ով գիտի, կարող է մի հատ էլ է Նիկոլն ուզում գնա Ամերիկա, իսկ նրա ամեն գնալու միայն ինքնաթիռի ծախսը գերազանցում է 230 հազար եվրոն։ Փող են, չէ՞, էդ սաղ։ Մենք ընկնում ենք պարտքերի տակ՝ իրենց կայֆերի համար։

Հայաստանի կառավարությունը վերջին 4 տարվա ընթացքում քա՞նի օրինակ կարող է բերել, որ վարկ է վերցրել, ու այդ վերցրած վարկի արդյունքում ստեղծվել է ավելացված արժեք կամ կայուն եկամուտ բերող աշխատատեղ, վարկը դարձել է փող բերող արդյունք, որով կարող են այլ վարկերը փակել։ Առավոտից իրիկուն խոսում են էն մասին, որ տնտեսությունը արդեն 15 տոկոս աճ է ունենալու, բայց արտաքին պարտք են վերցնում։ Էդ ո՞նցա լինում։

Նիկոլ Փաշինյանը վարկերի դեմ ամենաշատը խոսացած մարդն է, նախկինում քննադատում էր, մեղադրում էր, ասում էր այ թալանչիներ, հերիք ա էս խեղճ ժողովրդին գցեք տոկոսի տակ։ 2016թ․ սեպտեմբերի 10-ին Օպերայի բակում միտինգ էր անում, ասում էր՝ պետք է աուդիտ անենք, թե վարկերը որքանով են նորմալ ծախսել, մեղադրում էր, թե պետք է պարզենք միջազգային կազմակերպությունները փողը տալիս ու ծախսելիս Հայաստանի իշխանության հետ ինչ կոռուպցիա են արել․ նույն մարդը հիմա կրկնակի վարկ է վերցրել ու ամեն ինչ լա՞վ է։ Հարցում եմ ուղարկել կառավարություն, թե Նիկոլի դիրքորոշումը չի՞ փոխվել էդ կոռուպցիոն միջազգային կազմակերպությունների մասին, էդ ո՞նց եղավ, որ արդեն պուպուշ են։ Արդեն դրական կարծիք ունի․ ոնց որ կարծիքը փոխել է, ասենք, ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի, արագաչափերի, պարտադիր կուտակայինի և այլնի մասին։ Էս մարդը հաճա՞խ ա կարծիք փոխում, թե ուղղակի պախարակում էր ինչպես կարող էր։ 2016 թվականին ասում է՝ Հայաստանի պարտքը արդեն 5 մլրդ դոլար է, դա անընդունելի է, բայց իր օրոք 10 մլրդ դոլար է, էն դեպքում, երբ եկել էր իշխանության ու ասում էր՝ պետք է այլևս պարտք չվերցնենք։

Ամբողջ հարցն այն է, թե ինչ են լինում էդ փողերը․ ժողովուրդ, ձեզ չի՞ հետաքրքրում, թե ձեր անունով որ վարկ են վերցնում, ինչ են անում էդ փողերը։ Սիրելի թոշակառուներ, ուսուցիչներ, զինծառայողներ, եթե Նիկոլ Փաշինյանի կառավարության վերցրած պարտքը ուղղվեր ձեզ, քա՞նի թոշակառու էսօր կապրեր մարդավարի, քանի ուսուցիչ իրեն արժանապատիվ կզգար։ Ես ափսոսում եմ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակները սրանց կառավարածի հետ համեմատել, բայց ո՞նց հասկանանք, եթե չհամեմատենք։ Ռոբերտ Քոչարյանի օրոք արտաքին պարտքը ավելացել ա ընդամենը 500 մլն դոլարով, պատկերացնու՞մ եք՝ 10 տարվա մեջ, ու դրան զուգահեռ՝ ուսուցչի աշխատավարձն ավելացել ա 10 անգամ, թոշակն ավելացել է 10 անգամ, անգա՛մ, ոչ թէ, 3000 դրամով։ Նիկոլի ժամանակ պարտքն ավելացել է 4 մլրդ դոլարով, Քոչարյանի ժամանակների համեմատությամբ՝ 8 անգամ, 8 անգամ բարձրացե՞լ է ուսուցչի աշխատավարձը, բարձրացե՞լ է թոշակը։ Հիմա պետք է թոշակը անցներ 200 հազարը, զինծառայողի աշխատավարձը՝ 600 հազարը, ուսուցչի աշխատավարձը՝ 300 հազարը։ Եթե դա անեին ժողովրդի համար, չէին ասի եկեք ատեստացիայի, որ բարձր աշխատավարձ տանք ու համատարած կտրեին, որ վախենան չգնան ատեստացիայի։ Նպաստից չէին կտրի, որ թոշակ տային։ Տեղահանվածներին տուն կտային, աղետի գոտին վերջապես դոմիկներից կազատեին, զինվորը կստանար բատինկա, բահ ու քլունգ, եթե էդ փողերը ուղղվեր ժողովրդի, երկրի մատից փուշ հանելուն։ Չի արվել չէ՞, չի բարելավվել, չէ՞, ձեր կյանքը։ Բա էդ մեր հաշվին վերցրած փողերն ո՞ւր են գնում, ո՞ւմ կյանքն է բարելավվում։ Լավ, էդ էլ ասեմ՝ բազմապատիկ բարելավվել է մեր՝ ժողովրդի ծառաների՝ ՔՊ-ականների կյանքը։ Փաշինյան ընտանիքը քշում էր սովորական Նիսան քաշքայ, հիմա 550 հազար դոլար հատկացրել են, որ թազա ավտոներ բերեն, չնայած որ էս 4 տարում 2 մլն դոլարից ավելի հատկացրել էին իրենց սպասարկող ավտոմեքենաներին։ Նայեք՝ քանի անգամ է բարելավվել։ Ալենը կերազեր 200 հազար դոլար մոտիկից տեսներ, իսկ հիմա 200 հազարանոց ավտոն քշում ու խփում է աջ ու ձախ, էլ չասեմ, որ ուր ասես կանգնում է կարգը խախտելով, թե՝ տեսեք ինձ ինչ ասես կարամ թույլ տամ։ ՔՊ-ականների հայտարարգրերը նայեք, առած տները նայեք ու տեսեք, թե քանի անգամով է բարեփոխվել իրենց կյանքը։ Իսկ ձեր կյանքը, ժողովուրդ, որ դագաղներով ու պսակներով նախկիններին հանեցիք, վարդ ու կակաչով նորին բերեցիք, այ էդ նոր բերածները ձեր կյանքը որքանո՞վ են փոխել դեպի լավը։ Իրենց շարքերում տնտեսությունից քիչ թե շատ գլուխ հանողներից մեկը՝ հայտնի Պողոսի հարևանը, ասում է՝ բա որ վարկ չվերցնենք, թոշակ ո՞նց տանք։ Բայց Պողոսի հարևանը մի անգամ չտեսա կառավարության հարց ուպատասխանին, ֆինանսների նախարարին հարցներ, բա որ փող չունեք, էս ավտոպարկերը խի՞ ենք անդադար թարմացնում, ձեր կաբինետները, թազա լիֆտերը, բուֆետները, էս ի՞նչ ճոխ-ճոխ ծախսեր եք անում, հլը մի տարի ձեր չտեսությունը զսպեք, բալքի տակը փող էլ մնա, մի բան էլ էս ժողովրդին հասնի։

Քոչարյանի օրոք ընդամնեը 500 մլն դոլարով ավելացել է պարտքը, 2,5 մլրդով ավելացել է բյուջեն։ Նույն հաշվարկով, հիմա պետք է Հայաստանի բյուջեն դառած լիներ 30 մլրդ դոլար։ Ընդ որում, որ Քոչարյանը եկավ, կար քանդված երկիր, էներգետիկ ճգնաժամ, աշխատավարձերի ուշացում, քայքայված տնտեսություն, եկավ ու էդ ամենը կարգի բերեց․ Նիկոլը երբ եկավ, լրիվ հակառակը եղավ, նորմալ զարգացող երկիր էր, բայց շատ արագ պարտքն անցավ 10 մլրդ դոլարից, սկսեց երկիրը քանդվել, տնտեսության հերն անիծվեց, աղքատները շատացան, ստեղծվեց էներգետիկ ճգնաժամ, թե էն ժամանակ էլ ներգաղթ էր, դարձավ արտագաղթ։ Էդ ո՞նց է լինում, էդ ի՞նչ բանաձև է։ Եթե Տեր-Պետրոսյանից հետո Քոչարյան եկավ, երկիրը դզեց, բա ձեզնից հետո՞ ով պետք է գա, որ կարողանա սրա տակից դուրս գալ։ Էդ հիմա դուք եք իշխանության, շատ բան հայտնի չի, բա որ գնաք ինչե՜ր ենք իմանալու։

Հա, էս էլ ասեմ, 10 տարի եղել է նախագահ, արտաքին պարտքը ավելացել ա ընդամնեը 500 մլն դոլարով, ու Նիկոլն ասում էր՝ Քոչարյանը 4 միլիարդ թալանել ա։ Հիմա դու 4 տարում ավելացրել ես պարտքը 4 մլրդ դոլարով, տասը տարի որ մնաս՝ 10-ով․ հարց՝ քա՞նի միլիարդ դոլար է թալանել Նիկոլ Փաշինյանը՝ ըստ Նիկոլ Փաշինյանի․ էդ հաշվարկով՝ 32 մլրդ դոլար, դեռ հիմիկվա հաշվարկով է ստացվում։

Կարճ ասած՝ այս իշխանությունը նման է խաղամոլի, որն անընդհատ ձգտում է դեպի կազինո ու հետևանքն իրեն չի հետաքրքրվում՝ տուն կկրվի, ընտանիքը կմնա սոված, թե ինչ։ Ինչո՞ւ են էդքան պարտք վերցնում, որովհետև իրենք չեն տվողը։ Փաշինյանը հարցնում է՝ մեր պարտքը 7 միլիարդ դոլար է՞, ասում են չէ, 10 միլիարդ, ասում ՝ դե դա կարևոր չէ։ Այո, ձեզ կարևոր չէ, որովհետև վստահ եք որ դուք չեք փակելու։ Նույն կերպ կարևոր չէր, որ էդքան հող տվիր, քո՛ հողերը չես տվել, կարևոր չէր, որ էդքան մարդ զոհվեց, դո՛ւ չէիր զոհվում կամ քո ընտանիքի անդամը։ Էդ պարտքը, ժողովուրդ ջան, քո՛ ջանից է դուրս գալու, դուք եք տալու, ձեր երեխեքը, ձեր կյանքի գնով, տան գնով, առողջության գնով։ Քաշաթաղցիներին ինչի՞ չթողեցին բռնագաղթելիս տունն ավերել կամ բերձորցիներին՝ հետը գույք վերցնել, իսկ միգուցե դրանք մնացին Նիկոլի պարտքերի դիմա՞ց։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը